Օրեր առաջ «Հրազդան» տոնավաճառի առևտրականները տեղեկացել էին, որ փոխարժեքի տատանումներով պայմանավորված տաղավարների վարձավճարները փետրվարից թանկանալու են և հունվարի 11-ին բողոքի ցույց են անցկացրել: Անելանելի վիճակում հայտնված առևտրականները հայտարարել են, որ ի վիճակի չեն այդպիսի պայմաններում աշխատել և օգնության խնդրանքով դիմել են ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին: Ընդառաջ գնալով նրանց խնդրանքին՝ Գագիկ Ծառուկյանը հանդիպել է Հրազդան տոնավաճառի ավելի քան 300-ից ավելի առևտրականների հետ, լսել է նրանց խնդրանքը և խոստացել անվճար տարածք հատկացնել՝ իրենց գործունեությունը ծավալելու համար:
«Պատրաստ եմ առանց որևէ ակնկալիքի տաղավարներ կառուցելու համար ձեզ անվճար տարածք տրամադրել, որտեղ ավելի քան 400 տաղավար կառուցելու հնարավորություն կա: Ստեղծված սոցիալական ծանր վիճակում յուրաքանչյուրի պարտքն է հնարավորության սահմաններում ձեռք մեկնել աշխատող մարդուն, ստեղծել պայմաններ ու հնարավորություն տալ՝մեր երկրում աշխատելու և ապրելու համար»,- հանդիպման ժամանակ նշեց Գագիկ Ծառուկյանը:
Գագիկ Ծառուկյանի աջակցությունն առևտրականներին համակողմանի էր: Առևտրականները Գագիկ Ծառուկյանին խնդրեցին աջակցել նաև տաղավար կառուցելու համար շուկայականից ցածր գնով շինանյութ ձեռք բերելու հարցում:
Հանդիպման եկածները մտահոգություն հայտնեցին, որ ներկաներից շատերը բանկերից վերցրած վարկեր ունեն և ի վիճակի չեն անգամ տաղավարներ կառուցել:
Կարդացեք նաև
«Առևտուր չկա, և ստեղծված վիճակում թանկանում է տաղավարների վարձավճարները: Ստիպված պետք է դադարեցնենք առևտուրը և օրվա հացի խնդիրը լուծելու համար այլ աշխատանք փնտրենք,-իրենց խոսքում նշեցին «Հրազդան» տոնավաճառի առևտրականները:
Գագիկ Ծառուկյանը հանձնարարեց, որքան հնարավոր է շուտ կառուցել նոր տոնավաճառը և բոլոր ցանկացողներին անխտիր անվճար տեղ հատկացնել, որպեսզի որևէ մեկը փաստի առաջ չկանգնի և կարողանա ապահովել իր ընտանիքի եկամուտը:
Տոնավաճառի աշխատակիցները նշեցին, որ գոհ են Գագիկ Ծառուկյանի առաջարկած արտոնյալ պայմաններից: Ըստ նրանց՝ ավելի լավ տարբերակ, քան Գագիկ Ծառուկյանի առաջարկն է, չի կարող լինել:
ԲՀԿ