ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանագծին վերջերս լարվածության աճի առնչությամբ, ասված ԵԱՀԿ պաշտոնական կայքում:
«Կողմերին հորդորում եմ ապահովել լիարժեք հրադադարի ռեժիմը և ռազմական գործողությունների դադարեցումը, որոնք սահմանված են 1994թ. մայիսին ձեռք բերված համաձայնագրով», – ասել է Դաչիչը, – «Ցավում եմ տեղի ունեցած բռնությունների աճի համար, որոնց արդյունքում մարդիկ են զոհվել, և կողմերին կոչ եմ անում պատասխանատվություն ստանձնել ու խուսափել քայլերից, որոնք կարող են հետագա սրացմանը հանգեցնել»:
Դաչիչը նշել է, որ ոչ միայն նախագահների, այլև այլ մակարդակներում է անհրաժեշտ ուղիղ կապ պահպանել, որն առաջընթացի առանցքային բաղադրիչն է: Նա ընդգծել է, որ 2014թ. Սոչիի, Նյուպորտի և Փարիզի նախագահների միջև հանդիպումները «ճիշտ ուղղությամբ կատարված դրական քայլեր էին»:
«ԵԱՀԿ-ը շարունակում է դյուրացնել ուղղակի շփումները, սակայն միայն կողմերն են, որ կարող են և պարտավոր են վերևից մինչև ներքևի օղակներ հրադադարը պահպանելու հրամաններ տալ», – ասել է նա՝ վերահաստատելով իր աջակցությունը՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկին, որը «կողմերին օգնում է վստահության ամրապնդման միջոցառումներ մշակել և իրականացնել»:
Կարդացեք նաև
«Ես նաև մեծապես աջակցում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համատեղ ջանքերին, հատկապես այն ջանքերը, որոնք նպատակ ունեն ամրապնդելու հրադադարի ռեժիմը և բանակցությունների համար ընդհանուր հիմք ստեղծել: Ես կողմերին կոչ եմ անում լիովին օգտվել ԵԱՀԿ գործիքներից և խաղաղության և հակամարտության երկարատև կարգավորման համար նշմարելի քայլեր ձեռնարկել», – հայտնել է Դաչիչը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը իր լիակատար աջակցությունն է հայտնել գործող նախագահի այս հայտարարության հանդեպ ու կողմերին կոչ արել կրկին ներգրավվել ԵԱՀԿ Մինսկի խմբի գլխավորած քաղաքական գործընթացին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ