Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-5 աստիճանով

Հունվար 27,2015 12:24

Այս տարվա ձմեռը 1966 թվականից հետո համարվում է երկրորդ ամենատաք ձմեռը: 1966 թվականին Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասել էր մինչեւ 17 աստիճան տաքության եւ բողբոջել էր ծիրանը: Այսօր «Անալիտիկ» կենտրոնում այս տվյալները հայտնեց ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այս տարվա դեկտեմբեր եւ հունվար ամիսներին ունեցել ենք ռեկորդային տաք ջերմաստիճաններ` հատկապես դեկտեմբերի 30-ին եւ 31-ին, երբ Արարատյան դաշտում ջերմաստիճանը հասավ մինչեւ 13 աստիճան տաքության, իսկ Սյունիքում` մինչեւ 22 աստիճան տաքության: Հաջորդ ռեկորդը եղավ հունվարի 6-ին եւ 7-ին, երբ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը հասավ մինչեւ 15 աստիճան տաքության եւ Տավուշում եւ Սյունիքում` մինչեւ 20 աստիճանի»:

Ինչպես տեղեկացրեց բանախոսը` ձյան ծածկի ամենահաստ շերտը Աշոցքում է` 52 սմ. «Սովորաբար տարվա այս ժամանակահատվածում հանրապետության լեռնային շրջաններում ձյան ծածկը հասնում էր 90 սմ-ի, սակայն այս տարի այն շատ քիչ էր` մինչեւ 30 սմ»:

Ինչ վերաբերում է առաջիկա օրերի կանխատեսումներին` Գագիկ Սուրենյանը տեղեկացրեց, որ արեւմտյան տաք օդային հոսանքների ներթափանցումը շարունակվում է. «Հունվարի 28-ին եւ 29-ին որոշ շրջաններում կլինեն ձյան տեսքով տեղումներ, այնուհետեւ մինչեւ փետրվարի մեկը կլինի առանց տեղումների եղանակ»:

Եգիպտոսից սկիզբ առնող տաք օդային հոսանքների շնորհիվ ամսվա վերջին կլինի ջերմաստիճանի բարձրացում` 4-5 աստիճանով եւ Արարատյան դաշտում հնարավոր է մինչեւ 13 աստիճան տաքություն:

Փետրվար ամիսը նույնպես կլինի տաք ամիս: Գագիկ Սուրենյանի ներկայացրած տվյալների համաձայն` «ամսվա առաջին օրերին լեռնային շրջաններում` Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Արագածոտնում, Վայոց Ձորում ջերմաստիճանը ցերեկը կհասնի մինչեւ 10 աստիճան տաքության, իսկ ամսվա երկրորդ տասնօրյակում հնարավոր է 15-20 աստիճան ցուրտ` պայմանավորված ցուրտ օդային հոսանքների ներթափանցմամբ:

Լոռիում եւ Տավուշում ամսվա առաջին օրերին ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ 18 աստիճան տաքության, իսկ երկրորդ տասնօրյակում` կրկին ջերմաստիճանի անկում կլինի մինչեւ 8-10 աստիճան ցուրտ: Արարատյան դաշտում ջերմաստիճանը կլինի 15 աստիճան: Ամենատաք հատվածը կլինի Սյունիքը` 22 աստիճան տաքություն»:

Մայրաքաղաքում ամսվա առաջին օրերին կլինի մինչեւ 15 աստիճան տաքություն, իսկ ցուրտ օդային հոսանքների ներթափանցման պատճառով ամսվա երկրորդ տասնօրյակում ջերմաստիճանը կնվազի:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031