Լրահոս
Օրվա լրահոսը

Միքայել Աջապահյան. «Ուրիշներն ապուր եփեն, ժողովրդին բորբոքեն, ես էլ հանգստացնո՞ղ աշխատեմ»

Հունվար 26,2015 21:05

Շիրակի հոգեւոր առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանն, անդրադառնալով ոճրագործին հայ իրավապահներին  հանձնելու պահանջով  գյումրեցիների փողոց դուրս գալուն, ասաց. «Մարդկանց փողոց դուրս գալը շատ բնական է, շատ անբնական կլիներ, եթե մարդիկ փողոց դուրս չգային, այ, դա կլիներ անբնական, ուղղակի ինչպես ես ուրիշ անգամներ արտահայտվել եմ, ճիշտ ժամանակ չէր ընտրված, որովհետեւ նախ եւ առաջ պետք է ննջեցյալները հողին հանձնվեին, նոր դրանից հետո փողոց դուրս գալու տրամադրությունը ցուցաբերվեր, արտահայտվեր: Ժամանակային առումով մի քիչ շտապեցին եւ շտապեցին, որերորդ անգամն եմ ասում, անզգույշ հայտարարությունը  գլխավոր դատախազության գործընթացն արագացրեց: Այլապես վստահ եմ, որ մեր ժողովուրդն այդքան իմաստություն, գիտակցությունն ուներ, որպեսզի հուղարկավորությունից հետո իր բողոքն արտահայտեր հրապարակային, փողոցային ցույցերի եւ երթերի ձեւով: Այլապես այդ անզգույշ արտահայտությունն էր, որ գործընթացն արագացրեց, բայց այսպիսի եղեռնագործությունից հետո եւ այսպիսի արձագանքից հետո ասենք թե ռուսական իշխանությունների կողմից եւ նաեւ հայկական իշխանությունների լռությունից հետո բնական էր,  որ ժողովուրդը պիտի փողոց դուրս գար, անբնական կլիներ, եթե դուրս չգար»:

Ըստ Սրբազանի, հիմա կարծես թե դրական միտումներ կան ռուսական դիրքորոշման եւ մոտեցման մեջ, ուստիեւ ինքը  մանկան հոգեհանգստի արարողության  ժամանակ ու հաջորդող օրերին  ժողովրդին հորդորել է,  որպեսզի  ժողովրդի պահանջատիրությունը մտնի խաղաղ ու հանդարտ փուլ:

«Փողոցային ցույցերի անհրաժեշտություն այս պահին չկա եւ տա Աստված, որ երբեք չլինի , հարցերին պատասխանները տրված չեն, բայց պատասխաններ տալու ցանկությունը  ես տեսնում եմ: Դրական միտումները տեսնում եմ. ռուսական քննչական կոմիտեի ղեկավարի այցը, որից հետո եղավ հայտարարություն, որ հայկական կողմն է քննությունը վարելու, եւ ռուսական կողմը օժանդակելու է, ոչ թե ռուսական կողմն է վարելու: Սա լուրջ փոփոխություն էր ռուսական կողմի մոտեցման մեջ, նաեւ այն հայտարարությունը, որ դատավարությունը պետք է լինի բաց եւ հրապարակային  Հայաստանի հանրապետության տարածքում, դա էլ մեզ հուսադրում է. համենայնդեպս  ռազմաբազայում բաց եւ հրապարակային դատավարություն ապահովել հնարավոր չէ: Ռազմաբազան փակ ռեժիմի տարածք է, եւ այդտեղ  բնականաբար բաց եւ հրապարակային դատավարություն անել հնարավոր չէ: Իսկ ռազմաբազայից դուրս էլ ,բնականաբար,  ռուսական դատարանը չէ, որ իրավասու է դատել, հայկական դատարանն է անելու»:

Իսկ  եթե ժողովրդի պահանջը չբավարարվի, հնարավո՞ր է դարձյալ փողոց դուրս գա: «Ի սկզբանե ասացի, Աստված մի արասցե…Այո, ժողովուրդը կարող է դարձյալ փողոց դուրս գալ, եթե դարձյալ լինի որեւիցե մի անզգույշ արտահայտություն եւ եթե լինի որեւիցե ոչ ճիշտ մոտեցում եւ չկատարվի ժողովրդի մինիմալ պահանջը: Ժողովուրդը մեծ պահանջ չի դնում:Ես առաջին օրվանից ասել եմ՝ մեծ պահանջ չի դնում, մեծ անիրական պահանջ լիներ, թերեւս ասենք հինգ օրում ռազմաբազան տարեք էստեղից, այ, սա կլիներ անիրական: Բայց ժողովուրդը անիրական պահանջ չի դնում, հանցագործին հանձնեք հայ իրավապահներին, անհնարին բան չկա, եթե ինչ-որ մի գործընթացի հարց է, մի թուղթ ավել ստորագրելու հարց է , լավ, ժողովուրդը դրան կսպասի, բայց Աստված մի արասցե , որ ժողովուրդը տեսնի, որ ինքը մերժված է: Անկանխատեսելի հետեւանքների կբերի եւ դրա պատասխանատվությունը կընկնի պատասխանատուների վրա, մեզ վրա չի ընկնելու: Թող դրանից հետո չասեն,  Սրբազանը այս ինչ խոսքն ասաց, այն ինչ խոսքն ասաց: Ես ուրիշ անգամ էլ ասացի՝ ես հավիտենապես շանթարգել չեմ կարող աշխատել   էստեղ, ուրիշներն ապուր եփեն, ժողովրդին բորբոքեն, ես էլ հանգստացնո՞ղ աշխատեմ»,-նախազգուշացրեց Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Զարզանդ says:

    Համբուրում եմ Ձեր աջը Սրբազան։

  2. Արցախուհի says:

    Այսպիսի հոգևորականների,մտավորականների,քաղաքական գործիչների կարիք ունեք

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031