Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն այսօր ՀՀ արտգործնախարարությունում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ուշագրավ հայտարարություն արեց՝ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության առնչությամբ:
Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ ԵՏՄ-ն լավ հնարավորություն է ստեղծում համագործակցությունը զարգացնելու Հայաստանի եւ Իրանի միջեւ: «Կա նաեւ Իրան-Հայաստան-Ռուսաստան ձեւաչափով համագործակցություն: Մենք այս ոլորտում պատրաստ ենք համագործակցել Հայաստանի եւ Ռուսաստանի հետ: Կան բազմաթիվ այլ ոլորտներ, որոնցում մենք կարող ենք համագործակցել: Մենք հարեւաններ ենք, ունենք ընդհանուր շահեր եւ պետք է օգտագործենք բոլոր հնարավորությունները, իսկ Եվրասիական տնտեսական միությունը դրանցից մեկն է», – նշեց Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Հարցրին, թե պատրա՞ստ է արդյոք Իրանը С-300 համակարգեր ստանալ Ռուսաստանից: Ըստ Իրանի ԱԳ նախարարի՝ բանակցություններ են ընթացել С-300 համակարգերի վերաբերյալ. «Մենք հույս ունենք, որ այդ բանակցությունների ժամանակ հարցը կլուծվի: Մենք կողմ ենք, որ խնդիրը լուծվի երկխոսության արդյունքում եւ Իրան-Ռուսաստան երկկողմ հարաբերությունների շրջանակում»:
Իրանական կողմը մշտապես իր պատրաստակամությունն է հայտնում Իրան-Հայաստան գազամուղի կառուցման առնչությամբ, այն առումով, որ եթե ստեղծվի համապատասխան տրամաչափի խողովակաշար, որեւէ խնդիր չկա, ինչպես նաեւ՝ երկաթուղու եւ ՀԷԿ-ի կառուցման ուղղություններով: Ի՞նչն է ի վերջո խոչընդոտում` ներդրումների բացակայությո՞ւնը, թե՞ երկու երկրների կառավարություններում բավարար կամքը, այս հարցը ուղղեց Aravot.am-ը երկու երկրների արտգործնախարարներին:
Կարդացեք նաև
«Եթե այդպիսի կամք չլիներ, ապա երկու կողմերն էլ չէին արտահայտի իրենց պատրաստակամությունը եւ ցանկությունը` այդ ծրագրերը կյանքի կոչելու։ Ես իմ խոսքի մեջ նշեցի, որ ողջունում ենք այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել երկու կողմերի միջեւ, ներառյալ՝ միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստի ժամանակ, որի ընթացքում քննարկվել էին այդ ծրագրերը։ Ես հույս հայտնեցի, որ շուտով դրանք կյանքի կկոչվեն, եւ իրական արդյունքներ կտեսնենք: Տեխնիկական հարցեր միշտ էլ լինում են, բայց ես կցանկանայի նշել, որ երկու երկրների միջեւ խնդիրներ չկան: Ավելի շուտ տեխնիկական հարցեր են, որոնց լուծումները միշտ հնարավոր է գտնել», նշեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Իսկ Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մեր հարցին ի պատասխան հայտարարեց. «Ես լիովին կիսում եմ իմ գործընկերոջ տեսակետը: Քաղաքական կամք գոյություն ունի: Լուծումներ գտնելու համար քննարկումներ ենք ընթանում: Իրանական կողմը ՀԷԿ-ի իրականացնողն է, ներկայացրել է որոշակի տեխնիկական պարամետրեր, դրանց վերաբերյալ պատասխաններ ստանալուց անմիջապես հետո առաջընթացի հնարավորություններ կլինեն: Երկաթգծի հետ կապված եռակողմ լավ քննարկումներ են եղել, դրական որոշում է կայացված: Մենք հույս ունենք, որ արագ առաջ կընթանանք: Մնացած ոլորտներում՝ էներգետիկայի, գազի, էլեկտրաէներգիայի, Իրանում արդյունավետ բանակցություններ են ընթացել, համաձայնություններ են ձեռք բերվել, որոնք միգուցե արդյունք կտան»,- ասաց նա:
Մոհամադ Ջավադ Զարիֆը նաեւ խոստովանեց, որ ծրագրերի իրականացման համար ֆինանսական խնդիրներ եղել են, որոնց մեծ մասը, սակայն նրա խոսքով` Հայաստանի կառավարության դերակատարությամբ լուծվել են: «Մենք հույս ունենք, որ գոյություն ունեցող քաղաքական կամքի շնորհիվ մնացած խնդիրները կլուծվեն»,- հավելեց Իրանի ԱԳ նախարարը»
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ