Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրամիության հերթական՝ հասկանալի ու անհասկանալի քայլը

Հունվար 27,2015 15:00

Բաց նամակ ՀՀ վարչապետին և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Հայաստանում ԵՄ պատվիրակությունը ստորագրեցին և ազդարարեցին ԵՄ-Հայաստան ֆինանսավորման ութ համաձայնագրերի կյանքի կոչվելու մեկնարկը: Ինչպես նախկինում ստորագրված նմանատիպ համաձայնագրերի դեպքում, այս համաձայնագրերով ևս ասվում է, որ աջակցության նոր՝ հերթական փաթեթը նպատակաուղղված է օժանդակելու Հայաստանի զարգացմանը և բարեփոխումներին: Սույն համաձայնագրով նախատեսվում է 77.5 մլն եվրոյի հատկացում ՀՀ կառավարությանը:

Ըստ պայմանավորվածությունների, ստորագրված ութ համաձայնագրերը կոչված են խթանելու երկրի առաջընթացը երկկողմ համագործակցության որոշ հիմնական ոլորտներում. գյուղատնտեսությունից մինչև տարածքային զարգացում՝ ԵՄ ծրագրերի իրագործման համար կարողությունների զարգացման միջոցով, աջակցելու միգրացիային և սահմանների համալիր կառավարմանը, հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումներին, ջրամատակարարման բարելավմանը, Երևանի մետրոյի վերակառուցմանը և միջուկային անվտանգությանը:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքից պարզ դարձավ, որ Եվրոպական Միության կողմից տրվող աջակցությունը հնարավոր կդարձնի հետևյալ ոլորտների հետ կապված բարեփոխումների իրականացումը. առևտրի հետ կապված կանոնակարգեր, սննդի անվտանգություն, մտավոր սեփականության իրավունք, արդարադատություն, մասնագիտական կրթություն, պետական ֆինանսների կառավարում: Նա վստահություն հայտնեց, որ ստորագրված համաձայնագրերի իրագործումն էլ ավելի կամրապնդի ոլորտային համագործակցությունը ԵՄ-ի հետ: ԵՄ պատվիրակության ղեկավարի խոսքով. «Եվրոպական միությունը ակնկալում է, որ այս զգալի աջակցությունը կհանգեցնի նկատելի արդյունքների առաջիկա տարիների ընթացքում: Խորհրդարանական և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո բարձր մակարդակի հանձնառությունը և ներքին ամուր աջակցությունը անփոխարինելի են Հայաստանի հաջող զարգացման համար»: Նա հավելեց, որ «Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստանը մեկ շնչի հաշվարկով ԵՄ միջոցների երկրորդ խոշոր շահառուն է»:

Վերը նշված երկու համաձայնագրերով ԵՄ-ն աջակցություն է ցուցաբերում Հայաստանում տնտեսական զարգացմանը՝ նպաստելով աղքատության ընդհանուր կրճատմանը, որոնց ավելի մանրամասնումը տալիս է հետևյալ պատկերը. աջակցություն գյուղատնտեսությանը և գյուղական համայնքների զարգացմանը (25 մլն եվրո), ինչը կապահովի գյուղատնտեսության արդյունավետ և կայուն զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, ինչպես նաև, աջակցելով ֆերմերների ասոցիացիաներին և կոոպերատիվներին, մատչելի կդարձնի սննդի հասանելիությունը: Տարածքային զարգացման ծրագրով (10 մլն եվրո) ԵՄ-ն կաջակցի կոնկրետ նախագծերի (հանրային-մասնավոր համագործակցություն, զբաղվածության ապահովում, աշխատուժի ուսուցում) իրականացմանը՝ Հայաստանի մարզերի տնտեսական զարգացումը խթանելու նպատակով: Կառավարման ոլորտում, ԵՄ-ն այժմ հատուկ ուշադրություն կդարձնի հակակոռուպցիոն և քաղաքացիական ծառայության բարեփոխումների միջոցառումներին (21 մլն եվրո): ԵՄ-ն նաև կաջակցի սահմանների կառավարմանը և միգրացիային (4 մլն եվրո)՝ Հայաստանի և ԵՄ-ի միջև Շարժունակության գործընկերության և մուտքի արտոնագրերի դյուրացման համաձայնագրի շրջանակներում:

Մեկ այլ համաձայնագրով կզարգանան քաղաքացիական ծառայողների հմտությունները, կդյուրացվի Հայաստանի մասնակցությունը ԵՄ ծրագրերին (6 մլն եվրո) և կամրապնդվի քաղաքացիական հասարակությունը՝ որպես երկկողմ համագործակցության խթանման և բարեփոխումների մշտադիտարկման գործընթացում կարևոր գործընկեր:

Երկու ծավալուն ենթակառուցվածքային ծրագրեր նույնպես համաձայնեցվել են՝ ուղղված Երևանի բնակիչների առօրյա կյանքի բարելավմանը: Դրանցից մեկը կապահովի Երևանի մետրոյի համակարգի վերանորոգումը (5 մլն եվրո)՝ լուծելով հանրային առողջության և անվտանգության խնդիրները, մյուսը կաջակցի Երևանում ջրամատակարարման ցանցի վերազինմանը (5.5 մլն եվրո)՝ բարելավելով ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունները:

ԵՄ-ն կաջակցի նաև միջուկային անվտանգությանը՝ ռադիոակտիվ թափոնների կառավարման կարողությունների ամրապնդման միջոցով (1 մլն եվրո):

Այս ամենն իհարկե ողջունելի է և հրաշալի, քանզի ԵՄ-ն անշահախնդիր օգնում է, որպեսզի Հայաստանը զարգանա: Բայց, կզարգանա±…: Որպեսզի զարգանա, պետք է գումարները բացառապես ծառայեն հատկացվող նպատակներին: Բայց ինչ տրամաբանությամբ պետք է դրան կոչվող պաշտոնյաները ցանկանան, որ այդպես լինի: Անկեղծ ասած, այնքան էլ համոզված չեմ, որ նրանք ամեն ինչ կանեն, որպեսզի հատկացված գումարները հոսեն դեպի նպատակակետ: Եթե նման հարցերում գործում է միայն պաշտոնյայի ազնվությունը և կամքը, նման դեպքերում այդ հոսքերն ուղղորդվում են ըստ պաշտոնյաների ցանկությունների և նպատակահարմարությունների: Այլ խոսքով, սա այն դեպքերից չէ, երբ կաշխատի «ազնիվ խոսքը»: Ավելի ուղիղ ասեմ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ գումարները կծախսվեն Ազգային Ժողովի և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո: Ասվածը ողջունելի է, սակայն դրանք լոկ բառեր են, քանի դեռ նույն համաձայնագրերում սահմանված չեն քաղաքացիական հասարակության ընտրության և մասնակցության մեխանիզմները: Հետաքրքիր է, թե քաղաքացիական հասարակությունն ինչպես պետք է վերահսկի այդ գումարների շարժը: Ինչպես պետք է ընտրվի այն ազնիվ քաղաքացիական հասարակությունը, որը հլա մի հատ էլ ազնիվ վերահսկի դրանց արդարացի շարժը: Այդ ամենը կառավարության ձեռքում է և կառավարությունը, որ քաղաքացիական հասարակությանը ցանկանա, նա էլ «կհսկի և կվերահսկի»: Կարծում եմ, սրանով ամեն ինչ ասված է: Իսկ, եթե ԵՄ-ն իրոք ցանկանում է, որ այդ ամենն իսկապես վերահսկվի նաև քաղաքացիական հասարակության կողմից, ապա նշված համաձայնագրերում պետք է առանձին կետերով նշված լինեին նաև քաղաքացիական հասարակության օբյեկտիվ ընտրության և վերահսկողության մեխանիզմները, հակառակ պարագայում, ամեն ինչ կդառնա բլեֆ:

Կամ չպետք է ընդհանրապես խոսել ժողովրդավարությունից ու թափանցիկությունից, կամ պետք է դրանք իսկապես կիրառել, որպեսզի հասարակությունն իրոք հավատա ու վստահի և կառավարությանը, և ԵՄ-ին:

Քաղաքացիական հասարակության օբյեկտիվ և թափանցիկ ընտրության մեխանիզմներ կան և հեծանիվ հնարելու անհրաժեշտություն չկա: Եթե այդ հարցում դժվարություններ առաջանան, պատրաստ ենք օգտակար լինել:

 

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ

Քաղաքագետ, «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն ՀԿ նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031