Լրահոս
Օրվա լրահոսը

Ղարաբաղի մասին զեկույցի նախապատրաստական աշխատանքներ՝ ԵԽԽՎ-ում

Հունվար 27,2015 19:46

«Ադրբեջանցի մեր գործընկերները պարզապես անհրաժեշտություն ունեին իրենց ներքին հանրային կարծիքի մոտ ցույց տալ, որ ինչ-որ գործողություններ են անում: Բայց այդ հարցադրումը ԵԽԽՎ գործընթացների իմաստով կարող է ձգել մինչև հարց տալու, ելույթի մեջ արծարծվելու, բայց սրանից ավելի լուրջ անդրադարձերի, նկատի ունեմ զեկույցի կամ նոր նախաձեռնության համար այլ բնույթի հարցադրումներ են անհրաժեշտ»,-Aravot.am-ի հարցին՝ արդյոք մտավախություն չկա՞, որ ԵԽԽՎ-ում ադրբեջանցի պատվիրակները կշարունակեն զարգացնել ադրբեջանցի դիվերսանտների հարցը, մանավանդ, որ երեկ այդ թեմայով հարց են հնչեցրել, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը:

Նշենք, որ երեկ Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսի ելույթից հետո այս թեմայով նրան հարց հղեց ԵԽԽՎ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարը, սակայն ԱԳ նախարարը բավականին սառը պատասխան տվեց: Այս առիթով տիկին Նաղդալյանն ասաց. «Բելգիայի ԱԳ նախարարն էլ այնպես պատասխանեց, որից հասկանալի էր, որ այդտեղ թեմա չկա: Մեր պատկերացումն այն էր, որ իհարկե, ԵԽԽՎ-ում մանավանդ, երբ հրավիրված են բարձրաստիճան հյուրեր, նախարարների կոմիտեի ներկայացուցիչներ կամ նախագահող երկրների պաշտոնյաներ, պատվիրակներն իրավունք ունեն հարցով դիմելու: Բայց պատասխանից էլ երևաց, որ այդ հարցը չի մտնում այն տեսակի հնչեղություն և նշանակություն ունեցողների մեջ, որով պետք է պարտադրված ու պարտավորված լինեին հստակ պատասխան տալ»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ փուլում է Ղարաբաղի վերաբերյալ զեկույցի պատրաստումը, քանի որ նախորդ նստաշրջանին նման որոշում կայացվեց:  Տիկին Նաղդալյանը տեղեկացրեց. «Այժմ զեկուցողը՝ Ռոբերտ Վոլտերը սկսել է նախապատրաստական աշխատանքները: ԵԽ կարգերին համապատասխան՝ զեկուցողի նախապատրաստությունը կարող է տևել մինչև երկու տարի, եթե դրանից հետո ԵԽԽՎ-ն այլ որոշում չի կայացնում դրա շուրջ: Այս օրերին պարոն Վոլտերը պատրաստում է իր տեսլականը, թե ինքը ինչ կարգի խնդիրների ու հարցերի պիտի անդրադառնա, ինչ գործողություններ պիտի կատարի: Եվ այս շաբաթվա ընթացքում քաղաքական հանձնաժողովի հերթական նիստերից մեկում նա կներկայացնի իր տեսլականը, որ ստանա հանձնաժողովի կողմից հաստատում տարածաշրջան կատարվելիք այցերի և ծրագիրն իրականացնելու համար»: Մեր հարցին՝ հայկական պատվիրակությունը համագործակցո՞ւմ է զեկուցողի հետ, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Մենք դեռևս հոկտեմբերին այդ թեմայի շուրջ հրապարակել ենք մեր քաղաքական դիրքորոշումը: Այն է, որ չենք համարում, որ այս զեկույցը կարող է ունենալ հավասարակշռված և անաչառ ընթացք, և համարում ենք, որ նման զեկույցը հղի է Մինսկի խմբի շրջանակներում  բանակցային գործընթացները վտանգելու հեռանկարով: Դրանից ելնելով՝ հայկական պատվիրակությունը զեկուցողի հետ չհամագործակցելու որոշում է կայացրել: Մենք նաև զեկուցողին տեղեկացրել ենք մեր զրույցի ժամանակ, որ այդ զեկույցի հետ կապված բոլոր խնդիրները պիտի քննարկվեն ԼՂ իշխանությունների հետ»:

Հերմինե Նաղդալյանը մեզ հետ զրույցում նաև տեղեկացրեց, որ թեև ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգով ՀՀ-ին վերաբերող խնդիր նախատեսված չէ, բայց մեր պատվիրակության անդամներն ակտիվ աշխատում են հանձնաժողովներում:Այնուհետև եզրափակեց. «Վեհաժողովի աշխատանքները ոչ միայն լիագումար նիստն է, այլ այդ աշխատանքների արտահայտությունը: Բայց քաղաքական խմբերում բազում քննարկումներ են ընթանում, որոնց ակտիվ մասնակցում են մեր պատվիրակության անդամները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031