Այսօր «Հայացք» ակումբում Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը եւ Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանը (Մարշալ) Հայկական բանակի 23-ամյակի կապակցությամբ հետաքրքիր պատմություններ էին պատմում Արցախյան ազատամարտից, թե ինչպես են առանց զենքի կռվել ադրբեջանցիների դեմ եւ իրենց խոսքերով՝ «խլոպուշկայով» ադրբեջանցիներին կոտորել:
Մկրտիչ Մկրտչյանը պատմեց՝ «Մարտունաշենի անկման օրն էր, տեղեկացրեցին, որ դեսանտային դիվիզիան է մեզ շրջապատել Գանձակում, զրահատեխնիկա էին բերել, մեր հրամանատարը Կարոն էր (Սպիտակ արջը), մենք «Արաբոյի» տղերքն էինք: Ասեցինք գնանք, ասեց՝ համբերեք, իր ձեռքով ձվածեղ արեց, ասեց՝ տղերք, կերեք, կարող է էլ երբեք չկարողանաք հաց ուտել: Ինձ համար հրամանատարի կերպար էր նա, որ զինվորին պարտադրում էր ուտել»:
Վլադիմիր Առաքելյանի խոսքերով՝ մենք այդ հացն էլ չկերանք, ժամանակ չեղավ, մնաց սեղանների վրա:
Ազատամարտիկները պատմեցին, որ չնայած զենք չեն ունեցել, բայց «նվերներ» շատ են ընդունել ադրբեջանցիներից. «Մենք տանկ չենք ունեցել, որ ամպերը ցրում են, չէ՞ հակակարկտային կայանի պես բաներ էին: Շահումյանում զենք չունեինք, խլոպուշկա ունեինք, որ կպնում էր գետնին, գմփոց էր գալիս, բայց ոչ մի վնաս չէր տալիս: Այ մարդ, ասում ենք, ի՞նչ անենք: Ադրբեջանցիներն էլ հելնում էին բլուրի վրա: Խփում են, մենք էլ ոչ մի պատասխան: Գնացինք ռուսներին թալանեցինք, զենքերը վերցրեցինք, բերինք Շահումյան: Պալկովնիկի հետ որոշեցինք՝ մի-երկու հատ խլոպուշկով խփենք, թող ադրբեջանցիները հելնեն սարի գագաթին, կանգնում քրֆում են, էլի, գիտեն զենք չունենք: Դուրս եկան, հո չտվինք բլուրով-մլուրով տրաքացրեինք: Այդտեղ էլ ահագին նվերներ վերցրեցինք ադրբեջանցիներից»:
Կարդացեք նաև
Վլադիմիր Առաքելյանը նաեւ պատմեց, թե ինչպես են թշնամու տանկը վերցրել. «Տանկը վերցրել ենք, բայց դրանց գորշ գայլի նշանը կար, աստղ, հիմա ջնջում-ջնջում ենք, չի ջնջվում, հիմա ներկ էլ չկար, որ էդ անտերը ջնջեինք, այդպես էլ մնացել էր»:
Ադրբեջանցիների տանկով հայերն այդպես կռվել են ադրբեջանցիների դեմ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ