Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես փոխել համաշխարհային լիդերներին

Հունվար 28,2015 12:00

21-րդ դարում անհրաժեշտ են նոր տիպի քաղաքական գործիչներ

Սկզբի համար մեջբերումներ անենք համաշխարհային երկու լիդերների վերջին ելույթներից:

Բարաք Օբամա, ուղերձ Կոնգրեսին, 20 հունվարի. «Ես հավատում եմ ամերիկյան առաջատար դերի ավելի խելամիտ բնույթին: Մենք ավելի լավ ենք տանում այդ դերը, երբ զուգակցում ենք ռազմական միջոցները ուժեղ դիվանագիտության հետ… Մենք թույլ չենք տալիս, որ մեր վախերը մեզ այնքան կուրացնեն, որ չտեսնենք այն հնարավորությունները, որոնք ներկայացնում է նոր դարը… Սիրիայում եւ Իրաքում ամերիկյան առաջատարությունը՝ ներառյալ ռազմական ներուժը, կանգնեցրել է ISIL-ի («Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետության») առաջխաղացումը: Միջին Արեւելքում ցամաքային գործողության մեջ մխրճվելու փոխարեն՝ մենք ղեկավարում ենք լայն կոալիցիա, որի մեջ մտնում են արաբական երկրները, որպեսզի թուլացնենք եւ ի վերջո վերացնենք այդ ահաբեկչական խմբավորումը»,- ասել է Օբաման՝ հիմնավորելով, որ իր երկիրը կարող է ավիահարվածներ հասցնել որտեղ ուզի եւ երբ ուզի՝ առանց որեւէ դրական արդյունք երաշխավորելու»:

Վլադիմիր Պուտին, ելույթ անվտանգության խորհրդի նիստում, 23 հունվարի. «Ուկրաինական իշխանությունների կողմից կիրառվում են ե՛ւ հրետանի, ե՛ւ համազարկային կրակի համակարգեր, ընդ որում՝ առանց խտրականության եւ ուղիղ խիտ բնակեցված շրջանների դեմ… Պատասխանատու են նրանք, ովքեր տալիս են հանցավոր հրամաններ: Այն մարդիկ, որոնք դա անում են, պետք է իմանան, որ նման կոնֆլիկտների լուծման այլ ձեւ չկա, քան խաղաղ բանակցությունները եւ քաղաքական բնույթի միջոցները»,- ասել է Պուտինը՝ հիմնավորելով իր հովանավորյալ «դոնեցկյան» զորքի հարձակումը Մարիուպոլի վրա:

Քաղաքական-դիվանագիտական լեզվից թարգմանած՝ այս երկու մեջբերումները նշանակում են. «Մենք շարունակելու ենք պատերազմ վարել «մեզ վստահված» տարածքներում՝ հաշվի չառնելով ոչ մեր երկրների ազգային շահերը, ոչ էլ այդ տարածքներում բնակվող ժողովուրդների ապրելու իրավունքը: Վարելով եւ հրահրելով պատերազմներ աշխարհի տարբեր երկրներում՝ մենք ի վերջո կռվում ենք իրար դեմ՝ ապացուցելու համար, թե ով է ավելի ուժեղ ու առաջատար»: Ի տարբերություն որոշ մեկնաբանների՝ ես չեմ կարծում՝ այս մարդիկ խելագար են, ինձ թվում է, որ նրանք պարզապես չեն կարող չկատարել իրենցից վեր կանգնած ուժերի կամքը: Ավելի շուտ, ես կարծում եմ, որ այդ ուժերն են խելագար, որովհետեւ աշխարհում հրդեհներ հրահրելու իրենց միակ շահագրգռվածությունը փողն է: (Մի երկու կոպեկ էլ, իհարկե, «համաշխարհային լիդերներին» է հասնում):

Ինչո՞ւմն է այս եւ ընդհանրապես պատերազմների վտանգավորությունը՝ դրանք սարսափելի հետք են թողնում ժողովուրդների հիշողության մեջ: Պատկերացրեք, ռուսամետ ապստամբները Դոնեցկում զինաթափվեցին, տարածքներն անցան Կիեւի լիակատար վերահսկողության տակ: Ինչպե՞ս է այնտեղ ապրելու ռուսալեզու բնակչությունը: Եթե նույնիսկ ճնշումներ չլինեն, արդյոք նրանք չե՞ն տառապելու վախի եւ անվստահության մթնոլորտում: Ենթադրենք, Իրաքում եւ Սիրիայում պատերազմն ավարտվեց, ինչպե՞ս են իրար հետ ապրելու քրդերը, եզդիները, ալեւիները, քրիստոնյաները, շիաները, սունիները: Հանուն նավթի, ոսկու կամ այլ օգտակար հանածոների՝ մարդկանց այնպիսի վերք է հասցվում, որ պահանջվելու է մի քանի սերունդ՝ դրանք ամոքելու համար:

Ինձ թվում է՝ 21-րդ դարում կա նոր տիպի համաշխարհային եւ ոչ համաշխարհային լիդերների, ընդհանրապես քաղաքական գործիչների պահանջարկ: Նրանք պետք է բարձր հոգեւոր արժեքների կրողներ լինեն: Գիտեմ, որ ժպտում եք այդ միտքը կարդալիս, բայց նման գործիչներ արդեն եղել են 20-րդ դարում՝ Գանդի, Հավել, Մանդելա, Սախարով: Միայն այդպիսի ներքին ուժ ունեցող մարդիկ կարող են դիմակայել զուտ փողի կատեգորիաներով մտածող իրական խելագարներին: Ի՞նչը կարող է ստիպել այդ մեծուփոքր լիդերներին փոխվել կամ իրենց տեղը զիջել այլ մտածելակերպ ունեցող գործիչներին: Բնականաբար, իրենց ժողովուրդների ճնշումը: Բայց առայժմ դրա նախանշանները չեն երեւում՝ այդ ժողովուրդների մեծ մասի ուղեղները լվացած են կեղծ գաղափարներով:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Պարոն Աբրահամյան, եթե կարելի է կոնկրետ ասեք՝ ինչպես եք պատկերացնում Դոնբասի հարցի լուծումը ԱՅՍՕՐ՝ տվյալ իրավիճակում և Կիևյան ներկայիս իշխանությունների օրոք: Եվ ինչ կանեիք Դուք այս իրավիճակում՝ լինելով Պուտինի փոխարեն: Ենթադրենք Դուք հենց այն մարդն եք, ումով պետք է փոխարինել Վլադիմիր Պուտինին….
    Կոնկրետ հարցադրում է կարծում եմ, որին կարելի է տալ կոնկրետ պատասխան, առանց այն համեմելու վերացական և հերթապահ դիպլոմատիկ արտահայտություններով:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Կոնկրետ ես եթե Պուտինի տեղը լինեի, մի տարի առաջ չէի մխրճվի այդ պատերազմի մեջ: Կթողեի, որ Ուկրաինայի քաղաքացիները իրենք որոշեն իրենց ճակատագիրը՝ Եվրոպա են ուզում, թե ինչ են ուզում: Այսօր շատ բարդ է որեւէ խորհուրդ տալը՝ հաշվի առնելով երկու կողմերի թույլ տրված գազանությունները:

      • Հրանտ Պապիկյան says:

        Ուղղակի ՛՛Եվրոպա ուզողները՛՛ մի գեղեցիկ օր սկսեցին այրել ու կոտորել ՛՛թե ինչ ուզողներին՛՛, իսկ վերջիններս պատկերացրեք՝ հենց այն ազգի ներկայացուցիչներն էին, որի շահերի, ու էլ չեմ ասում կյանքի երաշխավորը պարտավոր է լինել Պուտինը… Նրա համար Դոնբասի ռուսները նույնն են, ինչպես մեր համար Ջավախքի, Արցախի և Քեսաբի հայերը…
        Չէ,.. Կարծում եմ սխալ կլիներ Պուտինին Ձեզնով փոխելը…

        • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

          Ոչ, Ուկրաինայում ռուսներին եղեռն չէր սպառնում եւ չի սպառնում, հարգելի Հրանտ: Բայց թույլ տվեք բանավեճը չշարունակել՝ միեւնույն է, իրար չենք համոզի:

          • Հրանտ Պապիկյան says:

            Իհարկե չի սպառնում… այլ հենց հիմա կատարվում է: Իհարկե չշարունակենք…

  2. Աբո says:

    Եվրոպա ուզելով, Եվրոպացի չեն դառմում և Եվրոպական աշխատավարձ չեն ստանում,դրա համար ուզելը քիչ է:ՈՒկրաինացիները դարձան խաղալիք Եվրոպայի և ԱՄՆ-ի ձեռքին:Նրանք մի նպատակ ունեն,որքան հնարավոր է՝ մոտ տեղակայել իրենց հրթիռները Ռուսաստանի սահմանին և Ղրիմում տեղակայել ՆԱՏՕ-ի նավատորմը (նախորոք այնտեղից վռնդելով ռուսներին):
    Խելքի պետք է գան ժողովուրդները,ղեկավարները երբեք խելքի չեն գա,նրանք ունեն իրենց շահերը,և այդ շահերին հասնելու համար պատրաստ են ամեն ինչի:Չպետք է լսել և հավատալ,որովհետև նրանք միշտ ստում եմ:

  3. Ջիվան Նադարյան says:

    Ինձ թվում է՝ 21-րդ դարում կա նոր տիպի համաշխարհային եւ ոչ համաշխարհային լիդերների, ընդհանրապես քաղաքական գործիչների պահանջարկ: Նրանք պետք է բարձր հոգեւոր արժեքների կրողներ լինեն: Գիտեմ, որ ժպտում եք այդ միտքը կարդալիս… : Իհարկե ժպտում եմ պարոն Աբրահամյան, բայց հավատացեք դրական առումով: Ժպտում եմ, որովհետև ես այդ հարցում Ձեր նման եմ մտածում և գիտեմ, որ մեծամասնությունը մեր մտածողությունը ծիծաղելի միամտություն է համարում: Կարծում եմ գրեթե բելոր ժամանակներում էլ ճշմարտությունը գրկաբաց չի ընդունվել:

  4. Ջիվան Նադարյան says:

    Ի տարբերություն որոշ մեկնաբանների՝ ես չեմ կարծում՝ այս մարդիկ խելագար են, ինձ թվում է, որ նրանք պարզապես չեն կարող չկատարել իրենցից վեր կանգնած ուժերի կամքը:
    Հարց. Պարոն Աբրահամյան խնդրում եմ պատասխանել թե ինչ ուժերի մասին է խոսքը, որոնք են այդ հայտնի կամ անհայտ ուժերը և միթե Օբաման կամ Պուտինը ի զորու չեն դիմագրավելու այդ ուժերին: Միգուցե վերջիներս ձեր նշած ուժերի համախոհներն են և ավելի շատ ոչ թե չեն կարող չկատարել նրանց կամքը այլ չեն ցանկանում կամ իրենց ձեռք չի տալիս, հակառակվել այդ ուժերի կամքին:

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Փողը, համաշխարհային բանկային համակարգը

      • Գալուստ says:

        Հարգելի Արամ, կուզեի ավելացնել իհարկե պակաս դեր չի խաղում նաեվ տարբեր երկրների սոցիալ տնտեսական, քաղաքական… կառուցվածքը…եվ մի շարք այլպարագաներ, որոնք պատճառ են դառնում սուր հակասությունների…
        օրինակ, եթե «արեվմուտքի» մի շարք երկրներ բարձր զարգացած կապիտալիզմի փուլում են, ապա մուսուլմանական արաբական շատ երկրներ դեռ միջնադարյան ավատատիրական զարգացման…: Իմ կարծիքով ԽՍՀՄ ն էլ չնայած «բարձր զարգացած սոցիալիզմի» եվս ավատատիրական մի երկիր էր…: Ի դեմս «ուղղահայաց» իշխանական ձեվի, այսօրվա Ռուսաստանը,Հայաստանը…Ղազախստանը…միեվնույն ավատատիրական երկրներն են …:Իրական սոցիալիզմի սաղմերը կարող եք տեսնել Սկանդինավյան երկրներում…
        Եվ քանի որ «լիդերները» իրենց երկրների շահերն են ներկայացնում, այստեղից էլ բախումը…

  5. Михаил says:

    Господин Абраамян, сегодня первые руководителы стран не решают общечеловеческые проблемы, они игрокы второго и ниже ПЛАНА.
    До тех пор, пока продолжаеться ( более 2500лет) противостояние мирового сообщества, с
    одной стороны и Еврейского народа с другой не ждите покоя. Евреи, как и другые народы, хотять жить на своей СВЕТОЙ ЗЕМЛЕ, подарено БОГОМ. Мировое сообщество делаеть вид, что такого вопроса не существует. И это противостояные до такой степены обострилось. что стал реальпой угозой для всего ЧЕЛОВЕЧЕСТВА.

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031