Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վախեցողը չի՛ կարող ազգի մտավոր պոտենցիալի կրողը լինել

Հունվար 28,2015 12:30

Բոլորիս հայտնի է, որ այսօր Հայաստանը պարալիզացված է: Տեղի է ունեցել երկրի կյանքում մեծագույն ողբերգություն՝ գլխատվել է մի անմեղ հայ ընտանիք: Երեւույթի ճշմարիտ էությունը հայտնի չէ, չկան հստակ մեկնաբանություններ, պարզված չէ կատարվածի ճակատագրական սկզբնապատճառը: Տարաբնույթ կարծիքներ կան՝ ինչպես հանցագործի միայնակ գործելու հանգամանքի, այնպես էլ նրա նկատմամբ ռուսական կողմից դրսեւորվող վերաբերմունքի շուրջ: Այսուհանդերձ՝ ռուսական քարոզչության մեքենան իր կողմից տրված որակումներն այնպես է ձեւակերպում, որ հնարավոր լինի ռուսական քննչական մարմիններին թողնել գործի նախաքննությունը: Հայկական կողմը պարզապես մնալու է դիտորդի կարգավիճակում: Այսքանը այսօր նկատելի է բոլորիս:

Այս ֆոնի վրա տարօրինակ է Հայաստանի մտավորականության կողմից ցուցաբերվող քար լռությունը: Տպավորություն է, կարծես թե ոչինչ արտառոց չի կատարվել երկրում: Գնալով ակնհայտ է դառնում մի հանգամանք՝ հայ մտավորականի խայտառակ կերպարը. երկիրը ցնցած ողբերգության հանդեպ դրսեւորվող անտարբերությունը: Այսպիսի անտարբերություն էլի է եղել. պատմությունը մեզ հիշեցնում է Մեծ եղեռնի ժամանակները, երբ մտավորականների մի խումբ տարվում էր գլխատվելու, մեկ այլ թեւ լռելյայն հետեւում էր, թե ինչ ճակատագիր էին ունենալու իրենց գրչեղբայրները:

Ինչո՞ւ են լռում գրականության, արվեստի եւ գիտության ներկայացուցիչները: Ինչի՞ց են վախենում, արդյոք վախեցողը կարո՞ղ է ազգի մտավոր պոտենցիալի կրողը լինել: Պարզից էլ պարզ է, որ վերջիններս սպասում են երկրի ղեկավարության ձայնին՝ մինչդեռ վերջինս անհամարձակ է Ռուսաստանի վերաբերյալ բողոքի որեւէ նոտա հնչեցնելու: Եվ մեր իշխանությունների հստակ հայտարարությամբ հանդես գալու անկարողությունն է բերում մեր, այսպես կոչված, մտավորականության լռությանը:

Մտավորականը իր ժամանակի վկան է, իր ժողովրդի խղճի ձայնը, նրա ծանրակշիռ բարոյական արժեքների կրողն է: Ցավոք սրտի, այս տեսակ մտավորականի պակաս է զգացվում: Թվում է, թե այդ տեսակը իսպառ վերացել է: Չմոռանանք ասել, որ անառաջնորդ երկրում մտավորականը չի կարող համարձակ լինել, ապրել ազատամիտ մարդու կեցվածքով: Իսկ երկրի տերը պետք է իր մեջ կրի տիրոջ բարոյական արժեքն ու իրավունքը:

Այսու պետք է հասկանալ այն պատմական ճշմարտությունը, որ երկիրը կառավարելու իրավունք ունեն տվյալ երկրի ժողովրդի օրինավոր զավակ համարվողները: Խառնածին մարդը քաղաքական ընկեցիկ է, քանզի ունի ծննդավայր, բայց ո՛չ հայրենիք, օթեւան, բայց ո՛չ ընտանեկան հարկ, կրոն, բայց ո՛չ ավանդական եւ ուղղափառ: Նա երկկենցաղ է, երկդիմի, երկատված, ուստի չի կարող հավատարիմ լինել երկրին եւ նրանում գործող օրենքներին:

Մտավոր արժեքների կրողները մեզանում մշտապես եղել են հոգեւորականները: Այս առումով այսօր մեր եկեղեցին սնանկ է: Խիստ անպատշաճ է Հայ առաքելական եկեղեցու պահվածքը. եկեղեցու զորագլուխ Գարեգին Բ հայրապետը որեւէ տրամաբանական ելույթ չունեցավ: Ամենայն հայոց կաթողիկոսը նույնիսկ չնզովեց մարդասպանին, երբ ալեկոծվում էր ազգի ցասումն ու վիշտը: Նման կաթողիկոս ունենալը վայել չէ այն եկեղեցուն, որը տվել է Մաղաքիա Օրմանյանի նման դիվանագետ, Թորգոմ Գուշակյանի նման աստվածընկալ հոգի եւ Եղիշե Դուրյանի նման հրաշախոս լեզու ունեցող հոգեւորականներ: Եկեղեցին կոչված է Աստծո փառքը տարածելու երկրի վրա եւ արդարության պահանջ ներկայացնելու պետությանը: Ես որպես մտավորական եւ հայ մարդ ամաչում եմ մեր եկեղեցու առաջնորդի կեցվածքի համար:

Սրանք հարցեր են, որոնց մասին պետք է խորհի այսօրվա մտավորականը եւ հետեւություններ անի կատարվածից: Յուրաքանչյուր մտավորական պարտավոր է մտահոգվել իր երկրի ապագայի մասին, հակառակ դեպքում նա նույնպես կվերածվի խամաճիկի եւ կհպատակվի ասպատակողի օրենքներին: Այս է խնդիրը:

ՄԵՐՈՒԺԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Մերուժ ջան, բարեկամս, չէի ուզենա, որ բոլորին նույն գնահատականը տաս և նույն գույնով ներկես: Մշտապես լռողը լռում է, խոսողը՝ խոսում: Եթե ուշադիր հետևես, ապա կտեսնես, ակտիվ դիրքորոշումներ ունեցողներ կան…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031