Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխայի մահվան գործով դատական քննությունն ավարտվեց, փետրվարին՝ կողմերի ճառերն են

Հունվար 27,2015 13:30

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Ավետիսյանը «Արաբկիր» բժշկական կենտրոնի մանկական բժիշկներ, Լիա ՄԻսակյանի մահվան մեջ մեղադրվող Լիլիթ Վարդանյանի եւ Զարինե Այվազյանի գործով մեղադրական եւ պաշտպանական ճառերը նշանակեց փետրվարի 24-ին:

Մինչ այդ, վերսկսվեց դատաքննությունը, եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ , իրավապաշտպան Արթուր Սաքունցը ներկայացրեց իր դիրքորոշումը պաշտպան Գիվի Հովհաննիսյանի կողմից ներկայացրած, քրեական գործի նյութերին կցվելիք ապացույցների վերաբերյալ:

Ըստ նրա, «Արաբկիր» բժշկական կենտրոնը սուբյեկտիվ վերաբերմունք ունի, հետեւաբար, շահագրգիռ կողմ է: Արթուր Սաքունցի համար հիմնավոր չէին մի քանի հարցման պատասխանները: Մասնավորապես, բուժկենտրոնը փաստաթուղթ էր տվել, համաձայն որի՝ դեպքի օրը բուժկենտրոնում գտնվել է 102 հիվանդ:

«Ինչո՞ւ 102, ոչ թե 210: Ո՞ւր է ցուցակը: Ինչի՞ հիման վրա է, որ ասվում է 102 հիվանդների մասին: Ներկայացվածը հիվանդների տվյալներն են, եւ ոչ թե ապացույց, որ այդ օրն աշխատել են բժիշկները»,- ասաց նա:

Իրավապաշտպան ներկայացուցչին անհամոզիչ թվաց նաեւ այն փաստարկը, թե 4-5 հիվանդ եղել են ամենածանրերը, եւ գտնվել են բժշկուհի Լիլիթ Վարդանյանի խնամքի տակ. «Ինչ հիմնավորման համաձայն է, որ ասվել է, թե ամենածանրերն այդքանն էին»:

Նա ուշադրություն հրավիրեց պայմանագրի տիպային օրինակի վրա, հարցնելով, թե ինչպե՞ս կարող է 2007 թվականի պայմանագրով աշխատող բուժաշխատողը 2012 թվականին էլ նույն պայմանագրով աշխատի, մի՞թե չի փոխվել ոչինչ:

Lia_Misakyan_4 Lia_Misakyan_2 Lia_Misakyan_1

Մանավանդ, որ պայմանագիրը կնքվում է մեկ տարով:

Մնացած փաստաթղթերի հետ կապված տուժող կողմը չառարկեց, որ դրանք կցվեն քրեական գործի նյութերին: Դրանք առողջապահության նախարարի երկու հրամաններն էին, չափորոշիչները, ՀՀ-ում մոր եւ մանկան առողջության ռազմավարությունը, անվճար բուժսպասարկման կարգը:

Դատարանը հիմնավոր համարեց պաշտպանական կողմի ողջ փաթեթը եւ այն կցեց քրեական գործի նյութերին:

Արթուր Սաքունցը դատարանին մեղադրեց ակնհայտ կողմնակալության մեջ եւ ասաց, որ մահացած երեխայի հայրը՝ Գեորգի Միսակյանը նիստերից մեկում միջնորդել էր, որպես ապացույց քրեական գործին կցել բջջային հեռախոսով նկարած՝ երեխայի վիճակը պատկերող կրիչը, սակայն դատարանն այդ ժամանակ մերժել է այն:

Դատավոր Լեւոն Ավետիսյանը չընդունեց կողմնակալության «մեղադրանքը», եւ երբ ճշտեց, որ նախաքննության մարմինը, տեղյակ լինելով այս ապացույցի մասին, չի դա կցել քրեական գործչին՝ որոշեց դա նույնպես կցել քրեական գործին, կրիչը ներկայացվելուց հետո: Ի դեպ, դրան չառարկեց պաշտպանական կողմը:

Գործի դատաքննությունն ավարտվեց:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031