Լրահոս
Օրվա լրահոսը

Հազարավոր առեւտրականներ կառավարությունից պահանջում են օրենքը կասեցնել (Տեսանյութ)

Հունվար 27,2015 13:14

Մոտ մեկուկես ժամ է՝ հազարից ավելի առեւտրականներ՝ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներ կառավարության շենքի առաջ պահանջում են վարչապետի հետ հանդիպում: «Մենք չենք ուզում մեր քրտինքով աշխատած գումարները տանք հարկայինին: Պատճառաբանում են, թե բանակ ենք պահում, բայց բանակը պահում են հենց մեր շնորհիվ: Դրա համար պետք է այնպիսի հարկային պայմաններ ստեղծեն, որ մարդիկ իրենց բիզնեսը չփակեն գնան տուն, այլ աշխատեն, հարկեր մուծեն: Մեր վճարած հարկերից են սնում իրենց երեխաներին, աշխատավարձ ստանում: Նրանք մեր տերերը չեն, նրանք մեր ծառաներն են»,- վարչապետին ուղղված խոսքում ասում էին առեւտրականները:

Նրանց բողոքին ի պատասխան՝ կառավարության ներկայացուցիչ Ալեքսանդր Ղազարյանը դուրս գալով առաջարկեց 10 հոգանոց խմբով բարձրանալ վերեւ: Սակայն ակցիայի մասնակիցները հրաժարվեցին՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ: «Արմեն Ալավերդյանը հոկտեմբերին խոստացավ, որ կհանդիպի բիզնեսի տարբեր ներկայացուցիչների հետ եւ մեկառմեկ կքննարկի նրանց հուզող խնդիրները, որից հետո միայն որոշում կկայացնեն: Սակայն մինչ այժմ նրանց որոշումները չեն եղել որեւէ առեւտրականի օգտին: Ոչ հանդիպել են, ոչ քննարկել եւ նրանց թվացել է, թե իրենց սուտ խոստումներով մենք կհանդարտվենք: Մեր ակցիաները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչեւ մեր հարցը չլուծեն»,- ասում են առեւտրականները:

Ոսկերիչների շահերը պաշտպանող ներկայացուցչի խոսքերով՝ «Օրինակ, ոսկու շուկաներում կան աշխատողներ, որոնք ոչ մի սեփական ապրանք չունեն, ուղղակի տարածք են վարձակալել եւ տարբեր մարդկանցից նիսյայով ապրանք վերցնելով՝ օրվա հացի գումար են աշխատում: Սակայն կառավարությունը, հարկայինը ոչ մի այդպիսի հարցեր հաշվի չեն առնում»:

Բողոքի ակցիան հսկում են մեծ թվով ոստիկաններ, որոնք պատ կազմած չեն թողնում որեւէ մեկը մոտենա կառավարության շենքին: Առեւտրականների խոսքերով՝ մինչ իրենք այսօր այստեղ բողոքի ակցիա են անցկացնում, հարյուրավոր տաղավարներ փակ են, չեն աշխատում հարկայինի պատճառով: Ակցիայի մասնակիցներն առաջարկում են գործածել շրջանառության 1 տոկոսի եւ միաժամանակ 3 տոկոսի հարկման մեխանիզմը՝ գործարարը որով կուզի, թող աշխատի: Եթե կորոշի 1%-ով հարկվել՝ ինչպես նախատեսում է բարեփոխված օրենքը, ապա թող ցույց տա ամբողջ փաստաթղթաշրջանառությունը, ինչպես ցանկանում է հարկայինը: Բայց բազմաթիվ առեւտրականներ այսօր չեն կարող ցույց տալ այն փաստաթղթերը, թե ումից են իրենք վերցնում ապրանքը, քանի որ փաստաթուղթ չեն տալիս:

Բողոքի ակցիան դեռ շարունակվում է եւ առեւտրականները հերթով կառավարությանը ներկայացնում են իրենց պահանջները՝ վանկարկելով «կա-սե-ցում, կա-սե-ցում»: Հակառակ դեպքում առեւտրականները սպառնացին ոչ մի հարկ չվճարել:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031