Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ռուսական զորքը չլիներ՝ Բաքուն էլ մերը կլիներ, Էրդողանը թող դառնա Պուտինի ախպերը». ազատամարտիկներ

Հունվար 27,2015 14:06

«Ռուսական զորքը մխտառություն արեց՝ Գետաշեն, Շահումյան, եկավ հասավ Մարտակերտի մեջտեղը, հետո հասկացան ինչ են անում: Շահումյանում ունեինք մի հատ տանկռուսների հարյուրավոր տեխնիկայի դիմաց: Թուրքական լիներ՝ մենք կվերցնեինք, բայց ռուսական էր: Ռուսներն էին կռվում մեր դեմը»,- այսօր «Հայացք» ակումբում հայկական ԶՈՒ 23-ամյակի մասին հրավիրած ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Տիգրան Մեծ աշխարհազորային գնդի ռազմական խորհրդի փոխնախագահ Վլադիմիր Առաքելյանը:

Նրա խոսքերով՝ եթե ռուսական զորքը չլիներ, այսօր Բաքուն էլ կլիներ մերը. «Ռուսական զորքը շատ խանգարեց մեզ, մեր հողերը թողեցինք՝ Շահումյան, Գետաշեն, Մարտունաշեն: Այն դեպքում, երբ 92-ի հունիսի 13-ին մենք պիտի հարձակվեինք Մարտունաշեն ու Գետաշենն ազատագրելու, մենք պատրաստ էինք, այդ օրը դադար տվեցինք, առավոտ ժամը 5-ին զոհերը հելան մեր գլխներին: Մեր տղաներից զոհվեցին, վիրավորներ, մի անհասկանալի բան էր: Սաղ ռուսական զորքն էր: Թե չէ իրենք ոչ կռվել գիտեն, ոչ տանկ քշել գիտեն»:

Aravot.am-ի հարցին՝ այդ ռուսը հիմա փոխվե՞լ է, որ մեր անվտանգության երաշխավորն են կարգել իշխանությունները՝ Վլադիմիր Առաքելյանը խորը հոգոց հանեց եւ պատասխանեց. «Չի փոխվել: Մենք ենք փոխվել: Մենք մեզ չեն հարգում: Եթե մենք մեզ չենք հարգում, որեւիցե մի ազգ մեզ կհարգի՞: Ամպագորգոռ բառեր ենք ասում, թե 5000-6000 տարվա ազգ ենք, բա այս վիճակում կհայտնվի՞: Բարդաններով դուրս են գալիս Հայաստանից, բա մեր սահմաններն ո՞վ է պահելու: Մենք ենք՝ չկանք, ի՞նչ է լինելու այս սահմանների վիճակը: Իշխանիկները շարան-շարան գնալու են, այս ազգը մնայուն է լինելու»:

Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար Մկրտիչ Մկրտչյանի (Մարշալ) խոսքերով՝ Ռուսաստանը երբեք չի փոխվել, նա իր շահն է պաշտպանում այս տարածաշրջանում. «Ես համոզված չեմ, որ ՌԴ-ն է մեր անվտանգության երաշխավորը: Դեպքերը ցույց են տալիս, որ մեր երկիրը նույնիսկ վասալի տեղ չեն դնում, թե ինչու մեր իշխանավորները չեն տեսնում դա՝ իրենց խնդիրն է: Մենք այն ժամանակ էլ մեր ուժերով ենք ունեցել հաղթանակները: Իրենք միշտ, երբ պետք է գան, 1-2 ժամով կուշանան, ու այդ 1-2 ժամը մեր ժողովրդի համար ճակատագրական է լինում»:

Մեր հարցին՝ այն, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին, մեր իշխանությունները դրա մեջ խնդիր չեն տեսնում, ասում են՝ մեզ էլ են վաճառում, Դուք խնդիր տեսնո՞ւմ եք այդ բիզնես շահերում՝ Մկրտիչ Մկրտչյանը պատասխանեց. «ՌԴ-ն ի՞նչ տեսակի զենք է վաճառել Ադրբեջանին, գիտե՞ք: Շատ վատ տեսակի: Հեչ պարտադիր չէ, որ ինքը մարտունակ զինվոր ունենա, այդ զենքը բավարար է: Տվել է այնպիսի զենքի տեսակներ, որ հեռվից են կրակում եւ զինվորի պատրաստվածություն պետք չի: Իսկ ՀՀ-ին տվե՞լ է դրանից՝ ոչ: Այդ դեպքում ի՞նչ ռազմավարական դաշնակցի մասին է խոսքը: Ադրբեջանն է դառնում իրենց ռազմավարական դաշնակիցը: Իսկ մենք կարող է հայտնվենք լուսանցքում, դառնանք ռուսական շահի զոհը: Ոնց որ 18-ին բոլշեւիկների շահին ՀՀ-ն զոհ դարձավ: Քեմալական Թուրքիան դարձավ բոլշեւիկների ախպերը, հիմա էլ Էրդողանը թող դառնա Պուտինի ախպերը: Մեր անվտանգության երաշխավորը մեր բանակն է, մենք ենք, ուրիշ երաշխավոր մենք չունենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031