Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժառանգությունը» հայտարարում է. զինվորի մահը ծանր կորուստ է

Հունվար 27,2015 18:21

Բանակի օրվա կապակցությամբ պատիվ ունենք շնորհավորելու Զինված ուժերի սպայակազմին եւ ողջ զինվորականությանը՝ մաղթելով քաջառողջություն, խաղաղ ծառայություն եւ բազկի զորություն: Միեւնույն ժամանակ անհրաժեշտ ենք համարում արձանագրել մեր մտահոգությունները եւ պատրաստվել ազգովի հաղթահարելու նետված բոլոր մարտահրավերները:

Վերջին շրջանում եւ, հատկապես, այս տարվա առաջին օրերին ԼՂՀ պետական սահմանի ողջ երկայնքով, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական սահմանում սանձարձակ հակառակորդը սաստկացրել է հայ զինվորների կյանք արժեցող միջադեպերը, ինչն արդարացի վրդովմունք ու անհանգստություն է առաջ բերել հասարակության շրջանում: Սահմանային դեպքերի նկատմամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների ընդհանրական ձեւակերպումները, իսկ որոշ դեպքում՝ ուղղակի անգործությունը, էլ ավելի են մեծացնում առկա լարվածությունն ու մարդկային կորուստների վտանգը:

Զինվորի սպանությունը խիստ դատապարտելի երեւույթ է: «Ժառանգություն» կուսակցությունն անընդունելի է համարում հակամարտության կարգավորման առաքելություն ստանձնած երեք երկրների պատասխանատուների ամորֆ, իրավիճակը համահարթեցնող դիրքորոշումը եւ անհամարժեք արձագանքը ադրբեջանական կողմի սանձարձակ գործողությունների նկատմամբ: Այդպես թշնամին, որպես կանոն, ավելի է լկտիանում՝ ազատ զգալով իր հանցավոր գործողությունների մեջ:

«Ժառանգություն» կուսակցությունը հայ զինվորի կողքին լինելու հաստատակամությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում   նահատակ զինվորների ընտանիքներին, ծառայակից ընկերներին եւ հարազատներին՝ կոչ անելով գործող իշխանություններին ու բոլորին, ձեռնարկել ամեն միջոց զինվորի մահը բացառելու համար:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031