Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս դպրոցականներ Հնդկաստան մեկնելու ուղեգրեր ստացան

Հունվար 27,2015 10:07

Հնդկաստանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առիթով «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում  կազմակերպվել է ընդունելություն, որին ներկա է գտնվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Միջոցառման ընթացքում ամփոփվել են «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթի արդյունքները, որը կազմակերպվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության, ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանատան և «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ջանքերով:

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն իր խոսքում շնորհավորել է Հնդկաստանի դեսպանին և հնդիկ ժողովրդին՝ Հնդկաստանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ շեշտելով տպավորիչ առաջընթացը, որն ապրում է Հնդկաստանի Հանրապետությունը վերջին տարիներին՝ ցուցադրելով ոչ միայն բացառիկ մշակութային արժեքներ, այլև տպավորիչ տնտեսական աճ և ռազմական ներուժ: «Ժամանակակից Հնդկաստանը նորագույն տեխնոլոգիաների, որակյալ կրթության, բարի և ջերմ մարդկանց երկիր է: Խորհրդանշական է, որ անցյալ տարի մենք նախաձեռնեցին մի մրցույթ, որն անսպասելիորեն դարձավ ամենազանգվածային ստեղծագործական մրցույթներից մեկը Հայաստանի դպրոցականների համար: Հարյուրավոր հայ աշակերտներ, մեկ ամիս շարունակ առաջնորդվելով «Ես սիրում եմ քեզ, Հնդկաստա՛ն» գաղափարով, իրենց ջերմությունն ու սերը նվիրեցին հնդիկ ժողովրդին՝ նկարների ու շարադրությունների միջոցով: Հուսով եմ, որ այս գեղեցիկ միջոցառումը կունենա շարունակություն, և մենք  կկազմակերպենք նույնպիսի մրցույթ նաև Հնդկաստանում, որտեղ հարյուրավոր հայ աշակերտների կողքին կկանգնեն հազարավոր հնդիկ աշակերտներ՝ նվիրելով իրենց սերը հայ ժողովրդին»,- իր խոսքում նշել է Արմեն Աշոտյանը:

Իր հերթին Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն, շնորհակալություն հայտնելով նախարարին՝ մրցույթի կազմակերպմանն աջակցելու համար, ընդգծել է, որ «Հնդկաստանն իմ պատկերացումներով» նկարչության և շարադրության մրցույթը դեսպանատան ամենամեծ նախաձեռնություններից էր.« Այս մրցույթը հայ-հնդկական բարեկամության ամրապնդմանը նվիրված ամենամեծ դիվանագիտական հաղթանակն է»,- իր խոսքում նշել է դեսպանը:
Այնուհետև հայտարարվել է հաղթողների անունները, որոնց մրցանակները հանձնել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը: Մրցանակային առաջին տեղեր գրաված 4 դպրոցականներ՝ Նանե Պետրոսյանը և Վիկտորյա Թորոսյանը /շարադրություն/, Սիրանուշ Մխիթարյանը և Ալվարդ Բաղդասարյանը /նկարչություն/, ստացել են Հնդկաստան մեկնելու ուղեգրեր:

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031