Լրահոս
Օրվա լրահոսը

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման հայտարարությունը

Հունվար 27,2015 13:12

Դեպի Արցախ իրազեկման ավտոերթի նպատակի և այն ամեն գնով խափանելուն ուղղված ռեժիմի հակաօրինական ու ապազգային քայլերի մասին

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժումը իրազեկման ավտոերթեր է կազմակերպում հանրապետության ամբողջ տարածքում:

Հերթական ավտոերթը նախատեսված է Արցախի մարզում՝ 2015 թ. հունվարի 31-ին:

Արցախյան ավտոերթի ընթացքում, ինչպես հանրապետության մյուս մարզերում, մեր քաղաքացիներին իրազեկելու ենք Ցեղասպանության 100-ամյակի օրը՝ 2015 թ. ապրիլի 24-ին, փողոց դուրս գալու, օտարին ծառայող ու սպիտակ ցեղասպանություն իրականացնող ռեժիմին հեռացնելու և երկրի ապագաղութացման ու ՀՀ-ի ինքնիշխանության հաստատման ազատագրական պայքարի գործնական քայլերն սկսելու մեր ծրագրի մասին:

Միևնույն ժամանակ՝ արցախյան ավտոերթի ընթացքում ավելի շեշտադրված են լինելու ԵՏՄ-ին անդամակցելու պատճառով Արցախը մաքսակետով ՀՀ-ից տարանջատելու և օտարի քմահաճույքին հանձնելու աղետալի հետևանքների, ինչպես նաև ազատագրական պայքարի հաղթանակի շնորհիվ ՀՀ-ին Արցախի դե յուրե միավորվելու միջոցով նշված վտանգները չեզոքացնելու հեռանկարի վերաբերյալ մեր տեսակետները:

Ակնհայտ է, որ Արցախում նման իրազեկումը ռեժիմի համար հղի է միանգամայն կանխատեսելի հետևանքներով, քանի որ այլևս չի կարողանալու պահպանել Արցախի՝ որպես կևորկովյան մեթոդներով իր կառավարումը երաշխավորող լծակի, նկատմամբ վերահսկողությունը:

Արցախի տարածքում և արցախաբնակ հայության շրջանում ռեժիմի դիրքերի խարխլումն ինքնաբերաբար ամբողջ հանրապետության տարածքում կհանգեցնի նրա դիրքերի խարխլման:

Այդ պատճառով ռեժիմը մոբիլիզացրել է իր բոլոր ուժերը՝ որպեսզի կարողանա խափանել «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման արցախյան ավտոերթը:

Գործի են դրվել ռեժիմին ենթակա արցախյան կեղծ կուսականությունների և հասարակական կազմակերպությունների բոլոր ռեսուրսները, առանց խտրականության օգտագործվում են տեղեկատվական-հոգեբանական պայքարի բոլոր հնարավոր տեխնոլոգիաներն ու մեխանիզմները:

Ռեժիմի ցուցումով փորձ է արվում վարկաբեկել Հիմնադիր խորհրդարանին, «100-ամյակը առանց ռեժիմի» շարժմանը և նրա առաջնորդ, Արցախյան պատերազմի հայտնի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանին, իսկ նրանց կազմակերպած ավտոերթը ներկայացնել որպես պետականության ու ազգային անվտանգության թիվ մեկ սպառնալիք:

Բնականաբար՝ իրեն սպառած և իր դավաճանական ու հանցավոր բնույթը բացահայտած ռեժիմի նորկևորկովյան կամակատարների հնչեցրած բոլոր պնդումներն ու մեղադրանքներն անհեթեթ են և անհիմն, սակայն դրանցից հետևյալներին անհրաժեշտ է անդրադառնալ մեր երկրում, առաջին հերթին՝ Արցախում, տիրող իրավիճակն ու դրանից դուրս գալու քայլերն ավելի լավ պատկերացնելու համար:

1.      «Ի՞նչ ռեժիմի մասին է խոսքը, աշխարհաքաղաքական ներկայիս զարգացումների պայմաններում, երբ գտնվում ենք կիսապատերազմական վիճակում և ունենք չճանաչված կարգավիճակով Արցախ, մեզ ռեժիմի փոփոխություն պետք չէ, գործող ռեժիմը բնորոշ է հետխորհրդային քաղաքական համակարգերին, դա միանգամայն նորմալ երևույթ է, մենք ավելի կարևոր խնդիրներ ունենք լուծելու, մեզ համար էական նշանակություն ունի պաշտոնական Երևանի հետ երկրորդ հայկական պետության (Արցախի), ամուր կապը, մենք պետք է միասնական լինենք և կանգնենք մեր բանակի կողքին»:

«Որևէ մեկն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվելու (ենթադրաբար՝ կառավարող ռեժիմից բացի), առավել ևս՝ ռեժիմին հակառակ քաղաքական խոսք ասելու և տեսակետ հայտնելու, քանի որ քաղաքական կուրսի փոփոխությունը կործանարար է, իսկ նոր գաղափարների առաջարկումը և դրանց փոփոխությունը՝ վնասակար»:

«Հիմք ընդունելով 1991 թ. դեկտեմբերի 10-ի Անկախության հռչակագիրը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 2006 թ. դեկտեմբերի 10-ին ընդունեց իր երկրի մայր օրենքը ` Սահմանադրությունը, որը հստակ կերպով նշում է նրա պետական սահմանները»:

Այս «փաստարկումները» կևորկովյան մեթոդաբանությամբ դրևսորվող ամբողջատիրական մտածելակերպի տիպական օրինակներ են, որոնք հիմնված են աշխարհառազմավարական գործընթացների քաղաքական և ռազմական բաղադրիչների արհեստական տարանջատման և հակադրման վրա: Դրանք հաշվի չեն առնում աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցող արմատական փոփոխությունները, որոնք մեր աչքի առաջ խարխլում են մեզ վերաբերող՝ հետխորհրդային և մերձավորարևելյան տարածքներում ձևավորված անվտանգային-տնտեսական  ստատուս-քվոները, այդ թվում՝ Արցախյան հակամարտության գոտու ստատուս-քվոն:

Առանձին հայկական հանրապետությունների, ինչպես նաև երևանյան ռեժիմի առկայությունն այդ ստատուս-քվոների արդյունք են: Դրանք այլևս որևէ կերպով չեն համապատասխանում մեր շուրջը ձևավորվող անվտանգային-տնտեսական նոր իրավիճակին, ուստի ինքնին սպառնալիք են հայկական պետականության և հայության ֆիզիկական գոյության համար:

Ներկայումս երևանյան ռեժիմն ընդամենը օտար ուժային կենտրոնների, առաջին հերթին՝ Ռուսաստանի, ձեռքին գործիք է մեր ազգային շահերի հաշվին նրանց շահերն սպասարկելու համար: Երևանյան ռեժիմն է, որ Արցախը և, դրա միջոցով՝ նաև ամբողջ Հայաստանը, վերածել է նշված ուժերի պատանդի:

Ազգովին քաղաքականությամբ զբաղվելու և մեր շուրջը տեղի ունեցող արմատական գործընթացներին համահունչ լինելու համար երկրի ներսում արմատական փոփոխություններ կատարելու, այդ թվում՝ ռեժիմին հեռացնելու կենսական անհրաժեշտությունը բխում է նաև վերջինիս ընդգծված ապազգային բնույթից ու գործելակերպից: Նա հետխորհրդային տարածքում աչքի է ընկնում յուրային երկրի ու ժողովրդի նկատմամբ վարվող այնպիսի գիշատչական քաղաքականությամբ, որը կարելի է բնութագրել միայն որպես դավաճանություն ու սպիտակ ցեղասպանություն: Նրա գործունեության հետևանքով երկիրն ահագնացող տեմպերով մարդաթափ է լինում, պետությունը կորցնում է ինքնիշխանությունը, իսկ Արցախը կանգնած է ռեալ կորստին դեմ հանդիման: Այդ պատճառով ռեժիմի առկայությունն ուղղակի սպառնալիք է դառնում ազգի և Հայրենիքի գոյության համար: Արտաքին թշնամին հարձակվում է, որովհետև ներքին թշնամին քայքայել ու թուլացրել է երկիրը:

Ուստի՝ հայության ֆիզիկական գոյության երաշխավորման, հայկական պետականության ձևավորման և այն տարածաշրջանային գործոնի վերածելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ազգովին զբաղվել քաղաքականությամբ, կազմակերպվել, հեռացնել ապազգային ու հանցավոր ռեժիմին և Արցախը դե յուրե ՀՀ-ն միացնելով՝ ձերբազատվել պատանդի կարգավիճակից:

Բացի այդ՝ քննարկման առարկա չդարձնելով Արցախի ինքնորոշումը ՀՀ-ին միանալու փոխարեն անկախության ուղիով տանելու սխալ ընթացքը, հարկ է փաստել, որ առնվազն ներքին կյանքում Արցախը որպես առանձին պետություն դիտելու մոտեցումը ոչ միայն դավաճանություն է, այլև անհեթեթություն: Հարկ է նաև հիշել, որ երկու առանձին պետություն ստեղծելու մարտավարությունը նույնպես միտված էր հետագայում դրանք միավորելու նպատակին, մինչդեռ դրանց արհեստական տարանջատումն այդ նպատակից հեռանալու և Արցախը օտարի ձեռքին մանրադրամի վերածելու ստույգ ճանապարհ է:

2.      «Շարժումը և նրա քայլերն անընդունելի են, դավաճանական, հանցավոր, անթույլատրելի, կործանարար, ապակայունացնող, պառակտիչ, սադրիչ, ձեռնտու են միայն թշնամուն, ուստի ամեն կերպով պետք է խափանել ավտոերթի մուտքը Արցախի տարածք, ինչպես նաև ռեժիմի դեմ Շարժման մասնակիցների խոսքի արտահայտումն Արցախի տարածքում»:

Ավտոերթի, այսինքն՝ նրան մասնակցող ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ արցախաբնակների, մուտքն արգելելու կոչերն ու քայլերը ազատ տեղաշարժի, իսկ Շարժման մասնակիցների գաղափարների ու տեսակետների արտահայտման արգելումը՝ խոսքի ազատության իրավունքի կոպիտ ոտնահարման գործողություններ են, որոնք պատժելի են օրենքով:

3.      «Շարժման քայլերը կարող են պառակտել հասարակությանը և քաղաքացիական պատերազմ հրահրել»:

Ռեժիմի և նրա օտար տերերի համար ներկայիս իրավիճակի պահպանումը լինել-չլինելու հարց է, ուստի նրանք ուզում են մեզ վախեցնել քաղաքացիական պատերազմով: Այդ նպատակով նրանք ձգտում են իրենց ենթակա փոքրաթիվ բաշիբոզուկային ուժերի «զորաշարժերով» քաղաքացիական պատերազմի հավանականության մտավախություններ ձևավորել: Իրականում մեր երկիրը շահեկանորեն  տարբերվում է հետխորհրդային և մերձավորարևելյան շատ երկրներից, քանի որ էթնիկական և կրոնական առումներով միատարր է, իսկ նրա ներքին սոցիալական պառակտվածությունը պայմանավորված է բացառապես փոքրաթիվ քրեական օլիգարխիայի և մնացած ամբողջ ժողովրդի շահերի բախմամբ, ուստի մեր երկրում որևէ հիմք չկա քաղաքացիական պատերազմի համար:

4.      «Թուրքիայի նախագահի կողմից Գալիպոլիի ճակատամարտի հարյուրամյակին նվիրված շինծու միջոցառման միջոցով համաշխարհային հանրության ուշադրությունը շեղելու   նպատակով կատարված մեծ աշխատանքին օժանդակելու կարիք չկա, քանի որ ցեղասպանության հարյուրամյակի օրը ակցիաներ անցկացնելով «ջուր են լցնում» մեր դարավոր թշնամու ջրաղացին,  որն ազգադավ գործողություն է»:

Նույն կևորկովյան մեթոդներով և ամբողջատիրական մտածելակերպի դիրքերից փորձ է արվում գիտակցության գաղութացման ու արժեքների շահարկման միջոցով մեր ժողովրդի միտքը պահել ցավի ու կորստի մակարդակում և թույլ չտալ, որ այդ ցավն ու կորուստը կյանքի բնականոն տրամաբանությամբ դառնան պայքարի ու վերածննդի ազդակներ: Դա, անշուշտ, ձեռնտու է թշնամուն, քանի որ նա նույնպես ամեն կերպով ձգտում է ժամանակը ճիշտ օգտագործել և մինչ մեր գիտակցության ազատագրումը զբաղեցնել հայության պայքարի ու վերածննդի ահռելի լիցք պարունակող համազգային ցավի ու կորստի խորհրդանիշը՝ ապրիլի 24-ը՝ մեզ թողնելով միայն ցավն ու կորուստը:

«100-ամյակը առանց ռեժիմի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031