2014թ․ նոյեմբերի 13-ի մեր ներկայացրած «Ոչնչացվող անտառի հետքերով» տեսանյութ-ահազանգի արդյունքում հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի անտառտնտեսությունում բազմաթիվ ծառահատումների հեղինակներին և կազմակերպիչների պարզելու նպատակով։ Հիշեցնենք, որ այս դեպքի հանրային մեծ արձագանք ստանալուց հետո, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները պնդում էին, որ հատվել է ընդամենը 12 ծառ, իսկ ապօրինի ծառահատում իրականացնողները գտնվել են՝ դրանք հարակից տարածքում գործող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի աշխատակիցներն են։
Հարուցված քրեական գործի շրջանականերում 2015թ․ հունվարի 14-ին գնացել էինք դեպքի վայրի տեղազննման։ Երեք ժամն էլ բավական եղավ, որպեսզի քննիչը, «Հայանտառ»-ի և բնապահպանական տեսչության ներկայացուցիչները համոզվեն, որ խայտառակ և անվերահսկելի վիճակ է։ Բացի վերը նշված 12 ծառից, հայտնաբերվեցին և չափագրվեցին ևս 25 անօրինական հատված թարմ ծառերի կոճղեր, բազմաթիվ ճյուղեր և փայտանյութ։ Տարածքում առկա էին նաև բազմաթիվ ավելի հին (3 և ավել տարվա) հատված ծառեր, որոնց վրա նույնպես բացակայում էին օրինականությունը հաստատող համապատասխան կնիքները։
Համոզված լինելով, որ նմանատիպ ապօրինի ծառահատումները համատարած բնույթ են կրում, և այսպիսի պատկերներ ցանկության դեպքում կարելի է ու անհրաժեշտ է հայտնաբերել նաև այլ վայրերում, մենք շարունակելու ենք պարբերաբար այցելել անտառապատ տարածքներ և անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի կանխվի Հայաստանի անտառների ոչնչացումը։
Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն քննիչ Մովսես Թամազյանին հստակ և արհեստավարժ աշխատանքի համար՝ ինչը հազվադեպ երևույթ է մեր իրավապահ համակարգում։ Հուսով ենք, որ այս դեպքի քննության արդյունքներն էլ կլինեն այդպիսին։
Կարդացեք նաև
Դիտեք նաև տեղազննության մասին պատմող տեսանյութը՝
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)
Այդ ՀԷԿ-ը սովորական քաղաքցու չի պատկանում և հասկանալի է , որ սերժահովանավորյալ է, էլ ինչ ձևեր են և ի*նչ նպատակով:Պղծված բնությունը պղծվածների գոյության արդյունքն է:Սերժոյապետության դերասաններ: