Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Նալբանդյան. «Ճառ ասե՞լ, թե՞ զանգ կախել, ես նախընտրում եմ երկրորդը»

Հունվար 26,2015 15:15

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որն այսօր մամլո ասուլիս էր հրավիրել` նվիրված 2014թ. դիվանագիտական տարվա ամփոփմանը, անդրադառնալով շփման գծում վերջին շրջանում աննախադեպ լարվածությանը եւ հարցին, թե ինչու ԱԳՆ-ն համարժեք չի արձագանքում, նախ նկատեց, թե դիվանագիտական արձագանքները տարբեր դրսեւորումներ ունի` դա կարող է լինել հրապարակավ հայտարարություն, կամ արտերկրում ներկայացված դիվանագետների կողմից, կամ դիվանագիտական շփումների ժամանակ. «Արտգործնախարարությունն անում է բոլոր անհրաժեշտ գործողությունները: Իհարկե, ոմանք անհրաժեշտ գործողությունների տակ պատկերացնում են աղմուկ անել: Եթե «ճառ ասե՞լ, թե՞ զանգ կախելու» սկզբունքով ենք գնահատում, ապա ես նախընտրում եմ երկրորդը»….

Հայաստանի նկատմամբ Ադրբեջանից պարբերաբար հնչող մեղադրանքների առնչությամբ, Նալբանդյանը նկատեց. «Տաս անգամ` «հալվա ասելով` բերանը չի քաղցրանա»:

Նալբանդյանն այսօր հիշեցրեց, որ ադրբեջանցիները արցախյան պատերազմի ընթացքում օգտագործում էին անձանց, որոնք կապեր ունեին տարբեր երկրների ահաբեկչական կազմակերպությունների հետ»:

Օրեր առաջ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպմանը Գերմանիայի կանցլերը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու Հայաստան Ղարաբաղյան հակամարտության հարցում նույն դիրքորոշումներն ունեն: Այս առիթով Հայաստանի արտգործնախարարը այսօր հայտարարեց. «Ադրբեջանցիները ներկայացնում են այն, ինչ ցանկանում են ներկայացնել: Այո՛, Հայաստանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում համահունչ է Ռուսաստանի դիրքորոշման հետ, ինչպես Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների դիրքորոշումների հետ: Նորություն չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներն աղավաղում են պաշտոնյաների հայտարարությունները: Չեմ հիշում որեւէ բանակցություն համանախագահների, ԱԳ նախարարների հետ, երբ ադրբեջանական կողմը գլխի վրա շուռ չտա բանակցությունների, հանդիպումների էությունը»:

Նալբանդյանն այս համատեքստում հիշեցրեց Ադրբեջանի նախագահի կայքում հայտնված մի շնորհավորական ուղերձ. «Երբ տխրահռչակ մարդասպան Սաֆարովը հերոսացվել էր, Ադրբեջանի նախագահի կայքում նամակ տեղադրվեց` Բաքվի առաջին հոգեբուժարանի կողմից… Այսինքն, այսպիսին է Ադրբեջանի քարոզչական ապարատը: Միայն իրենք կարող են դա հասկանալ»:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031