Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախաքննությունը քննարկում է այն վարկածը, որ Պերմյակովը մենակ չի եղել». փոխոստիկանապետ

Հունվար 26,2015 15:40

Այսօր փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը հրավիրած ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին՝ Գյումրիի դեպքերի հետ կապված:

Հարցին՝ ոստիկանության անգործության հետեւանքո՞վ է, որ 35 հոգանոց խումբ եք ուղարկել Գյումրի, բայց Պերմյակովը հայ իրավապահների կողմից չի հայտնաբերվել՝ Հունան Պողոսյանը պատասխանեց, որ այդպիսի թյուր կարծիք թող չստեղծվի, որ ոստիկանությունը լավ չի աշխատել. «Ահազանգեր ենք ստացել Արագածոտնից, Երեւան քաղաքից, ահազանգերը ստուգվել են մանրակրկիտ, ծառայություն կատարող ոստիկանական հենակետերին, շրջիկ խմբերին տեղեկացվել է՝ ավելի զգոն լինել: Քննության, նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համադրության պայմաններում ով մեղավոր է այդ հարցում՝ բոլորը խստագույնս կպատժվեն, բայց ոստիկանական խմբերը մանրակրկիտ ուսումնասիրել են տարածքը»:

Հարցին՝ կան տեղեկություններ, որ Պերմյակովին վնասազերծել է հայ՝ Խաչատրյան անունով պայմանագրային ծառայող, ունե՞ք տեղեկություն՝ նա ասաց, որ այս պահին նման տեղեկություններ չունեն. «Եթե նույնիսկ սահմանապահն է ձերբակալել, վնասազերծել,այդ պահին մեր համար գերխնդիրը նրան վնասազերծելն էր»:

Հարցին՝ տեղեկություն կա, որ հայ իրավապահներն են բռնել Պերմյակովին եւ հանձնել ռուս սահմանապահներին, Դուք ունե՞ք նման տեղեկություն՝ Հունան Պողոսյանը պատասխանեց. «Նման տեղեկություններ չկան, բացարձակապես, նման բան չկա»:

Հունան Պողոսյանն ասաց, որ Պերմյակովը մինչեւ սահմանը խախտելն է ձերբակալվել. «Իրենց գնահատման խնդիրն է ՝ այդ հանցակազմով մեղադրանք կառաջադրեն, թե չէ»:

Հարցին՝ բոլոր ուժային կառույցներին քննադատեցին՝ ԱԱԾ-ին, որ լռում է, ոստիկանությանը, որ օպերացիան տապալել է, քննչական կոմիտեին, այս պայմաններում հնարավո՞ր է ՀՀ-ում ապահով ապրել՝ փոխոստիկանապետը պատասխանեց. «Իհարկե, հնարավոր է, ես համաձայն չեմ, որ որեւէ մեկը օպերացիան տապալել է: Փաստերի հիման վրա մենք կարող ենք որեւէ մեկին մեղադրանք առաջադրել կամ ոչ: Այդ պահին մեզ համար գերխնդիրը հանցագործին վնասազերծելն է: Այդ պատվախնդրությունը մեր բոլորի մեջ կա, որեւէ մեկին չթվա, որ թերացել են»:

Հունան Պողոսյանն ասաց, որ դեպքի վայրի զննությունը տեւել է մեկ օր: Առանձնապես Ավետիսյանների տնից էական առարկաներ եւ իրեր չեն բացակայել:

Հարցին՝ ռազմաբազայի զինծառայողներն ունեի՞ն իրավունք՛ ունեի՞ն զենքերով մասնակցել որոնողական աշխատանքներին՝ Հունան Պողոսյանը պատասխանեց, որ համապատասխան պայմանագրի շրջանակներում ունեին, երբ զինված զինծառայող է լքում ռազմաբազան:

Երբ լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ եք կարծում, Պերմյակովը կարո՞ղ էր միայնակ գործել՝ նա պատասխանեց, որ այստեղ իր կարծիքը կամ համոզմունքը չի գործում. «Նախաքննությամբ ձեռք բերված տվյալներ եթե կլինեն, ձեզ կներկայացնի»: Մեկ այլ ճշտող հարցին՝ քննվո՞ւմ է այն վարկածը, որ Պերմյակովը մենակ չի եղել՝ նա պատասխանեց. «Այո, նախաքննությունը, որպես վարկած, դիտարկում է նաեւ այդ վարկածը եւ մի շարք այլ վարկածներ եւս: Մենք վարկածներ ենք քննարկում, նախաքննության ընթացքում առաջ եկած ցանկացած վարկած ստուգվում է»:

Հունան Պողոսյանը հերքեց, թե ռուսական ռազմաբազայից եւս 6 զինծառայող է այդ օրը բացակայել: Նա ասաց, որ նման տեղեկություն իրենց չեն տրամադրել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031