Այսօր Ոստիկանությունում փոխոստիկանապետ Հունան Պողոսյանն ամփոփեց 2014-ի իրենց կատարած աշխատանքների արդյունքները: Նա մի շարք տվյալներ ներկայացրեց հանցագործությունների դեպքերի հետ կապված եւ ասաց, որ նվազել են գողության, ավազակության եւ ՃԵԿ-ի կանոնները խախտելու դեպքերը:Անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերը նվազել են 29-ով:
Կոռուպցիոն բնույթի 599 դեպք է հայտնաբերվել, որը 23 տոկոսով պակաս է նախորդ տարվանից: 66-ը կաշառակերության դեպքեր են:
Որպես ձեռքբերերում՝ Հունան Պողոսյանը հայտարարեց. «Կարողացել ենք բացառել հանցագործությունները հաշվառումից թաքցնելու արատավոր գործելաոճը, հրաժարվել ենք ծեծից եւ խոշտանգումներից: Ոստիկանությունը շարունակել է բաց, թափանցիկ աշխատաոճը»:
Հարցին՝ նախկին ոստիկանապետի օրո՞ք է եղել ծեծի պրակտիկան, որ հրաժարվել եք՝ նա պատասխանեց. «Դուք գիտեք, որ արատավոր պրակտիկա է եղել: Նախկինում՝ ոստիկանության գոյության առաջին իսկ օրվանից այդ արատավոր պրակտիկան եղել է, մենք այսօր ուզում ենք բացառել»:
Կարդացեք նաև
Հարցին՝ որ չեք ծեծում, կարողանո՞ւմ եք ձեր ուզած ինֆորմացիան ստանաք՝ նա պատասխանեց. «Ես չեմ բացառում, որ ոստիկանությունում կգտնվեն մարդիկ, որոնք կփորձեն այդ մեթոդներով, բայց բոլոր դեպքերի հայտնաբերման պարագայում անմիջապես պատժվում են, նյութերն ուղարկվում են ՀՔԾ՝ դատական հեռանկարով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ