Վալերի Պերմյակովին հայկական կողմին վերադարձնելու պահանջ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկայացրե՞լ է Ռուսաստանից իր գործընկերներին`հանդիպման ժամանակ: Այսօր լրագրողները նման հարց տվեցն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին`իր հրավիրած ամփոփիչ ասուլիսի ժամանակ: «Այդ ժամանակ նման հարց չի եղել: Հարց է եղել գործող բոլոր միջպետական համաձայնագրերի և օրենսդրության շրջանակներում, որպեսզի հնարավոր լինի իրավական գործընթաց իրականացնել: Առաջին հենց հայացքից ՌԴ պաշտպանության ղեկավարությունն էլ ասում էր, որ քանի որ դեպքն այստեղ է կատարվել, պետք է ճշտենք իրավական բոլոր նորմերն ու այսպես էլ իրականացնենք»,- ասաց ՀՀ պաշտպանության նախարարը:
Պատասխանելով Գյումրիի ողբերգական դեպքին վերաբերվող լրագրողների տարբեր հարցերին`նախարարը կոչ արեց. «Բերեք Պերմյակովին, ՀՀ և ՌԴ մասնագետների կողմից ստեղծված համատեղ խմբին հանգիստ թողնենք, որովհետև իրենք բավական լուրջ աշխատանք ունեն կատարելու»:
Սեյրան Օհանյանը դրա համար պատճառ ուներ. «Պետք է իմանալ՝ Պերմյակո՞վն է իրոք կատարել հանցանքը, թե ինչ-որ ուժեր կան, որ կանգնած են նրա հետևում: Ոչ ես, ոչ էլ դուք իրավունք չունենք մտնելու այդ մասնագիտական մանրուքների մեջ, որտեղ պետք է իրավապահներն աշխատեն: Համոզված եղեք, որ մեր համագործակցությունը միացյալ զորախմբի կազմում՝ ռուսական ռազմաբազայի և ՀՀ-ից ընդգրկված բոլոր զորամասերի միջև բավական բարձր մակարադակի վրա է գտնվում, այդ դեպքը չի կարող մեր միջև սեպ խրել»:
Սեյրան Օհանյանի գնահատմամբ Գյումրիում ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել, նա վստահեցրեց, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարն ու նրա տեղակալը նույնպես դատապարտում են կատարվածը եւ համոզմունք հայտնեց, որ քննությունը բոլորը հարցերի պատասխանը կտա, մեր հասարակությունը կբավարարվի:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ինչպե՞ս է Սեյրան Օհանյանը վերաբերվում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը հայկական կողմի հետ կքննարկի ադրբեջանցի դիվերսանտներից Դիլհամ Ասքերովի հարցը: Վերջինս, հիշեցնենք, ՌԴ քաղաքացի է: Սեյրան Օհանյանն ասաց, որ ինքը չի հիշում, որ Սերգեյ Լավրովը նման բան ասած լինի:
Այնուհանդերձ, նկատեց. «Միջազգային պրակտիկայում եղել են դեպքեր, երբ դատապարտվածների մի մասն այս հատվածում, մյուս մասն այն հատվածում են կրել: Այդ հարցը իրենք կարող են քննարկել ԼՂՀ ղեկավարության հետ»:
Սեյրան Օհանյանը նաեւ հավելեց, որ դա չպետք է կապել կամ զուգահեռել Գյումրիում ռուս զինծառայողի կողմից կատարված սպանության դեպքի հետ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ