Լրահոս
Օրվա լրահոսը

«Երանոսյանը ենթադրել է ակցիայի մասնակիցների խմածությունը, չի չափել». փոխոստիկանապետ

Հունվար 26,2015 15:49

Որպես փորձառու ոստիկան, ինչ եք կարծում, հնարավո՞ր է հստակ պարզել, թե  ակցիայի մասնակիցների քանի՞ տոկոսը կարող էր խմած լինել: Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հրավիրած ասուլիսում լրագրողներն այսպիսի հարց ուղղեցին նրան: Հունան Պողոսյանը հորդորեց հարցն ուղիղ տալ՝ հասկանալով, որ նկատի ունեն փոխոստիկանապետ Լեւոն Երանոսյանի այն հայտարարությունը, թե Գյումրիի բախումների օրը ակցիայի մասնակիցների 80 տոկոսը ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Հարցին՝ գուցե ոստիկանությունն այդ օրն ինչ-որ սարք է տարել իր հետ՝ Հունան Պողոսյանը պատասխանեց. «Նենգափոխել որեւէ մեկի խոսքը չի կարելի: Մարդը՝ պարոն մարտական գեներալը խոսել է ոչ թե ակցիայի մասնակիցների մասին, այլ խոսել է նրանց մասին, որոնք արդեն անկարգություններ էին անում, քարեր էին նետում, վնասում ոստիկանության մեքենաները: Նկատի է ունեցել նրանց: Գուցե ենթադրել է խմածությունը, չի չափել»:

Աշոտ Ահարոնյանն էլ պարզաբանեց, որ խմածության համար վարչական պատասխանատվության չեն ենթարկվել, ուղղակի մարդը ենթադրություն է արել, որ ագրեսիվ  պահվածք ունեցող մարդանց մի զգալի մասը կարծեք հարբած էր: Պարոն Երանոսյանի ասածը որեւէ իրավական հետեւանք չի առաջացրել:

Հարցին՝ Երանոսյանի ասածները վերջին շրջանում մեծ քննարկման առիթ են դառնում, չե՞ք կարծում, որ ժամանակն է ընդհանրապես չթողեք, որ այդ մարդը խոսի, որովհետեւ ինքը մեկ ականջ է կտրում, մեկ ալկոհոլ չափողի տեղ է իրեն դնում՝ Հունան Պողոսյանը պատասխանեց. «Քննարկում եք դուք, մեծ քննարկում ձեր շրջանում է ստանում: Ոստիկանությանը պետք չի վերագրել որոշ ԶԼՄ-ների այն գործելաոճը, որով իրենք նենգափոխում են, խեղաթյուրում են, մարդկանց խոսքերն աղավաղում: Երանոսյանը մենք պարզաբանեցինք ինչ է նկատի ունեցել»:

Ինչ վերաբերում է նախորդ դեպքին, երբ նա սպառնացել էր ականջ կտրել լակոտի պես՝ փոխոստիկանապետն ասաց. «Րոպեն մեկ մարդուն զանգահարել, այդ վիճակում նույն հարցերը տալ՝ միգուցե: Դրա համար ինքը իր պատիժը կրեց, ծառայողական քննության արդյունքում ստացավ նկատողություն»:

Լրագրողները պնդեցին, որ Երանոսյանի խոսքերը խեղաթյուրում է ոստիկանությունը, կա ձայնագրություն եւ նա հստակ ասել է՝ ակցիայի մասնակիցների 80 տոկոսը խմած է եղել: Հունան Պողոսյանն արձագանքեց. «Եթե նա նույնիսկ այդ ձեւով է ասել, նկատի է ունեցել այլ բան»:

Աշոտ Ահարոնյանն ասաց, որ  պարոն Երանոսյանը գտնվել է այն վայրում, որտեղ կար ոստիկանական պատ, եւ պարոն Երանոսյանի խոսքը վերաբերում էր պատից այն կողմ գտնվող մասնակիցներին: Դատախազության մոտ ակցիայի ժամանակ Լեւոն Երանոսյանը այնտեղ չի եղել եւ բնականաբար, չէր կարող ակցիայի մասնակիցների մասին կարծիք հայտնել:

Լրագրողներից մեկի հարցին, որ Գյումրիի ակցիայից հետո բերման ենթարկվածներին ոստիկանությունում ծեծի են ենթարկել՝ փորձելով պարզել, թե ում հրահանգով են գնացել՝ փոխոստիկանապետն ասաց. «Դեպքից հետո եղել են բերման ենթարկվածներ, իսկ դրանից հետո բացարձակ տեղեկություններ չունեմ բռնի ուժ գործադրելու մասին, եթե կան տեղեկություններ, թող դիմեն իրավապահ մարմիններին»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031