Հայ-ադրբեջանական սահմանի լարվածությունից դժգոհ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության (ՍԴՀԿ) անդամներն այսօր բողոքի ակցիա անցկացրին ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) դիմաց: Նրանք ՄԱԿ-ից պահանջեցին համապատասխան միջոցներ ձեռնարկել Ադրբեջանին սանձելու համար, իսկ ԱԳՆ-ից ավելի ակտիվ լինել միջազգային ասպարեզում շփման գծում ստեղծված խնդիրը ներկայացնելիս:
«Կրկին ակտիվացել են թշնամու դիվերսիաները եւ այս ամենի նկատմամբ շատ անտարբեր գտնվեց ՄԱԿ-ը ու բավարար չարձագանքեց Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը: Մեր պահանջն այն էր, որ արթնացնենք այս կազմակերպություններին՝ ասելով ընկերներ, սրան արձագանքել է պետք ոչ միայն ռազմական գործողություններով, որովհետեւ ռազմական արձագանքից գոհ ենք, այլեւ դիվանագիտական ճանապարհով, այս առումով շատ բացթողումներ ունենք»,- ասաց ՍԴՀԿ Հայաստանի վարչության անդամ Գագիկ Մելիքյանը:
Կարդացեք նաև
Նրան մտահոգում է վերջին քսան օրում հայկական կողմի տասնհինգից ավելի զոհերի քանակը. «ՄԱԿ-ի լռության պատճառը պայմանավորված է միջազգային շահերով, Ադրբեջանը նավթ ունի, արտաքին աշխարհի գործոններն են: Տասը տասնհինգ տարի այսպիսի թափով հարձակում չէր եղել, բացի օգոստոսյան դեպքերից»:
Մանրամասները՝ տեսանյութում
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ