ՀՀ առողջապահության նախարարին է դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Մուրադ Ասրյանը: Նա խնդրում է դադարեցնել բուժհիմնարկներից մեկի լիցենզիան:
Փաստաբանը վկայակոչում է «ՀՀ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» հոդվածը, համաձայն որի «ՀՀ Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի՝ 2-րդ հոդվածի՝
Բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակներն են`
ա) առաջնային բժշկական օգնությունը` որպես յուրաքանչյուր մարդու համար անվճար, առավել մատչելի մեթոդների և տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ, որը երաշխավորվում է պետության կողմից.
Կարդացեք նաև
բ) մասնագիտացված բժշկական օգնությունը` որպես ախտորոշման և բժշկական առանձնահատուկ մեթոդների ու բարդ բժշկական տեխնոլոգիաների վրա հիմնված բժշկական օգնության և սպասարկման տեսակ:
Բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը և կառուցվածքը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Համաձայն Կ-XX-000513 լիցենզիայի, որը տրվել է «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ Առողջության Վերականգնողական Կենտրոն» ՍՊԸ-ին ,վերջինս իրավունք ունի իրականացնել հետևյալ բժշկական օգնության և սպասարկման տեսակները՝ բժշկական ընդհանուր պրակտիկա, ախտորոշիչ:
Ընկերությունը գովազդում է իր ծառայությունները, մասնավորապես բուժում է տեսողությունը, լսողությունը, շաքարային դիաբետը և այլ հիվանդությունները:
«Բժշկական ընդհանուր պրակտիկան» որպես բժշկական օգնության և սպասարկման տեսակ համաձայն ՀՀ Կառավարության 27 մարտի 2008թ.-ի N 276-Ն որոշման հանդիսանում է՝ առաջնային բժշկական oգնություն:
Ըստ փաստաբանի, «Ախտորոշիչ» որպես բժշկական օգնության և սպասարկման տեսակ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված չէ, վերը հիշատակված որոշմամբ սահմանված է հետևյալ տեսակները՝ լաբորատոր-ախտորոշիչ, որոնք էլ իրենց հերթին ստորադասվում են՝ կլինիկական, կենuաքիմիական (բիոքիմիական), (uերոլոգիական), հյուuվածքաբանական, գենետիկական, թունաբանական, մակաբուծական, իմունոլոգիական, բակտերիոլոգիական, ճառագայթային ախտորոշիչ…
«Անհասկանալի է, թև ՀՀ Առողջապահության նախարարությունը նշելով Ընկերության լիցենզիայի մեջ «ախտորոշիչ» բառը ինչ բժշկական օգնության և սպասարկման տեսակով է թույլատրել, որպեսզի այս Ընկերությունը զբաղվի»,-գրում է փաստաբանը:
Նույն կառավարության որոշմամբ սահմանվել է նաև մասնագիտացված և նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման տեսակները, որոնք նշված չեն Ընկերության Կ-XX-000513 լիցենզիայում:
«Ստացվում է, որ տվյալ ընկերությունը զբաղվում է մասնագիտական և նեղ մասնագիտական գործունեությամբ, չունենալով այդ բժշկական օգնության և սպասարկման տեսակով զբաղվելու իրավունք:
Ավելին, ես 13 հունիսի 2014թ.-ին հետևյալ հարցմամբ դիմել եմ ՀՀ Առողջապահության նախարարություն՝ «խնդրում եմ հայտնել «Ռ և Պ ՍԿԷՆԱՌ Առողջության Վերականգնողական Կենտրոն» ՍՊԸ-ն արդյո՞ք իրեն տրված լիցենզիայով իրավասու է բուժել անձի լսողությունը»: Ինձ 11.07.2014թ.-ին պատասխանել են, որ ՀՀ ԱՆ բժշկական մասնագիտությունների ցանկում ընդհանուր պրակտիկայի բժիշկը ներկայացվում է որպես ընտանեկան բժիշկ: Վերջինիս գործողությունների մեջ «սկէնար» թերապիան չի ներկայացվում, ավելին, ընտանեկան բժիշկների մասնագիտացման և կատարելագործման ծրագրերում այդ մեթոդն ընդգրկված չէ»,-նշում է փաստաբանը:
Ըստ վերջինի, ընկերությունը քաջ գիտակցելով, որ իրավունք չունի զբաղվել նեղ մասնագիտացված բժշկական օգնության և սպասարկման տեսակներով, այնուամենայնիվ, «հիվանդների վստահությունը չարաշահելով ուղղակի դիտավորությամբ և շահադիտական նպատակով համոզում է հիվանդներին վճարել գումարներ այն բժշկական օգնության տրամադրման համար, որը նա ի սկզբանե իրավունք չունի իրականացնելու, և այն իրականացնում է՝ ժամկետանց բժշկական սարքերով»:
Փաստաբանի տեղեկացմամբ, ընկերությունը իրականացրել է բժշկական գործունեություն ոչ համապատասխան իրեն տրված լիցենզիայի պահանջների և արդյունքում որևէ դրական փոփոխություն չի արձանագրվել, ներկայացնում ենք երկու դեպք.
- Գոհար Աղաջանյանը իր դստեր՝ Մերի Շ-ի դժվարալսողության խնդիրը լուծելու համար 16.08.2012թ.-ին դիմել է Ընկերությանը և վճարել է 535 000 ՀՀ դրամ, որպեսզի Ընկերությունը վերականգնի Մերի Շ-ի լսողությունը: Մերի Շ-ն Ընկերության մոտ բուժվել է 16.08.2012թ.-ից մինչև 09.10.2012թ.: Համաձայն 09.10.2012թ.-ին Ընկերության կողմից տրված էպիկրիզի՝ «աուդիոգրամայի տվյալներով լսողությունը լավացել է 10-25 db. տարբեր հաճախականությունների վրա»: Համաձայն ՀՀ ԱՆ Հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետի թիվ 23/հձ եզրակացության՝ «ինչ վերաբերվում է «Սկէնառ» մեթոդով իրականացված բուժմանը, ապա դատելով 2012թ. օգոստոս ամսից մինչ օրս կատարված աուդիոմետրիկ հետազոտությունների արդյունքներից, հանձնաժողովը գտնում է, որ ըստ էության վերոնշյալ մեթոդով կատարված միջոցառումները /«Սկենառ թերապիա»/ չեն ունեցել ոչ դրական ոչ էլ բացասական արդյունքներ»:
- Մարինե Ջամալյանը, գանգատվելով նյարդային գերլարվածությունից, ողնաշարի պարանոցային և գոտկային հատվածներում ցավերից, ոտքերում թուլությունից, ինքնուրույն դժվարանալով քայլելուց, կանգնելուց, 12.07.2013թ.-ին դիմել է «Ս.Մ.Բերեզինի անվան բիոլոգիական համակարգի Միջազգային ինստիտուտի բժշկական ախտորոշման կենտրոն»: Այնտեղ հետազոտել են նրա ողնաշարի գոտկա-սրբոսկրային հատվածը և հետևյալ եզրակացություն են տվել ՝ «L4 ողի առավել ծավալային ախտահարմամբ բնույթի ՄՌ նկարագիր, ողի մարմնի պաթոլոգիական կոտրվածքի նշաններ և ողնաշարային կանալում ընդլայնված ընթացք, այդ մակարդակում լուսաշերտի ստենոզ: Ողնաշարի գոտկա-սրբոսկրային հատվածի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ»: Այնուհետև նա 14.08.2013թ.-ին դիմել է Ընկերությանը և վճարել է 450 000 ՀՀ դրամ որպեսզի վերջինս վերացնի այդ խնդիրները: Մարինե Ջամալյանը Ընկերությունում բուժվել է 14.08.2013թ.-ից մինչև 07.10.2013թ.: Ընկերության կողմից տրված էպիկրիզի համաձայն՝ «Հիվանդի ընդհանուր վիճակը բավարար է, թուլություն չկա, ցավերը և թմրածությունը վերջույթներում պակասել են, ողնաշարի պարանոցային հատվածում ցավեր չկան, գոտկային հատվածի ցավերը պակասել են, քայլելը հեշտացել է»:
Ընկերությունը Մուրադ Ասրյանի դիմումի համաձայն իրականում չի բուժել Մարինե Ջամալյանին, քանի որ համաձայն 25.03.2014 և 26.03.2014թ. «Արտմեդ Բժշկական Վերականգնողական» ՓԲԸ-ի համակարգչային տոմոգրաֆիայի (այսուհետ՝ Տոմոգրաֆիա) պատասխանն խոսում է այն մասին, որ Մարինե Ջամալյանի մոտ Եզրակացությունում նշված խնդիրները չեն վերացել, ընդհակառակը նրա առողջությանը պատճառվել է վնաս՝ L5 ողի ծավալային գոյացություն չնայած այն հանգամանքին, որ Մարինե Ջամալյանը պատշաճ պահպանել է Ընկերության բոլոր ցուցումները:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ