Լրահոս
Դասն ավարտվել է
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

«Ոչ մարդկային պայմաններ»` ՀՀ քրեակատարողական հիմնարկներում. ԵԽԽՎ զեկույց

Հունվար 27,2015 13:46

Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի մասին զեկույցը,  որը հիմնված է հանձնաժողովի պատվիրակության անդամների` 2013-2014 թվականների ՀՀ այցելությունների արդյունքների վրա:

Համաձայն զեկույցի` 2013-ին Հայաստան այցի ընթացքում ԵԽԽՎ պատվիրակությունը կալանավայրերում գտնվող անձանցից բազմաթիվ դժգոհություններ է ստացել այն մասին, որ նրանք ենթարկվել են ոստիկանների կողմից ֆիզիկական և հոգեբանական բռնությունների, ինչպես նաև իրենց նկատմամբ կիրառվել է ոստիկանական անհամաչափ ուժ:

Նկարագրելով իրենց հետ կատարվածը, նրանք նշել են, թե ոստիկանությունում իրենց հիմնականում բռնության էին ենթարկում քացիներով, բռունցքի հարվածներով, մահակներով և դա տեղի էր ունենում ոստիկանական բաժանմունքում` նախազգուշացման ու հետագայում հարցաքննության փուլերում:

Եվրոպացի պատվիրակների հետ զրուցած անձինք նշել են, որ տեղի են ունեցել նաև իրենց ընտանիքի անդամների հետապնդման դեպքեր: Զեկույցում նշված է` երբեմն բռնության դեպքերն այնքան խիստ են եղել, որ դրանք կարելի է անվանել նույնիսկ կտտանքներ. ծեծ, որը զուգորդվել է էլեկտրական ցնցումներով, գազի դիմակներով շնչահեղձության հասցնելով, ոստնաթաթերի ներբանները ծակելով:

Հանձնաժողովի անդամների կողմից տվյալ անձանց բժշկական հետազոտությունը վկայել է այն մասին, որ նրանք բազմաթիվ վնասվածքներ ունեն, որոնք ֆիզիկական բռնության հետքեր են:

Զեկույցում հիշեցվում է, թե ՀՀ իշխանությունները վստահեցնում են, որ նոր գործելաոճ են որդեգրել, և ոստիկանական համակարգի ծառայողների շրջանում կազմակերպված դասընթացները նպատակ ունեն կանխարգելելու նման գործողությունները:

Չնայած գրանցված տխուր պատկերին` հանձնաժողովի պատվիրակները նկատում են ՀՀ իշխանությունների կատարված ջանքերը բարեփոխումներ մտցնել այս համակարգում և բարձր գնահատում Հատուկ քննչական ծառայության՝ որպես անկախ մարմնի գործունեությունը: Բայց ըստ ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովի` վերոնշյալ դեպքերը ստվերում են կատարած աշխատանքը, և որոշ դիտողություն- առաջարկներ ներկայացնում ՀՀ իշխանություններին:

ԵԽԽՎ պատվիրակների խումբն այցելել է նաև Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, ծանոթացել այն պայմաններին, որտեղ գտնվում են ցմահ բանտարկյալները:

Զեկույցում մոնիտորինգի խումբը լուրջ մտահոգություն է հայտնում այն մասին, որ նախորդ այցի ընթացքում կատարված դիտողությունները հազիվ թե վերացվել են, քանի որ 13 տարի բանտարկության մեջ գտնվող անձինք, ինչպես կարգն է, գոնե օրը մեկ անգամ դուրս չեն բերվել խցից: Հանձնաժողովը կարծում է, որ դրանք անմարդկային պայմաններ են: Ինչպես նաև այդ անձինք չեն ենթարկվել բուժզննության, անգամ այն պարագայում, որ երկուսն ունեն հոգեկան խանգարումներ:

Ուստի 2014-ի ընթացքում ԵԽԽՎ մոնիտորինգ իրականացնող խմբի թիրախում էր հենց այս խնդիրը:

Հանձնաժողովի պատվիրակներն այցելել են Նուբարաշեն և Կենտրոն քրեակատարողական հիմնարկներ և երկու դեպքում էլ հիմնականում դժգոհություններ չեն լսել: Թեև վերոնշյալ երկու ցմահ բանտարկյալների հարցով ԵԽԽՎ պատվիրակները առաջընթաց տեսել են, սակայն, ընդհանուր առմամբ կալանքի ռեժիմի հետ կապված 2013-ի նկատմամբ պատկերը չի փոխվել:

ՀՀ իշխանություններին ԵԽԽՎ պատվիրակները կատարել են մի շարք դիտողություն-առաջարկներ, թեև նրանք գնահատել են ՀՀ իշխանությունների ջանքերը` ՀՀ Քրեական օրենսգրքի բարեփոխումների, մասնավորապես ցմահ ազատազրկվածների պայմանական վաղաժամ ազատման հետ կապված բարեփոխումների առիթով:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Դրսում օրենքով պաշտպանված ավազակամեծերն են, ներսում`փոքր ավազակիկները:Քրեապետության վերջին էջերը:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031