Լրահոս
Օրվա լրահոսը

Սուրիկ Խաչատրյանի մասին 90-ականներին մամուլում հայտնված հրապարակումները դատարանում են

Հունվար 26,2015 20:17

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդդեմ Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր Սամվել Հարությունյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց:

Նա նախ անդրադարձավ այն հանգամանքին, որ Սուրիկ Խաչատրյանը հերիք չէ թույլատրված ժամկետից ուշ է ներկայացրել իր դեմ հայցադիմումը, ուշացումից բացի ոչ իր անձնագրային տվյալներով է ներկայացրել:

«Հայցը ուշացումով ներկայացնելն էլ պատճառաբանված էր իր՝ շատ վատ վիճակում գտնվելով, ասել էր, որ տեղյակ չի եղել: Ես ձեզ վստահեցնում եմ, որ նա շատ հանգիստ վիճակում է  եղել դեպքից հետո ու պատշաճ կարող էր ծանոթանալ իմ հրապարակումներին ու կասկած չունեմ, որ ծանոթացել է: Նա առավոտից երեկո Արմենիա հյուրանոցի սրճարանում նստած է  եղել»,- դատարանում ասաց Սամվել Հարությունյանը

ու միջնորդեց, որ դատարանը իր դեմ սկսված գործի քննությանը կցի այդ ընթացքում Սուրիկ Խաչատրյանի հարցազրույցները, որոնք, ըստ Սամվել Հարությունյանի, ապացուցում են, որ Սուրիկ Խաչատրյան նորմալ վիճակում է եղել:

Հիշեցնենք, որ Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել նախկին քաղաքապետին ու զրպարտության համար պահանջում է 1,5 միլիոն դրամ փոխհատուցում:

«Իմ բերած հրապարակումները, միջնորդությանը կցված, հերքում են նրա ասածները, թե ինքը վատ է եղել»,- շարունակեց նախկին քաղաքապետն ու իր այս միջնորդության բավարարումից հետո դատարանին ներկայացրեց հաջորդ միջնորդությունները:

Գործի քննությանը կցել 1990, 1993, 1996, 2000 թվականների հրապարակումները, որոնք, ըստ Սամվել Հարությունյանի, ներկայացնում են  Սուրիկ Խաչատրյանի հանցագործությունները՝ այդ թվում նաեւ Գորիսի բնակիչ Անուշավան Առուշանյանին հրազենային վիրավորանք հասցնելու դեպքը:

Հիշեցնենք, որ Անուշավան Առուշանյանը նույնպես միացել է Սուրիկ Խաչատրյանին ու դատի տվել նախկին քաղաքապետին՝ պահանջելով հրապարակային ներողություն խնդրել իր մասին տեղեկատվություն տարածելու համար, նա պահանջում է նաեւ իր մասին տեղեկությունների հերքում:

Առուշանյանի պաշտպանը պնդեց, որ նախկին քաղաքապետը զրպարտել ու վիրավորել է իր պաշտպանյալին ու դժգոհեց, թե ով է նախկին քաղաքապետին տվել լիազորություններ իր պաշտպանյալի մասին տեղեկատվություն հավաքել ու տարածել. «Ձեզ ո՞վ է կարգել իմ պաշտպանյալի իրավունքների պաշտպան, դուք զրպարտում եք»:

«Այս երկրում մեկը չկա, որ ապացուցի, որ զրպարտիչ եմ, այդ հոդվածները, որոնք կցել եմ իմ միջնորդությանը, հիմք որ իմ ասածները ճշմարտություն են, դրանցում չկան զրպարտություններ, այդ հանցագործությունների մասին ես չեմ ասում, դատավճիռներն են ասում»,- հակադարձեց Սամվել Հարությունյանը:

Նրա որոշ միջնորդություններ էլ վերաբերում էին Սուրիկ Խաչատրյանին միացած Արեւիկ Միրզոյանին:

Հիշեցնենք, որ նա էլ է միացել Սուրիկ Խաչատրյանի հայցադիմումին ու դատի տվել Սամվել Հարությունյանին՝ իրեն զրպարտելու համար:

Արեւիկ Միրզոյանին վերաբերող  բոլոր միջնորդությունների քննարկումը դատարանը հետաձգեց, քանի որ ոչ Արեւիկ Միրզոյանը ոչ էլ նրա պաշտպանը դատական նիստին ներկա չէին:

Սամվել Հարությունյանը միջնորդեց նաեւ քննվող գործով պահանջել Անուշավան Առուշանյանին եւ Արեւիկ Միրզոյանին հրազենային վիրավորանք հասցնելու դեպքով սկսված ու կասեցված քրեական գործի նյութերը: Դատարանը որոշեց, որ կարողանա բավարարել այս միջնորդությունները, Սամվել Հարությունյանը պետք է բերի ապացույց, որ ինքնուրույն հնարավորություն չի ունեցել այդ նյութերը ձեռք բերել:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց մարտի 27-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Ամոթ է իսկապես. ո՞նց կարող է այս մարդը լինել Սյունիքի մարզպետ՝ հատկապես Գյումրիի սպանդի ֆոնի վրա:

    Լիսկան բանտու՛մ պիտի լինի. վերջակետ:

  2. Վերբերմունքը եղանակի փոփոխություններից է կախված: Փողն ու իշխանությունը ջերմանելու հատկություն ունեն, եթե փակ տարածքում եք:

  3. վահան says:

    Դատարան ունենք աշխարհը չի տեսել! //Սամվել Հարությունյանը պետք է բերի ապացույց, որ ինքնուրույն հնարավորություն չի ունեցել այդ նյութերը ձեռք բերել: // – Մարդն ակնհայտորեն նյութերը պահանջել է, իսկ տվողները չեն տվել: Հիմա էլ նրան “սպրավկա” պիտի տան առ այն, որ ինքը ուզել է իսկ իրենք չեն տվել! Այդ խելոք դատավորի կարծիքով՝ պատասխանը որը կլինի? Կամ կլինի պատասխան?

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031