Նախորդ տարեվերջին Հայաստանում մինչեւ դրամի արժեզրկումը թանկացումներն արդեն արձանագրվել էին` կապված էներգակիրների եւ հումքի թանկացման հետ: Սպառողների ազգային ասոցիացիայի նախագահ Մելիտա Հակոբյանն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց, որ այսպես էին պատճառաբանում թանկացումները ներկրողները եւ տեղական արտադրողները:
Բանախոսը նկատեց, որ, Հայաստանում, դրամի արժեզրկմամբ պայմանավորված գնաճից հետո, գները իջան, սակայն ոչ այնքան, որ հասնեն իրենց նախորդ մակարդակին. «Երբ դոլարը հասավ 700 դրամի, միանգամից ապրանքները թանկացրին,սակայն երբ այն նորից իջավ 480 դրամի, կարծես, թե տնտեսվարողների հեչ պետքն էլ չէր»:
Տիկին Հակոբյանը նշում է, որ թանկացումների արդյունքում իրենց կազմակերպությունը բողոքներ գրեթե չի ստացել. «Ամեն ինչի մասին բողոքում են ` բացի թանկացումներից: Սպառողներին չեն հետաքրքրում թանկացումները»:
Սպառողների ազգային ակադեմիայի փոխնախագահ եւ մոնիթորինգի բաժնի ղեկավար Ռուբեն Հայթյանն էլ ներկայացրեց, որ շուկայում միջինում 30-ից 60 տոկոս թանկացումներ են տեղի ունեցել: Նախորդ տարվա այս ժամանակահատվածի համեմատ գները բարձր են. «Հացամթերքը թանկացել է 10-20 դրամով, ձուն, թռչնամիսը, կաթնամթերքը թանկացել են, օրինակ թթվասերը 40 տոկոսով թանկացել է»:
Կարդացեք նաև
Ռուբեն Հայթյանը պատմեց, որ կաթնամթերք արտադրող ընկերություններից մեկը թանկացման հիմնական պատճառներից մեկը ներկայացրել է եւ ասել է, որ պաղպաղակ են արտահանել Ռուսաստան, սակայն ռուբլու արժեզրկումից հետո չեն ստացել Ռուսաստանից եկող իրենց եկամուտը, այդ իսկ պատճառով էլ թանկացումները տեղի են ունեցել Հայաստանում:
Բանախոսը վստահ է, որ բոլոր թանկացումները ոչ հիմնավորված են:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ