Լրահոս
Օրվա լրահոսը

Որեւէ մեկն Ալիեւին իր համաձայնությունը չի տվել շփման գիծը լարված պահելու համար

Հունվար 27,2015 14:30

Ըստ Ֆրանսիայի Ռազմական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Կայծ Մինասյանի`  թե՛ ՌԴ-ն, թե՛ Արեւմուտքը անհրաժեշտ ձեւով չեն արձագանքում Ադրբեջանի գործելաոճին:

– Օրեր առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն հանդիպեց Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին: Այդ հանդիպմանը քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ ՄԽ-ի գործունեության ծրագրերը: Այնուհետեւ հայտնի դարձավ, որ հունվարի 27-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպելու են Ադրբեջանի արտգործնախարարին: Պարոն Մինասյան, ինչո՞վ եք բացատրում Ադրբեջանի հետ առանձին հանդիպելու միջնորդների քաղաքականությունը, գուցե դա պայմանավորված է շփման գծում վերջին շաբաթների լարվածությա՞մբ, եւ միջնորդները փորձում են Ադրբեջանի իշխանություններին հատուկ ուղերձնե՞ր հասցնել:

– Չեմ կարծում, թե առանձին հանդիպումներն Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ պայմանավորված են շփման գծում լարվածությամբ: Կարծում եմ՝ այդ հանդիպումների նպատակն առավելապես բանակցային գործընթացի ապահովումն է: Հայկական կողմը կանաչ լույս է վառել, որպեսզի ադրբեջանցիների դիակները փոխանցվեն, հայկական կողմն իր համաձայնությունն է տվել, եւ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարարին՝ նրան փոխանցելու հայկական կողմի պատասխանը եւ Բաքվից ստանալու համաձայնություն` բանակցային գործընթացն առաջ մղելու` արդեն նրանցից զիջումներ ակնկալելով:

– Հնարավո՞ր եք համարում այս իրավիճակում նաեւ նախագահների մակարդակով հանդիպման կազմակերպման մանրամասների քննարկում կողմերի հետ:

– Այո, եթե Երեւանն ու Բաքուն իրենց համաձայնությունը տան, ապա համանախագահների համար հնարավոր կլինի դրական արդյունք արձանագրել կարգավորման գործընթացում` նախագահների մակարդակով նոր հանդիպում կազմակերպելով:

– Շփման գծում լարվածությունն աննախադեպ է, հակառակորդը շարունակաբար դիվերսիոն գործողություններ է իրականացնում` լարվածություն պահպանելով սահմաններում: Ադրբեջանի իշխանության պահվածքը ինչո՞վ եք բացատրում: Մեզ մոտ շատ է քննարկվում հարցը, թե ո՞ւմ «OK»-ով է Ալիեւի իշխանությունն այսպես իրեն դրսեւորում, երբ նույնիսկ արդեն հայաստանյան բնակավայրերն են գնդակոծվում: Ձեր կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունը ստացե՞լ է որեւէ կողմից համաձայնություն՝ շփման գիծը թեժ պահելու հարցում:

– Ոչ, որեւէ մեկը նրան չի տվել այդ համաձայնությունը: Բայց քանի որ լարվածությունը պահպանվում է, իսկ շահագրգիռ կողմերը իրականությունը չեն ասում, ադրբեջանցիներն իրենց ավելի ազատ են զգում` գիտենալով, որ համարժեք դատապարտում չի լինելու, կոշտ քննադատություն չի լինելու, այդ իսկ պատճառով նրանք շարունակում են իրենց գործելաոճը: Եվ եթե որեւէ մեկը քեզ չի սաստում, նշանակում է՝ ինչ-որ առումով նաեւ կանաչ լույս է վառում քեզ համար: Ուրեմն թե՛ Ռուսաստանը, թե՛ Արեւմուտքը անհրաժեշտ ձեւով չեն արձագանքում, եւ վստահ եմ, որ ադրբեջանցիները ձգտում են ցույց տալ, որ հակամարտությունը լուծված չէ, որպեսզի ճնշումներ բանեցվեն Հայաստանի, ինչպես նաեւ համանախագահների ուղղությամբ՝ միաժամանակ ցույց տալով, որ իրենց բանակը պատրաստ է` եթե բանակցություններում հաջողություն չգրանցվի, ապա ռազմական լուծումն է ելքը:

– Վերջերս Էրդողանը հայտարարեց, որ Դարդանելի ճակատամարտի 100-ամյակը նշվելու է ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, եւ այդ առիթով հրավերներ ուղարկվեցին աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին: Փաստորեն Էրդողանն այս ձեւով մերժեց Սերժ Սարգսյանի` ամիսներ առաջ արած հրավերը` 2015թ. ապրիլի 24-ին այցելել Երեւան, Ցեղասպանության հուշահամալիր: Թուրքիայի այսպիսի իշխանություններից նույնիսկ ապրիլի 24-ից հետո հաշտեցման գնալու պատրաստակամություն կարելի՞ է ակնկալել:

– Նախ կցանկանայի ընդգծել, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պատասխանը՝ ուղղված Թուրքիայի նախագահ Էրդողանին, հրաշալի էր, եւ կուզենայինք, որ Հայաստանի իշխանությունները նման կեցվածք դրսեւորեին բոլոր ասպարեզներում` դիվանագիտական, տնտեսական, համագործակցության հարցերում, այսինքն` ինքնիշխան, ինքնուրույն քաղաքականություն: Ինչ վերաբերում է հարցին, թե ի՞նչ կարելի է ակնկալել Թուրքիայի ներկայիս իշխանությունից, ապա եթե ինչ-որ բան սպասելու ենք, ապա կարծում եմ՝ կարելի է ակնկալել Թուրքիայում հունիսին կայանալիք ընտրություններից հետո (Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները նախատեսվում է անցկացնել 2015թ. հունիսի 7-ին- Է. Գաբրիելյան): Նշում եմ «եթե»-ով, որովհետեւ չգիտենք, թե ինչ զարգացումներ կլինեն:

Հաջորդը` այս նամակագրություններից, հրավերներից հետո ինչպիսին կարող է լինել հաջորդ հանգրվանը, արդյոք Հայաստան-Թուրքիա արձանագրությունները կրկին ասպարեզում կհայտնվե՞ն, եթե՝ այո, ապա ինչպե՞ս` նույն բանակցությունների միջոցո՞վ: Պետք է սպասել, հասկանանք՝ Հայաստանի իշխանությունների գիծը այս հարցում ո՞րը պետք է լինի: Կա՛մ իրավիճակը կպահպանվի այնպես, ինչպես Սերժ Սարգսյանի նամակի բովանդակության մեջ էր արտացոլված, կա՛մ պետք է սպասել հունիսի վերջին Թուրքիայից հնարավոր նոր ազդակների: Եթե հայ-թուրքական արձանագրությունները պետք է վերջնականապես չեղյալ հայտարարվեն, այդ դեպքում, կարծում եմ, փոփոխություններ կլինեն նաեւ Հայաստանի կառավարության կազմում: Իսկ եթե այդ արձանագրությունները դեռ կյանք ունեն, ապա այդ ժամանակ Հայաստանի քաղաքական կյանքը կմնա այնպիսին, ինչպես որ այժմ է: Մեկ անգամ եւս ցանկանում եմ շեշտել, որ Հայաստանի նախագահի պատասխանը հրաշալի էր, ճշգրիտ էր, տեղին, նույնիսկ անսպասելի էր, չէինք սպասում այդ ոգով պատասխանի:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031