Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ուրիշ բառով, քան պատերազմ՝ չի կարելի բնութագրել»

Հունվար 26,2015 13:16

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակը կանխատեսելի էր: Այս տեսակետն այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Քաղաքագետը սահմանին տիրող լարվածության մոտ 2 տասնյակ պատճառներից առանձնացրեց, ըստ իրեն, ամենակարեւոր երեքը:

Պատճառներից առաջինը կապված է ցեղասպանության հարյուրամյակի հետ. «2014 թվականի վերջը եւ 2015 թվականի սկիզբը բավական ինտենսիվ էին ադրբեջանա-թուրքական ամենաբարձր հանդիպումների առումով եւ ակնհայտ է, որ այստեղ պայմանավորվածություն կա երկու երկրների միջեւ` համատեղ ջանքերով միջազգային հանրության ուշադրությունը շեղել ցեղասպանության 100 ամյակից»: Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահեցնում է, որ սահմանին ստեղծված լարվածությունը բավական հարմար առիթ է միջազգային ուշադրությունը հենց այս հարցի վրա կենտրոնացնելու եւ ցեղասպանության խնդիրը`որպես քաղաքական գործոն, Հարավային Կովկասում երկրորդ պլան մղելու համար:

Երկրորդ պատճառն այն է, որ Հայաստանը դարձավ ԵՏՄ անդամ. «Բոլորս հասկանում ենք, որ 2015 թվականի հունվարի մեկից տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվել եւ փաստացի Հարավային Կովկասի երկրներից մեկը դարձել է միջազգային խոշոր միության անդամ: Ադրբեջանում հիանալի հասկանում են, որ, ԵՏՄ-ի լիարժեք գործելուց հետո, այն բավական լուրջ անվտանգության գործոն է դառնալու Հայաստանի համար: Սակայն քանի դեռ ԵՏՄ-ն գտնվում է խմորումների փուլում, Ադրբեջանը փորձում է սովորական դարձնել այն փաստը, որ ԵՏՄ անդամ երկիրը կարող է գտնվել պատերազմական իրավիճակում»:

Քաղաքագետի համոզմամբ` մեկ այլ պատճառն էլ, որ հիմք է դառնում հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության համար՝ այն է, որ Ադրբեջանը, ինչպես նախորդ տարիներին, հանդես է գալիս խաղաղությունը վաճառողի դերում. «Սա նշանակում է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ռուսաստանը, բոլորը շահագրգռված էին տեսնելու կայուն եւ կանխատեսելի Հարավային Կովկաս, իսկ Ադրբեջանը, փորձելով լարել իրավիճակը, հետո նստում է բանակցությունների` Ռուսաստանից, ԱՄՆ-ից եւ ԵՄ-ից դիվիդենտներ քաղելու հույսով»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանը վստահ է, որ Ադրբեջանը նման քաղաքականություն իրականացնելու հիմքեր ունի նախ եւ առաջ այն պատճառով, որ միջազգային զսպման մեխանիզմները Հարավային Կովկասում չեն գործում. «Ինչ վերաբերում է այն համագործակցությանը, որ առկա էր Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ մեր տարածաշրջանում, այն այլեւս չկա եւ սա թույլ տվեց Ադրբեջանին ձերբազատվել այդ միջազգային զսպման գործիքից եւ ավելի ազատ իրեն զգալ Հայաստանի դեմ գործողություններում»:

Ադրբեջանում, ինչպես ներկայացրեց քաղաքագետը, նաեւ հաշվի է առնվում այն համոզմունքը, որ Հայաստանը նախահարձակ գործողություններ չի անի. «Ադրբեջանը վստահ է, որ ինքը կարող է լարել իրավիճակը մինչեւ իրեն անհրաժեշտ սահմանը, եւ եթե տեսնի վտանգավոր է՝ ետ գալ եւ չսպասել նախահարձակ գործողությունների Հայաստանի կողմից»:

Քաղաքագետի խոսքով` հայ-ադրբեջանական սահմանին մի իրավիճակ է սկսել, որն ուրիշ բառով, քան պատերազմ չի կարելի բնութագրել. «Սա երկար ձգձգվող պատերազմ է, որ կարող է տարիներ տեւել: Պետք է պահանջել ԱՄՆ-ից Ռուսաստանից եւ Ֆրանսիայից, որպեսզի օգտագործեն իրենց քաղաքական կշիռը` Ադրբեջանին սադրիչ քաղաքականությունից զերծ պահելու համար»:

Սակայն, քաղաքագետը համոզված է, որ դիվանագիտական դաշտում շատ աշխատանք կա կատարելու, այդ թվում պետք է ՀԱՊԿ-ից պահանջել ավելի կտրուկ եւ խիստ գործողություններ:

«Մինչեւ Ադրբեջանը ցույց չտա, որ բանակցային գործընթացը օգտագործվում է խաղաղության նախապայմանով, այլ ոչ թե ժամանակ է շահում պատերազմի համար, բանակցային գործընթացը անիմաստ է»,-ասում է քաղաքագետը:

 

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031