Լրահոս
Օրվա լրահոսը

Հարություն Մեսրոբյան. «Պետք է շատ ծույլիկ լինել՝ Հայաստանը հավասարակշռությունից հանել չկարողանալու համար»

Հունվար 27,2015 14:21

«Ամբողջ աշխարհն ընկած է փոփոխությունների տակ»,- այսօր՝ հունվարի 27-ին, «Պոստ սկրիպտում» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նրա խոսքերով՝ միջազգային մակարդակի ուժերը ուղղակի վերափոխում են աշխարհը, որովհետեւ աշխարհը հերթական անգամ հետաքրքրությունների վերաբաշխման փուլ է թեւակոխել. «Շատ վտանգավոր փուլում ենք մենք գտնվում եւ դա հղի է ընդհուպ մինչեւ համաշխարհային պատերազմի վտանգով: Պատերազմ կոչեցյալը քաղաքականության կոշտացման ամենավերջին հանգրվանն է, կարեւոր պատճառներից մեկն այն է, որ աշխարհում ստեղծված ֆինանսաբանկային համակարգը ուղղակի չի կարող ինքն իրեն պահել»:

Նա նկատեց, որ շատանում են հայտարարությունները, որ շատերը հրաժարվում են առեւտուր անել դոլարով, ըստ նրա, դա նշանակում է, որ համակարգը փլուզվում է. «Փլուզումը չի կարող երկրաշարժային ազդեցություն չունենալ: Ցանկացած անկայունություն անհնարին է, որ չազդի մեր տարածաշրջանի վրա, որովհետեւ մեր տարածաշրջանը երկրագնդի վրա է գտնվում եւ բնական է, որ ամբողջ համաշխարհային տատանումը պետք է խփի Հայաստանին»:

Նա համարում է, որ հազար ու մի եղանակ կա Հայաստանում իրավիճակն անկայունացնելու համար, քանի որ Հայաստանն ունի չկայացած տնտեսություն. «Հայաստանում ներմուծումը երեք անգամ ավելի է, քան արտահանումը, սա նշանակում է, որ կարելի է ասել մենք ներքին տնտեսություն գրեթե չունենք: Մոտավորապես երեք միլիարդ դոլարի բացասական սալդո ունի մեր առեւտրային հաշվեկշիռը: Դա բերում է նրան, որ մեզ մոտ ամեն տարի կա արտարժույթի դեֆիցիտ: Երկրորդ փաստարկն այն է, որ երբ 2007-2008 թվականներին խփեց միջազգային համաշխարհային ճգնաժամը, Հայաստանն ունեցավ աշխարհում ամենամեծ անկումներից մեկը, անգամ մեր վիճակագրական ծառայությունը ցույց տվեց ՀՆԱ-ի 14 տոկոսից ավելի անկում»:

Հարություն Մեսրոբյանը բնական է համարում, որ Հայաստանը պարբերաբար խնդիր կունենա գների հետ, քանի որ առեւտրային հաշվեկշիռը Հայաստանում բացասական է, դրա արդյունքում՝ Հայաստանը երեք անգամ ավելի շատ է ներկրում, այսինքն` միջազգային շուկայում ցանկացած տատանում հարվածելու է Հայաստանին: Նա հավելեց, որ արտարժույթի քանակի եւ պետության պահուստների տատանումը բերելու է փոխարժեքի տատանման. «Այստեղ պետք է շատ ծույլիկ լինել՝ Հայաստանը հավասարակշռությունից հանել չկարողանալու համար»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031