Լրահոս
Օրվա լրահոսը

Ցորենի ալյուրի հարստացման մասին օրինագծի քննարկումը հետաձգվել է 1 տարով

Հունվար 27,2015 18:04

Հունվարի 27-ին ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը Արա Բաբլոյանի նախագահությամբ քննարկել է «Ցորենի ալյուրի հարստացման մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ oրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ կառավարությունը:

Նշենք, որ կառավարությունն առաջարկում է ցորենի ալյուրը հարստացնել միկրոտարրերով, որի նպատակը որոշ միկրոտարրերի եւ վիտամինների անբավարարությամբ պայմանավորված հիվանդությունները կանխարգելումն է եւ բնակչության առողջության բարելավումը:

Փաթեթը քննարկելուց հետո հանձնաժողովը որոշել է այն հետաձգել մինչեւ մեկ տարով: Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկել է շարունակել ուսումնասիրությունները: Նա տեղեկացրել է, որ կանանց եւ երեխաների մոտ նկատվում է անեմիայի բարձր տոկոս, երեխաներն ունեն հասակի եւ քաշի խնդիրներ, ինչի համար էլ հարստացնում են ալյուրը: Նա նշել է, որ հետագայում թեմայի վերաբերյալ կհրավիրեն խորհրդարանական լսումներ, կհրավիրվեն մասնագետներ: Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը պատրաստակամություն է հայտնել շարունակել ուսումնասիրություններն ու համատեղ աշխատանքը:

Պատգամավորները քննարկել են նաեւ Արա Բաբլոյանի հեղինակած «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական վճարների նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցողը նշել է, որ այն հաստատությունները, որոնք գործունեության ընթացքում աղտոտում են շրջակայքը, կատարում են բնապահպանական վճարներ, որոնք ամրագրված են օրենքով:

Նա տեղեկացրել է, որ թեեւ օրենքը սահմանում է այդ միջոցների օգտագործման ուղղությունները, սակայն հստակեցված չեն բնապահպանական եւ առողջապահական միջոցառումները: Ուստի առաջարկվող փոփոխությունների ընդունումը հնարավորություն կտա ֆինանսական միջոցներն ուղղել առողջապահական առաջնահերթ խնդիրների լուծմանը:

Օրենքի նախագիծն ստացել է դրական եզրակացություն: Այն կընդգրկվի ԱԺ հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի եւ փետրվարի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Հանձնաժողովը հաստատել է նաեւ 2015 թվականի փետրվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիների ընդունելությունների ժամանակացույցը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գագիկ Մինասյանի նախագահությամբ առաջին ընթերցումով քննարկել է ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանի հեղինակած «Անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների մասին», «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ դրանցով պայմանավորված մի շարք օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նշենք, որ օրենքի նախագիծը սահմանում է անձեռնմխելի կապիտալով հիմնադրամների իրավական վիճակի առանձնահատկությունները, ինչպես նաեւ կարգավորում է անձեռնմխելի կապիտալի ձեւավորման, համալրման, կառավարման եւ անձեռնմխելի կապիտալի կառավարումից ստացվող եկամուտների օգտագործման հետ կապված հարաբերությունները:

Քննարկումների արդյունքում հեղինակի առաջարկով օրենսդրական փաթեթի քննարկումը մինչեւ մեկ տարի ժամկետով հետաձգվել է:

Առաջին ընթերցման ընթացակարգով քննարկվել են ԱԺ պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գագիկ Մելիքյանի եւ Մկրտիչ Մինասյանի հեղինակած «Գանձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերը: Գագիկ Մելիքյանը նշել է, որ առաջարկված խմբագրական փոփոխությունների անհրաժեշտությունը պայմանավորված է օրենքի գործողության ընթացքում ի հայտ եկած թերությունների, տարընթերցումների եւ երկիմաստությունների շտկման անհրաժեշտությամբ:

Կառավարությունը օրինագծերի վերաբերյալ տվել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագծերը կընդգրկվեն փետրվարի 2-5-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Նույն օրը ՀՀ ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հակոբ Հակոբյանի նախագահությամբ քննարկել է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Հիմնական զեկուցող ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղեկացրել է, որ նախագծով հստակեցվում է օտարերկրյա քաղաքացիների` աշխատանքի թույլտվության տրամադրման ընթացակարգը :

Մասնավորապես նախատեսվում է, որ օտարերկրացի աշխատողին աշխատանքի թույլտվություն տրվում է այն դեպքում, երբ օտարերկրացին համապատասխանում է գործատուի ներկայացրած պահանջներին եւ վերջինը դիմում է լիազորված պետական կառավարման մարմնին:

Նախագծով առաջարկվում է հստակեցնել նաեւ այն դրույթը, համաձայն որի ՝գործատուն դիմում է լիազորված պետական կառավարման մարմնին՝ օտարերկրացու համար աշխատանքի թույլտվություն ստանալու նպատակով:

Քննարկվել է նաեւ «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Փոփոխությունները հիմնականում, ըստ հիմնական զեկուցող Արտեմ Ասատրյանի, խմբագրական բնույթի են:

Օրենքի նախագծերն ստացել են դրական եզրակացություն՝ ընդգրկվելու հինգերորդ գումարման յոթերորդ նստաշրջանի ու փետրվարի 2-5-ի քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ՀՀ ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031