Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այս պահին ընթանում է Վերնիսաժի գործով դատական նիստը:
Դեռ հարցաքննվել է երկու վկա, հիմա տասը րոպե ընդմիջում է հայտարարված:
Վկա Սեդրակ Գյուլումյանը պատմեց, որ դեպքի օրը 40 մետր հեռավորության վրա է գտնվել, այդ տարածում ինքը գործիքներ վաճառելիս է եղել: Գտնվել է կինոյի տան դիմաց, հետո տեսել է, որ ժողովուրդը խառնվեց իրար. «Բավականին հեռու էի դեպքի վայրից, չեմ էլ համարում, որ կարելի է ինձ վկա բերել: Հիշում եմ՝ ամբոխը խառնված էր, մի վիրավորի ոտք եմ տեսել աստիճանների վրա, վիրավորված էր, արյուն կար, ուրիշ բան չեմ կարող ասել: Իմ կանգնած տեղից եմ լսել գոռգոռոցները, վախենում էինք ու պախկվում, երբ կրակոցները հնչեցին»:
Մյուս վկա Վարդան Զոհրաբյանը դեպքի օրը վերնիսաժի հարեւանությամբ գտնվող էլիտար շենքում որպես անվտանգության աշխատող է եղել, երբ կեսօրին՝ 13:00 –ի սահմաններում, մեքենա է կանգնել parking-ի դիմաց, ինքն ու գործընկերը մոտեցել ու խնդրել են չփակել ճանապարհը, բայց մեքենայի վարորդները պնդել են՝ մի քանի րոպեով մտնում են շենք, դուրս գան, կարճ կտեւի:
Կարդացեք նաև
Մինչ նշված մեքենայի վարորդը մտել է շենք, ստորգետնյա կայանից իր մեքենայով դուրս է եկել շենքի բնակիչներից մեկը՝ Գոռ Առաքելյանը: Վկայի պատմելով, մոտ կես ժամ փնտրել են ստորգետնյա կայանը փակած մեքենայի վարորդին: Երբ վերջիններս շենքից դուրս են եկել, կարճ ժամանակ անց նրանց ու Գոռ Առաքելյանի միջեւ վիճաբանություն է սկսվել:
Ինքն ու գործընկերը փորձել են բաժանել, բայց չէին կարողանում բաժանել, ինչից հետո սկսվել են կրակոցները. «Ես ուզում էի շենք մտնել, վիրավոր տեսա, մայկես ճղեցի տվեցի կապեցին»:
«Շենքի անվտանգության ծառայությունն ապահովող անձը փախա՞վ»,- հարցրեց դատավոր Պողոսյանը:
«Բա ի՞նչ անեի»,- պատասխանեց վկան:
Նա ամբողջ ընթացքում չկարողացավ հիմնավորել իր ասածները նախաքննական ցուցմունքում, երբ նշել էր, թե Գոռ Առաքելյանը կրակում էր իր հետ վիճողների ուղղությամբ, նա չկարողացավ բացատրել ուղղություն ասելով նկատի ունի ատրճանակը անձի վրա պահա՞ծ, թե՞՝ոչ: Երբ մեղադրողի միջնորդությամբ հրապարակվեց նրա նախաքննական ցուցմունքը, ինքն ասաց, որ ուղղության հարցում հստակ բան չի կարող ասել:
Նա նաեւ հիշեց, որ դեպքի օրը վիրավորներ է տեսել, բայց ոչ վիճողներից, ապա ասաց, որ Գոռը առաջին կրակոցներից հետո փախավ շենք, նրա հետ վիճողներից մեկը դեպի վերնիսաժ, մյուսն էլ Գոռի հետեւից շենք մտավ: « Գոռն ասում էր չմտնես, կկրակեմ, մտավ ներս ու կրակոցի ձայն եկավ»,- պատմեց վկան:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանը ԲՀԿ-ական պատգամավոր Յուվեցի Կարոյի փեսան է: Միջադեպը տեղի է ունեցել անցած տարվա մայիսի 17-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ