Հայ առաքելական եկեղեցին Սուրբ Սարգիս զորավարի տոնն այս տարի նշում է հունվարի 31-ին:
Ինչպես այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ և թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը, այդ օրը մի շարք միջոցառումներ են նախատեսված երիտասարդների համար: «Արդեն տասը տարի է՝ Տ. Նավասարդ Սրբազանի աջակցությամբ տոնը դուրս է եկել եկեղեցու պատերից և համաժողովրդական մեծ տոնակատարության է վերածվել: Երիտասարդները ոգևորությամբ են սպասում այս տոնին, ինչը շատ ուրախալի է. նշանակում է՝ գնալով մենք կարողանում ենք մեզնից հեռացնել օտարամուտ տոները»,- ասաց քահանան և անդրադառնալով Ս. Սարգսի տոնին նախատեսված միջոցառումներին՝ նախ հիշեց նախորդ տարի մեկնարկած «Մենք մեր զինվորի կողքին ենք» ծրագրի մասին, որը կշարունակվի նաև այս տարի: «Անցած տարի, այս ծրագրի շրջանակներում, Ս. Սարգսի տոնին բարեգործական ընթրիք կազմակերպեցինք, որի ընթացքում հիսուն միլիոն դրամ հավաքվեց, որով կարողացանք օգնել մոտ երեք հարյուր ընտանիքի: Ծրագրում ընդգրկվել էին ԱՀԹ-ից 2004-2014 թթ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինվորների, առաջին կարգի հաշմանդամություն ստացած զինվորների և երկու ու ավելի զինծառայողներ ունեցող ընտանիքներին»,- ասաց Տեր Պետրոսը՝ հավելելով, որ այս տարի ևս ԱՀԹ-ն իր հնարավորությունների սահմաններում կանգնած կլինի մեր բանակի կողքին:
Քահանան այնուհետև խոսեց Ս. Սարգիս զորավարի տոնի առթիվ կազմակերպվող մյուս միջոցառումների մասին: Նրա տեղեկացմամբ՝ հունվարի 31-ին Ս. պատարագ կմատուցվի ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս, Նոր Նորքի Ս. Սարգիս և Արգավանդի Ս. Սարգիս եկեղեցիներում: Մայր աթոռ սուրբ Էջմիածնից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվի Ս. Սարգիս զորավարի մասունքակիր աջը: Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցի կբերվի նաև 17-րդ դարում Ավետիս երեցի կողմից Ս. Սարգիս եկեղեցում ընդօրինակված Ավետարանը, որը Սրբի մասունքի հետ Ս. պատարագի ընթացքում կդրվի Ս. Սեղանին, և հավատավոր ժողովուրդը կկարողանա հաղորդ լինել սրբի մասունքներին ու Ավետարանին: Կլինի նաև խաչերթ: Առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց մասնակիցները Մ. Մաշտոց և Մ. Բաղրամյան պողոտաներով կուղևորվեն դեպի Պողոսյան այգիներ՝ Սիրահարների պուրակ: Համերգային ծրագրեր կլինեն ոչ միայն հունվարի 31-ին, այլև նախորդ օրը՝ հունվարի 30-ին:
Ի դեպ, հենց հունվարի 30-ին են երիտասարդներն ուտելու աղի բլիթը, որը թեև եկեղեցին չի խրախուսում, բայց և չի էլ արգելում. «Դա ժողովրդական գեղեցիկ սովորություն է: Պետք չէ դրա դեմ պայքարել,- ասում է Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը,- բայց պետք է բացատրել, որ ոչ թե աղի բլիթի, այլ սիրո ու հավատի շնորհիվ է, որ տեսնում եք ձեր ընտրյալին»:
Կարդացեք նաև
Քահանան ժխտեց խոսակցություններն այն մասին, որ աղի բլիթը պետք է այրի կինը պատրաստի. «Դա այդպես չէ. բոլորն էլ կարող են պատրաստել, կարևորը հավատով ու սիրով պատրաստելն է»,- վստահեցնում է Տեր Պետրոսը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ