Ապրիլի 18-ին Ծաղկաձորում մեկնարկելու է շախմատի աշխարհի տղամարդկանց թիմային առաջնությունը, որին նախատեսվում է 10 ազգային հավաքականների մասնակցություն: Նրանց մեջ է նաեւ Եվրոպայի 2013 թվականի չեմպիոն Ադրբեջանը:
Սակայն aqzerisport-ը տեղեկացնում է, որ հարեւան երկիրը հրաժարվել է այդ օրերին Հայաստան ժամանել: Պատճառները դժվար չէ գուշակել: Նախ, պարզից էլ պարզ է, որ Ադրբեջանն ամեն գնով խուսափելու է Ցեղասպանության 100-ամյակի օրերին Հայաստանում որեւէ ներկայացուցիչ ունենալ, թեեւ Հայաստանի շախմատային ֆեդերացիան աշխարհի առաջնության մասնակիցների համար մրցակցային հանգիստ պայմաններ ապահովելու նպատակով է որոշել աշխարհի առաջնությունն անցկացնել ոչ թե Երեւանում, այլ՝ Ծաղկաձորում: Երկրորդ, ադրբեջանցիները խիստ կասկածում են, որ ի վիճակի են շատ թե քիչ հաջողված արդյունք արձանագրել: Այդ երկրի ընտրանին աշխարհի առաջնություններին մասնակցել է երեք անգամ եւ ոչ մի անգամ մրցանակային տեղ չի զբաղեցրել:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ artleo.com-ի