Հունվարի 25-ին Փարիզի Կառավարման բարձրագույն դպրոցում (ESG) տեղի է ունեցել «Լուսանկարներ և զանգվածային ոճրագործություններ» խորագրով կոնֆերանս-ցուցահանդես:
Միջոցառմանը ներկա փորձագետները խոսել են զանգվածային ոճրագործությունների մասին` շեշտը դնելով դրանց վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում լուսանկարների և ֆիլմերի դերի ու ազդեցության վրա:
Միջոցառմանը ելույթով հանդես է եկել Վան միության նախագահ Սեդա Փափազյանը` «Լուսանկարների օգտագործումը Ֆրանսիայում Ադրբեջանի կողմից՝ քարոզչության նպատակով» թեմայով:
Սեդա Փափազյանն որպես օրինակ ներկայացրել է Խոջալուի դեպքերի մասին ադրբեջանական տարբեր աղբյուրների իրարամերժ փաստերը` ցուցադրելով այն լուսանկարները, որոնք ամենևին չվերաբերելով Խոջալուի դեպքերին` ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից ներկայացվում են որպես այդպիսին` դրանցում հայկական զինվորականների մասնակցությունը «ապացուցելու» համար:
Միջոցառմանը ներկա են եղել Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ակադեմիական և քաղաքական շրջանակների ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, լրագրողներ, ուսանողներ:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ