Ինչպես արդեն տեղեկացրել ենք Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանը: Վեհաժողովը կշարունակի նախագահել Անն Բրասյորը (լուսանկարում): Նա իր բացման խոսքում շեշտադրում կատարեց Ուկրաինայում իրավիճակին, մասնավորապես հիշեցրեց Ղրիմի` ՌԴ կողմից բռնակցման մասին և Փարիզում «Շառլի Էդբո» երգիծաթեթի նկատմամբ տեղի ունեցած ահաբեկչությանը:
Անն Բրասյորը ևս մեկ անգամ շեշտեց. «Ղրիմի բռնակցումը ՌԴ-ի միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Եվրոպան Ռուսաստանին դիտարկում է որպես վստահելի ուժ, բայց Ռուսաստանը պետք է հարգի միջազգային նորմերը, միջազգային օրենքի գերակայությունը»:
Անն Բրասյորը տեղեկացրեց, թե միլիոնից ավելի մարդիկ են իրենց բնակության վայրը կորցրել Ռուսաստանի` Ղրիմի բռնակցման պատճառով:
Այնուհետև ԵԽԽՎ պատվիրակները հանդես եկան հրատապ քննարկում նախաձեռնելու առաջարկներով: Առաջարկ եղավ հրատապ քննարկում անցկացնել փարիզյան իրադարձությունների վերաբերյալ, այն ընդունվեց: ԵԽԽՎ-ն չորեքշաբթի կանցկացնի այս թեմայով հրատապ քննարկում:
Կարդացեք նաև
Անգլիացի պատվիրակ Ռոբերտ Վոլտերը հանդես եկավ ՌԴ պատվիրակությանն ուղղված պատժամիջոցները վիճարկելու առաջարկով, որից հետո 30 հոգի ոտքի կանգնեցին: Անն Բրասյորը ամբիոնից ևս մեկ անգամ ԵԽԽՎ անդամ պետություններին կոչ արեց հավատարիմ մնալ իրենց ստանձնած պարտավորություններին:
Առաջարկ եղավ նաև ադրբեջանցի քաղբանտարկյալների հարցը ԵԽԽՎ օրակարգ մտցնելու մասին: Մասնավորապես Շվեյցարիայի պատվիրակ Անդրես Գրոսը առաջարկեց վերստին քննարկել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին հարցը, ավելին, քննարկել Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների գծով զեկուցողի ինստիտուտի վերստեղծման հարցը:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ