Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի գործով դատական նիստին այսօր Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արեւիկ Միրզոյանի դիմումը:
Արեւիկ Միրզոյանը, Սամվել Հարությունյանի պնդմամբ, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նախկին սիրուհին էր, ում վրա, կրկին ըստ Սամվել Հարությունյանի, տարիներ առաջ կրակել էր Սուրիկ Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ հենց կրակելու մասին այդ տեղեկության համար էլ Սուրիկ Խաչատրյանը դատի է տվել Սամվել Հարությունյանին ու զրպարտության համար պահանջում է 1,5 միլիոն դրամ:
Հիշեցնենք նաեւ, որ Սուրիկ Խաչատրյանի հայցին միացել է նաեւ Արեւիկ Միրզոյանը:
Կարդացեք նաև
Բայց դեռեւս որեւէ դատական նիստի նա կամ իր շահերի պաշտպանը չեն ներկայացել: Այսօր Արեւիկ Միրզոյանի դիմումը դատարան էր բերել մի տղամարդ, որը ներկայացավ որպես Արեւիկի ծանոթ ու ցանկացավ նրա մի քանի էջանոց դիմումը դատարանին փոխանցել, բայց դատարանը մերժեց դիմումը վերցնել՝ հիմնավորելով, որ նման դիմումներ կարող է վերցնել միայն Արեւիկի շահերի պաշտպանից:
Այդ դիմումը դատարանի փոխարեն անծանոթ տղամարդուց վերցրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտպանը՝ Մարտին Զիլֆուղարյանը: Նա չցանկացավ մեզ դիմումի բովանդակությունը ներկայացնել կամ բացատրել՝ ինչու ինքը վերցրեց:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ