Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը հունվարի 27-ին «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հարցին, թե ինչպես կբացատրի այն երեւույթը, որ 2014 թվականից նավթի գները նվազում են, սակայն Հայաստանի վրա այդ երեւույթը չի անդրադառնում, պատասխանեց, որ Հայաստանում վառելիքի ներկրումը եւ ներկրման այլ ոլորտները, որոնք տնտեսության հետ կապված չեն, մոնոպոլիզացված են.
«Մենք այսպիսինն ենք, սրբություն չունենք, արժեհամակարգ չունենք, արժեք չենք գնահատում, մասնագետին արհամարհում ենք: Ի՞նչ ենք սիրում, դոլարը: Ե՛վ գրանտակերն է սիրում դոլարը, ե՛ւ օլիգարխը, օլիգարխը գրանտակերից ոչ մի բանով վատ չէ, օլիգարխը մեզնից ոչ մի բանով վատ չէ, որովհետեւ մենք ենք ապրում այդ սկզբունքով՝ «որտեղ հաց, այնտեղ կաց», դե եթե «որտեղ հաց, այնտեղ՝ կաց», ուրեմն՝ կլինի նաեւ երկրորդ մասը՝ «որտեղ կաց, այնտեղ՝ լաց» եւ լացելու պահին ոչ մեկին չմեղադրենք»:
Նա նշեց՝ երբ որ եղան արտարժույթի տատանումները շատերը գերշահույթ ստացան եւ հիմա էլ են շարունակում գերշահույթ ունենալ. «Եթե մենք հնարավորություն ենք տալիս, որ այդ մորթապաշտ միջավայրը շարունակվի, պետք չէ զարմանալ, որ մորթապաշտ միջավայրում կան մարդիկ, որոնք ուզում են շահույթ ստանալ: Ընդհակառակը՝ եթե մորթապաշտ միջավայրում չլինեին մարդիկ, որոնք ուզում են գերշահույթ ստանալ, սա կլիներ աշխարհում համար մեկ հեքիաթը, նման բան չի կարող լինել: Հետեւաբար՝ եթե չենք գնահատում այն, ինչ ունենք, կունենանք այն, ինչ գնահատում ենք: Գնահատում ենք փող, ուրեմն՝ կլինի մեծ թալան, պարտադիր, որովհետեւ փողը միայն մեքենա գնելու մեջ չէ, փողը նաեւ սարքելու մեջ է եւ ուրիշի «գլխն սարքելով»՝ տվյալ դեպքում գների ձեւով դու հարստանում ես, իսկ ինչո՞ւ պետք է հակառակը լինի»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ