Հունվարի 27-ը հրեաների ցեղասպանության՝ Հոլոքոստի շուրջ 6 մլն զոհերի հիշատակի միջազգային օրն է: Սա նաև այն օրն է, երբ հիշվում են Հոլոքոստը վերապրածները: Հենց այս նպատակով այսօր Երևանում տասնյակ մարդիկ մոմավառություն էին կազմակերպել հայ և հրեա ժողովուրդների ցեղասպանության զոհերի հիշատակին կանգնեցված «Ապրել և չմոռանալ» գրառմամբ հուշաքարի մոտ ու ծաղիկներ խոնարհել:
«Այս օրը՝ Օսվենցիմի ազատագրման օրը, շատ կարևոր է ողջ աշխարհի համար, քանի որ այդ պատերազմին մասնակցում էր ողջ աշխարհը: Ճամբարն ազատագրեցին խորհրդային զորքերը՝ բոլոր ազգությունների ներկայացուցիչներով»,- ասում է Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյանը:
Հրեական ցեղասպանության կողքին աշխարհը հիշում է նաև Հայոց ցեղասպանությունը: Բայց հիշողների ու չճանաչողների շարքում է և Իսրայելը՝ ցեղասպանություն ապրած ու նույն ողբերգության միջով անցած հրեաների պետությունը: Ինչո՞ւ:
«Դուք շարունակ նույն հարցն եք տալիս, որը նույն պատասխանն ունի. սա քաղաքականություն է, սա տնտեսություն է, սա Իսրայելի քաղաքացիների անվտանգության հարցն է: Հավատացեք՝ ամեն հրեա առանձին-առանձին ընդունում և ճանաչում է եղածը որպես ցեղասպանություն»,- ասում է Հայաստանի հրեական համայնքի ղեկավարը:
Կարդացեք նաև
Հարցին՝ կարելի՞ է արդյոք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ ակնկալել, որ Իսրայելի Քնեսեթում քննարկման կդրվի Հայոց ցեղասպանությանն առնչվող բանաձև, Ռ. Վարժապետյանը հիշեցրեց, որ Քնեսեթում առաջիկայում ընտրություններ են, խորհրդարանական նոր կազմի ձևավորումից հետո իրենք նորից կդիմեն այդ խնդրանքով: «Միայն թե խնդրում եմ, հայերի ու հրեաների անունները պետք չէ շոշափել ազգատյացության, ատելության համատեքստում և երկու ազգերի հարաբերությունները սադրանքի ենթարկել»,- հորդորեց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ