Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե մարզիկը մաքուր է, ոչ ոք նրան չի կարող որակազրկել»

Հունվար 28,2015 13:00

Խթանիչների (դոպինգի) դեմ պայքարը տարեցտարի խստանում է ամբողջ աշխարհում:
Վերջին շրջանում արդեն առաջարկվում է խթանիչ օգտագործած մարզիկներից ետ վերցնել ոչ միայն մեդալները, այլեւ բոլոր պարգեւները՝ ընդհուպ մինչեւ բնակարաններն ու ավտոմեքենաները:

«Առավոտը» զրուցել է Հայաստանի հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանի հետ:

– Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ կասեք դոպինգի դեմ պատժամիջոցների նման խստացման մասին:

– 2015 թվականից ուժի մեջ է մտել Համաշխարհային հակադոպինգային օրենսգիրքը, որն ընդունել են գրեթե բոլոր երկրները, նաեւ Հայաստանը: Նոր կանոնների 10.8 կետը նախատեսում է բոլոր տեսակի պարգեւների, այդ թվում՝ ֆինանսական, ավտոմեքենաների ու բնակարանների վերադարձ, ինչպես նաեւ զրոյացում: Այսինքն՝ որակազրկման պահից սկսած նրա բոլոր մեդալներն ու պարգեւները վերադարձվում են: Դա արդեն ընդունված օրենք է:

– Ավելի հասկանալի կձեւակերպե՞ք:

– Գոյություն ունեն պարտադիր եւ ոչ պարտադիր ժամանակավոր հեռացումներ: Քննարկենք երկու օրինակ: Ասենք, օլիմպիական խաղերում մարզիկը վազել է 100 եւ 200 մետր: Առաջինից հետո նա մաքուր է եղել, իսկ երկրորդից հետո հայտնաբերվում է արգելված նյութ: Այդ րոպեին նա ժամանակավոր հեռացվում է մրցումներից, եւ եթե ավելի ուշ ապացուցվեց նրա մեղքը, նա որակազրկվում է 200 մետր վազքից սկսած, իսկ 100 մետրը չեղյալ չի համարվի: Բայց կան նաեւ այլ դեպքեր, երբ որակազրկումը կատարվում է կենսաբանական անձնագրի տվյալների հիման վրա: Օրինակ՝ 2009 թվականից մարզիկից վերցված պարբերական նմուշառումները ցույց են տալիս, որ արյան որոշակի ցուցանիշները շատ են տարբերվում միջինից եւ պարբերաբար այդ զգալի փոփոխությունը դեպի այն կողմն է, որը թույլ է տալիս լավացնել արդյունքները: Դա հակադոպինգային կազմակերպությանը հետաքննություն սկսելու իրավունք է տալիս: Եվ երբ ապացուցվում է, որ այդ արդյունքները կապված են ինչ-որ նյութի ընդունման հետ, մարզիկը որակազրկվում է այն պահից, երբ նկատվել է այդ երեւույթը: Սակայն մարզիկն այդ դեպքում կարող է դիմել միջազգային սպորտային արբիտրաժային դատարան եւ փորձել ապացուցել, որ արյան մեջ փոփոխությունները կապված են բնական ինչ-որ փոփոխությունների հետ: Կա նաեւ պարտադիր որակազրկում, որը կիրառվում է այն դեպքում, երբ օրգանիզմում հայտնաբերվում են հատուկ կոչվող մի քանի նյութեր: Դրանք են ստերոիդները, խթանիչները, տարբեր հորմոնները, միզամուղները եւ այլն: Պարտադիր որակազրկման ժամանակ մարզիկին, ի տարբերություն նախորդ օրինակների, նույնիսկ դատարան դիմելու եւ արդարանալու, բողոքարկելու որեւէ գործողություն իրականացնելու իրավունք չի տրվում:

– ՌԴ Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Ֆետիսովն, օրինակ, առաջարկում է մարզիկների պարգեւատրումը կատարել 10 տարի հետո, քանի որ փորձանմուշները հենց այդքան ժամանակ են պահվում եւ ամեն վայրկյան կարող են կրկին ստուգվել:

– Չեմ կարծում, որ դա ճիշտ կլինի, քանի որ այդպես մենք մարզիկին կճնշենք: 10 տարի ժամկետը դրված է այն պատճառով, որ կան նյութեր, որոնք այսօր հայտնաբերելը դժվար է: Այսինքն՝ դրանք հայտնաբերվում են կարճ ժամկետում: Երեւի տեղյակ եք, որ 2013 թվականին աշխարհում որակազրկվել է 800 մարզիկ, քանի որ երկու անաբոլիկ ստերոիդներ կային, որոնք մինչեւ 2013 թվականի դեկտեմբերը հնարավոր էր հայտնաբերել մինչեւ 70 օրվա ընթացքում: Դրանից հետո նոր մեթոդիկա եկավ, որով դրանք հայտնաբերվում են 400 օրվա ընթացքում: Այսօր էլ կան այդպիսի նյութեր: Եվ եթե դրանց հայտնաբերման համար էլ նոր մեթոդներ գտնվեն, այդ ժամանակ նորից նմուշների քննություն կլինի, եւ մարզիկը հետին թվով կորակազրկվի: Բայց կարող է նաեւ նման բան չլինել, չէ՞: Դրա համար մարզիկին 10 տարի սպասել տալը ճիշտ չի լինի: Մի բան էլ կա: Եթե ընդունվում են ինչ-որ կանոններ, դրանք ընդունվում են բոլոր մարզաձեւերի համար: Մի բան է, ասենք, թեթեւ ատլետիկան, հատկապես՝ արագավազքը, որտեղ դոպինգը խնդիր է, այլ բան՝ բադմինտոնը, որի պատմության մեջ դոպինգի օգտագործման դեպք գրեթե չի արձանագրվել: Հիմա ինչ, բադմինտոնիստին է՞լ 10 տարի սպասեցնենք:

– Վերջին տարիներին Հայաստանում դոպինգի դեմ պայքարը շատ խիստ է, եւ փառք Աստծո, որակազրկումներ չկան:

– Ամեն բան սկսվեց նրանից, որ մեր հակադոպինգային կազմակերպությանը հաջողվեց միջազգային որակի արտոնագիր ստանալ եւ աշխատել միջազգային ամենաբարձր չափանիշներով: Հիմա մենք շատ մեծ կրթական ծրագիր ենք անցկացնում Հակադոպինգային համաշխարհային գործակալության, ինչպես նաեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ից ստացած դրամաշնորհներով: Մեր խիղճը, ինչպես ասում են, մի քիչ հանգիստ է, քանի որ նաեւ սեմինարներ ենք կազմակերպում եւ մարզիկներին, մարզիչներին, ֆեդերացիաների ղեկավարներին բացատրում վնասները, հնարավոր հետեւանքները, այդ թվում նաեւ մեր ազգային ֆեդերացիաների նկատմամբ կիրառվելիք ֆինանսական պատժամիջոցները: Միակ բանը, որ այսօր Հայաստանում չկա, այն է, որ հանրապետության առաջնությունների ժամանակ մենք դոպինգ ստուգումներ չենք անցկացնում: Բայց հույս ունենք, որ դա էլ կլինի: Դա հայաստանցի մարզիկների համար խթանիչների օգտագործումը կհասցնի գրեթե զրոյի: Այս հարցում հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը եւ ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանին, որոնք ամեն հարցում աջակցում են մեզ, ինչի արդյունքում իսկապես փոխվեց մոտեցումը դոպինգի հանդեպ:

– Վերջին անգամ մեր մարզիկը կամ մարզիկները ե՞րբ են խթանիչ օգտագործած լինելու մեջ բռնվել:

– Վերջին անգամ այդպիսի բան եղել է 2013 թվականի ամռանը: Դրանից հետո մեր մարզիկները, ինչպես տարբեր մրցումներում, այնպես էլ մեզ 250-ից ավելի փորձանմուշ են հանձնել, ու առայսօր ամեն բան նորմալ է: Հույս ունենք, որ այդպես էլ կշարունակվի հետագայում:

Նոր օրենքները կազմված են մաքուր մարզիկների համար: Մարզիկը պետք է հասկանա ու վստահ լինի, որ եթե ինքը մաքուր է, երբեք ոչ ոք իրեն չի որակազրկի: Նոր կանոններով դա բացառվում է: Ոչ մի տեղ, ոչ մի պարագայում փորձանմուշի մեջ ոչինչ ավելացնել հնարավոր չի: Պահանջները եւ պատասխանատվության աստիճանը շատ խիստ է նաեւ դոպինգ սպաների, ծառայությունների, լաբորատորիաների վրա: Ու նրանց համար նույնպես գործում են խստագույն օրենքներ:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031