Ավարտվեց «Միանում ենք պահանջին» նախաձեռնության երթը: Նախաձեռնության անդամ Նարեկ Այվազյանը երթի ավարտին նշեց, որ չի կարծում, որ այդ 1 երթով Հայաստանի Հանրապետության իշխանությունները կամ Ռուսաստանի Դաշնությունը իրականացնելու են իրենց պահանջը` փոխանցելու են Պերմյակովին ՀՀ իրավապահներին: Նա ասաց, որ նախաձեռնությունը շարունակելու է միջոցառումներ կազմակերպել. «Մեր բոլորի միանալով իշխանությունները ճնշում կստանան, այդ ճնշումն իր ազդեցությունն կունենա եւ արդարություն կիրականանա: Կոչ ենք անում այն քաղաքացիներին, որոնք ներկա չէին այսօր միանան մեզ, մենք բաց ենք ցանկացած առաջարկի համար»:
Նախաձեռնության անդամ Գոռ Առաքելյանը հավելեց, որ ավելի ճիշտ կլիներ, եթե երթի մասնակիցները քանակով ավելի շատ լինեին, նրա կարծիքով` այդպես նախաձեռնությունը ավելի շուտ կհասներ իր նպատակին. «Մենք չենք ընկրկելու, որ մենք քանակով քիչ ենք: Ես համոզված եմ, որ սա միայն հուզական հարց չէ, այո’, կատարվել է ողբերգություն, այո’ ցավակցում ենք նրանց հարազատներին, սակայն այդ ամենը արդեն դուրս է եկել հուզական մակարդակից, հիմա այն կրում է ինքնիշխանության, ազատ, անկախ երկիր ունենալու, անկախ որոշումներ կայացնելու, արժանապատվության խնդիր, որը կարծում եմ` ցանկացած քաղաքացու խնդիրն է»:
Նա նշեց նաեւ, որ «Միանում եմ պահանջին» նախաձեռնությունը հունվարի 29-ին պատրաստվում է Ազատության հրապարակում հանրային քննարկումներ անցկացնել:
Հիշեցնենք` «Միանում եմ պահանջին նախաձեռնությունը իր այս երթով կոչ էր անում ռուսական կողմին իրականացնել Հայաստանի Հանրապետության հետ կնքած միջպետական իրավական ակտերի պարտավորությունները եւ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեղադրյալին փոխանցել ՀՀ իրավապահներին:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ