Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյան. «Հակառակորդի տարածքը ցանկացած պահի կարող ենք վերածել այնպիսի թեժ գծի, որ ինքն էլ գլուխ չի հանի»

Հունվար 27,2015 12:34

«Եթե հակառակորդը կարծում է, որ մենք հանուն հրադադարի չենք անցնի կարմիր գիծը, սխալվում է: Մենք պատրաստ ենք այսօր ցանկացած գործողությունների: Հակառակորդի տարածքը ցանկացած պահի կարող ենք վերածել այնպիսի թեժ գծի, որ ինքն էլ գլուխ չի հանի»,- այսօր 2014 թվականի մամուլի ասուլիսում պատասխանելով հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմաններում վերջին, շարունակական լարվածության դեպքերին, հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հարյուր տոկոսով ասել, որ լայնամասշտաբ ռազմական գործողություններ չեն լինի, ՀՀ ռազմական կառույցի ղեկավարը ձեռնպահ մնաց, բայց վստահեցրեց` մենք ամեն ինչ կանենք, որ պատերազմական գործողությունները կանխենք:

Մեկ այլ դիտարկման, որ երեկ`ՀՀ ՊՆ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանային լարվածության առիթով բավական կոշտ ելույթ ունեցավ ու հարցին`պատրաստ ե՞նք խորտակիչ հարված տալ հակառակորդին, ՀՀ պաշտպանության նախարարը հիշեցրեց, որ 1994 թվականին Հայաստանը եւ Ադրբեջանը հրադադարի պայմանագիր են ստորագրել ու ներկայիս իրավիճակը ՀՀ ռազմական եւ ռազմաքաղաքական ղեկավարության համար ընդունելի չէ, նաեւ, նկատի ունենալով ժողովրդի մոտ առկա տրամադրությունները. «Պետք է կտրուկ որոշումներ ընդունել. կամ պետք է պահպանենք հրադադարի պայմանագիրը, կամ հակաքայլերի միջոցներ ձեռնարկենք: Եթե հակառակորդը քաղաքական առումով չի հասկանում, որ պետք է պահպանի հրադադարը, ապա բացի պաշտպանական միջոցառումներից մենք նաեւ կանխարգելիչ հարվածներ կհասցնենք»:

Պատասխանելով անցած տարի նոյեմբերի կեսերին խոցված հայկական ուղղաթիռի դեպքին, այդ առիթով հարուցված քրեական գործին վերաբերվող հարցին էլ, նախարարն ասաց, որ ծառայողական քննություն է անցկացվել, համապատասխան պաշտոնյաներն աշխատանքից ազատված են: «Քրեական գործն ընթացքի մեջ է: Մեղքը հակառակորդինն է, որը խախտել է հրադադարը ու կրակ բացել, ոչ թե ուղղաթիռի անձնակազմինը, որը փոքր շեղումով ուսումնական վարժանք է իրականացրել»:

Դիտարկմանն էլ, տարեսկզբի լարվածության արդյունքում հայկական կողմն ավելի շատ թվով զոհեր է ունեցել, քան հրապարակվում է, Սեյրան Օհանյանը պաշտոնապես հայտարարեց, որ հունվար ամսվա ընթացքում հայկական կողմը յոթ զոհ է ունեցել ու հորդորեց` թիվը մի ուռճացրեք:

Ընդհանրապես, Սեյրան Օհանյանի կարծիքով, հակառակորդի ներկայիս կեցվածքը ներքաղաքական միտում ունի`շեղել իր հասարակության ուշադրությունը երկրի ներսում առկա տնտեսական, մարդու իրավունքների ոլորտի խնդիրներից: Նաեւ արտաքին քաղաքական`ճնշումներ գործադրել միջազգային կառույցների վրա, ԼՂՀ հարցում զիջումներ կորզելու համար:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031