Վարդան Պետրոսյանի դատավճիռը կհրապարակվի հունվարի 29-ին:
Այդ մասին հայտնեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը, որը մտավ խորհրդակցական սենյակ:
Մինչ այդ ռեպլիկով հանդես եկան տուժող, «Նիվա» մեքենայի վարորդ Արթուր Հակոբյանը, Վարդան Պետրոսյանի պաշտպաններ Սամվել Ջաղինյանը,. Նիկոլայ Բաղդասարյանն ու Վարդան Պետրոսյանը:
Արթուր Հակոբյանն ասաց, թե սիրված դերասանը երկու տասնվեցամյա տղաների մահվան պատճառ է դարձել:
Կարդացեք նաև
Ըստ տուժողի, թե նրա, թե նրա պաշտպանի նախորդ նիստում ասածները «ծայրից ծայր սուտ են»: Ա.Հակոբյանն ասաց, թե Վարդան Պետրոսյանի հարազատներն են դիմել իրենց հաշտության համար, ու երբ պետք է տեղի ունենար հանդիպումներից մեկը՝ տեսել են մի հրապարակում, որը Նիկոլայ Բաղդասարյանի հրապարակումն էր՝ կապված իրենց դստեր՝ Տաթեւիկ Հակոբյանի բուժման հետ:
Տուժողը նաեւ հայտնեց, որ իր եղբայրը տնից դուրս է հանել բիզնեսմեն Հովնանյանին, որն առաջարկել է, որ ինքը վթարի մեղքը վերցնի իր վրա:
«Իրենք հաշտեցում են ուզում իմ վրա մեղքը վերցնելով: Իրենց հաշտեցումը այդպես է եղել: Նրանք ուզում են միշտ ֆռռացրած լինել, ու մի հատ էլ ծափահարություններով ողջունում են, մնում է մի հատ էլ մեդալ տան»,- ասաց Ա. Հակոբյանը:
Նա ասում էր, որ փոխհատուցման գումարը իրենց օրենքով է հասնում:
«Շատ հարցեր կան պարզելու: Ոնց է այդ հարցերի տակից դուրս գալու: Կուզեի, որ Վարդանը հրաժարված լիներ իր պաշտպանից»,- ասաց տուժողը:
Նա բորբոքված հարցնում էր. «Ո՞նց կարող եմ երկու զոհ ունենալ, ու Վարդանը ասի՝ գերեզմանը ոնց սարքեմ, Նիկոլայն էլ որոշի Տաթեւիկը ոնց բուժվի»:
Ըստ տուժողի, պաշտպանական կողմն իրավունք չունի իրենց վիրավորելու, ծափ տալու. «Դուրս գամ քո տեղն էլ եմ նստելու: Ինչ հերոս տղա է, գնացել է ռազմի դաշտ, ասես, ինձ լավություն է անում: Վեցուկես տարին էլ քիչ է: Դուք բոլորդ, Ձեր էրեխեքի արյունը կծախեք: Ես քեզ ճանաչե՞լ եմ, քեզնից փող ուզած կա՞մ», -հարցրեց տուժողը, ապա ասաց՝ դուրս եկեք մարդկանց հարցրեք, թե ինչեր են պատմում Վարդան Պետրոսյանի մասին:
Այստեղ տեղի տվեցին Վարդան Պետրոսյանի քրոջ նյարդերը. նա վիրավորական արտահայտությունների համար տեղից ինչ -որ բան ասաց, սակայն դատավորը հինգ ժամով նրան հեռացրեց նիստերի դահլիճից:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ բավական պատրաստվել էր վերջին դատի հետ կապված, սակայն ավելորդ է համարում ռեպլիկով հանդես գալը:
Ասաց ՝չի ուզում անձնական վիրավորանքներ հասցնել:
Տուժողը մանավանդ դուրս էր եկել նիստերի դահլիճից, դիմեց նրա կնոջը՝ Նաիրա Հայրապետյանին:
Կան բաներ, ասաց Վարդան Պետրոսյանը, որը կասի նրա ամուսնուն .«Ինչ է լսել ինսուննականններին. սիգարը բերանիս…խոսքը իմ մի կարճամետրաժ ֆիլմի մասին է…Չպիտի պերսոնաժները շփոթել: Ես Վահրամ Սահակյանցը չեմ, Ֆրունզիկ Մկրտչյանը չեմ, ես Խորեն Աբրահամյանը չեմ, Խորեն Հովհաննիսյանը չեմ, ես եմ»,-ասաց ճանաչված դերասանը:
Ըստ նրա՝ երկու բան է իրեն զարմացրել այս ողջ ժամանակահատվածում. իրեն պատգարակով կալանավայր տանելը եւ տուժողի իրավահաջորդ Նաիրա Հայրապետյանին «դատական ստի մեջ ներքաշելը. «Ամեն ինչին կհավատայի, բայց որ Ձեզ թույլ կտան, որ դուք ասեք՝ Վարդան Պետրոսյանի անբարո քայլը…դրանք չեն համապատասխանում իրականությանը: Ձեզ այլ կերպ եմ վերաբերվել»:
Վարդան Պետրոսյանն ասաց հայտնի ֆիլմի հայտնի տողերը. ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իր դժբախտության օրերին եղել են իր կողքին;
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ