Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանական սադրանքների մասին ՀԱՊԿ-ին էլ ենք տեղեկացրել, ԵԱՀԿ-ին էլ, ԵԽ-ին էլ, ՄԱԿ-ին էլ», ասում է ՀՀ արտգործնախարարը

Հունվար 26,2015 16:07

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում ծավալուն անդրադարձ արեց Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական կեցվածքին, նշելով, որ նրանք փակուղի են տարել իրենց գործողություններով եւ հիմա փորձում են դուրս գալ այդ իրավիճակից. «Որքանով Ադրբեջանում սաստկանում են հետապնդումները, բռնությունները քաղաքական ընդդիմախոսների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ եւ այդ կապակցությամբ դատապարտող հայտարարությունները միջազգային հանրության կողմից, այնքան Ադրբեջանը փորձում է շեղել ուշադրությունը եւ սրել իրավիճակը հակամարտության գոտում, որը բերում է մարդկային զոհերի, ես կասեի նույնիսկ ադրբեջանական կողմից շատ-շատ ավելի զոհերի: Բայց, ցավոք, Բաքվի իշխանությունների համար մարդկանց կյանքը ստորադասվում է ներքին քաղաքական շահերին: Իրենք դիտում են իրենց զինվորներին որպես` համակարգչային վիրտուալ զինվորիկների ու այդպես հարյուրավոր երիտասարդների ուղարկում են դեպի մահ:  Դա չի նշանակում, որ չպետք է շարունակել բանակցությունները, չնայած մեծ հարց է, թե նրանք պատրա՞ստ են Հայաստանի եւ միջազգային հանրության հետ` խնդրի խաղաղ կարգավորմանը: Բայց արդեն հարցեր եւ կասկածներ են առաջանում Ադրբեջանի իշխանության ադեկվատության եւ իրավիճակը սթափ գնահատելու կարողության առնչությամբ:

Մեկ մամլո ասուլիս հիշեցի, երբ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, թե Ադրբեջանում մամուլն ազատ է եւ իր վարկանիշը 90 տոկոսից ավելի է: Մեկնաբանությունները թողնեմ ձեզ, չնայած միջազգային հանրության մեկնաբանությունները հայտնի են»:

Aravot.am-ի հարցին` Շվեյցարիայի Դավոս քաղաքում անցկացված Համաշխարհային տնտեսական հեղինակավոր համաժողովին Հայաստանն ինչո՞ւ դարձյալ չմասնակցեց եւ արդյոք փետրվարի 6-ին Մյունխենում կայանալիք Անվտանգության հարցերով ամենամյա համաժողովին Հայաստանը կմասնակցի՞, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Իհարկե միջազգային կոնֆերանսների մասնակցությունը որոշվում է, եթե աշխատանքային գրաֆիկը ներում է եւ եթե մենք գտնում ենք կարեւորությունն այդ պահին այդ միջոցառմանը մասնակցելու:  Չեմ կարող ասել, որ Դավոսի համաժողովը կարեւոր չէր, դա կարեւորագույն տնտեսական հավաքներից մեկն է, բայց այս անգամ հնարավոր չեղավ Հայաստանի պաշտոնական մասնակցությունն այդ կոնֆերանսին: Իսկ Մյունխենում կայանալիք Անվտանգության հարցերով ամենամյա համաժողովին Հայաստանը մասնակցելու է` արտգործնախարարի մակարդակով»:

Aravot.am-ի հարցին, ԱԳՆ-ն դիմո՞ւմ է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքները գնդակոծելու փաստերի առիթով, ի վերջո Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: «ՀԱՊԿ-ին էլ ենք տեղեկացրել, ԵԱՀԿ-ին էլ, ԵԽ-ին, ՄԱԿ-ին էլ ենք տեղեկացրել: Մենք անհապաղ եւ մշտապես ենք տեղեկացնում բոլոր կառույցներին, երբ որ սադրանքներ եւ գործողություններ են լինում, որոնք կարող են ապակայունացնել իրավիճակը սահմաններում, շփման գծում եւ ընդհանրապես հակամարտության գոտում»:

Aravot.am-ի դիտարկմանը` իսկ ինչո՞ւ համարժեք արձագանք չկա ՀԱՊԿ-ի կողմից, Էդվարդ Նալբանդյանը հավելեց. «Այս տարվա սկզբին առաջին արձագանքը ադրբեջանական սադրանքների վերաբերյալ եղավ հունվարի 3-ին, երբ լրատվամիջոցները հանգստանում էին: Դրանից հետո մի քանի անգամ եղել են արձագանքներ նույնիսկ ՀԱՊԿ-ի կողմից: Պետք է նկատի ունենաք, որ ՀԱՊԿ-ը բազմանդամ կառույց է եւ համապատասխան հայտարարությունները պետք է նաեւ համաձայնեցվեն եւ դրանք պարզ գործընթացներ չեն, չեմ կարծում, թե պետք է մտնեմ մանրամասների մեջ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031