Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի կայքէջը՝ հինգերորդը աշխարհում

Հունվար 27,2015 16:01

Երեւանի քաղաքապետարանի կայքէջը (Yerevan.am) աշխարհի 100 խոշոր քաղաքապետարանների կայքէջերի ցանկում զբաղեցնում է հինգերորդ տեղը: Ամերիկյան Rutgers համալսարանի հանրային հարաբերությունների եւ վարչարարության դպրոցի էլեկտրոնային կառավարման ինստիտուտի կողմից իրականացված հետազոտությունների արդյունքում էլեկտրոնային կառավարման ընդհանուր ցուցանիշով Երեւանը լավագույն քաղաքների հնգյակում է եւ իր դիրքերը զիջում է միայն Սեուլին, Նյու Յորքին, Հոնկոնգին եւ Սինգապուրին:

Այսօր Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ Երեւանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը ներկայացրեց, որ աշխարհի խոշոր քաղաքապետարանների կայքէջերը գնահատվել են 5 չափորոշիչներով՝ անվտանգություն, մատչելիություն կամ օգտագործման հարմարավետություն, բովանդակություն, առաջարկվող առցանց ծառայություններ եւ քաղաքացիների ներգրավվածություն որոշումների կայացման գործընթացում. «Ըստ առանձին չափորոշիչների՝ Երեւանի քաղաքապետարանի կայքը նաեւ ավելի բարձր դիրքեր է զբաղեցնում, մասնավորապես մատչելիության եւ օգտագործման հարմարավետության առումով Երեւան քաղաքը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Քաղաքացիների ներգրավվածության առումով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը, իսկ բովանդակության չափորոշիչով՝ չորրորդ հորիզոնականը»:

Ինչպես ներկայացրեց փոխքաղաքապետը՝ 2012 թվականին նույն այս հետազոտության արդյունքներով Երեւանի քաղաքապետարանը դեռեւս զբաղեցնում էր 19-րդ տեղը:

Լրագրողները նկատեցին, թե էլեկտրոնային կառավարում ասելով ոչ միայն Երեւանի քաղաքապետարանի կայքն են մտաբերում, այլեւ այն էլեկտրոնային չվացուցակները, որոնք տեղադրված են կանգառներում, սակայն դրանք ճշգրիտ չեն աշխատում: Հետաքրքրվեցին, թե որքա՞ն գումար է հատկացվել դրանց համար եւ ինչպե՞ս պետք է անել, որ դրանք ավելի արդյունավետ աշխատեն, ինչին փոխքաղաքապետը պատասխանեց, որ իրենք էլեկտրոնային կառավարումը ներկայացրել են այնպես, ինչպես գրված է սկզբնաղբյուրում, իսկ ինչ վերաբերում է չվացուցակների համար կատարված ծախսերին, ապա դրանք չեն արվել քաղաքապետարանի բյուջեի հաշվին. «Դրանք պիլոտային ծրագրերի արդյունքում են իրականացվել՝ ամբողջությամբ մասնավորի հաշվին: Հատուկ կնշեի, որ դրանք տրանսպորտային համակարգում բարեփոխումներ իրականացնելուց հետո միայն լիարժեք կաշխատեն»:

«Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը պատասխանելով հարցին, ասաց, որ եթե էլեկտրոնային չվացուցակների հետ կապված խափանումներ են լինում, ապա դրանք օպերատիվ կերպով վերացվում են, իսկ այն, որ դեռեւս կան երթուղիներ, որոնց մասին չվացուցակները տեղեկություն չեն տրամադրում ուղեւորներին այն պատճառով է, որ այդ մեքենաներում դեռեւս GPS սարքեր տեղադրված չեն. «Սա կապված է ընթացիկ աշխատանքների հետ, որոնք ընթանում են»:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031