Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանուշ Խառատյան. «Հանցագործը ազգություն ունի»

Հունվար 26,2015 13:12

«ՀՀ-ում դիվանագիտություն գոյություն չունի, եթե ունի, դա ՀՀ արտգործնախարարի՝ ռուսական կցորդ լինելու հանգամանքն է միայն ցույց տալիս: Մեր արտգործնախարարը ավելի շատ ՌԴ ներկայացուցիչն է՝ ՀՀ-ում»,- այսօր «Հայելի» ակումբում սահմանային գոտում վերջին լարվածությունների եւ իշխանության գործողությունների հետ կապված այսպիսի գնահատական տվեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը հակադարձեց՝ ասելով, որ մեր արտգործնախարարությունը ոչ մի սխալ բան չի անում: Հրանուշ Խառատյանի դիտարկմամբ՝ գուցե սխալ չի անում, բայց ոչինչ չի անում, որ սխալ անի:

Անդրադառնալով Գյումրիի ոճրագործությանը՝ Արտակ Դավթյանն ասաց. «Գյումրիի դեպքերը ցնցել են ամբողջ Հայաստանը: Դա հակամարդկային էր, ուղղված էր ընդհանրապես մարդու դեմ: Պատահական չէ, որ երբ փոքրիկ Սերյոժայի հուղարկավորությանը մասնակցում էր Արցախի ԱԺ նախագահը, ասում էր, որ կարծես սահմանային լարվածությունը երկրորդվել է Ավետիսյանների դեպքի ֆոնի վրա: Զգացմունքայնությունն ու հոգեւորը լայն տեղ է գտնում: Ինչքան էլ որ ժամանակը հեռանա, միգուցե ցավը բթանա, բայց ամբողջովին չի անցնի»:

Ըստ նրա, իրավական առումով ինչ արվի, պետք է արվի հրապարակային. «Մենք համարյա ոչինչ չգիտենք, բացի նրանից, որ այդ ստահակը խոստովանել է, որ ինքն է արել: Նա ի՞նչ կրթություն, դաստիարակություն է ստացել, ինչպե՞ս է զորակոչվել, իսկապե՞ս ինքն է սպանողը, ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը, ինչո՞ւ է տեղի ունեցել: Բազմաթիվ հարցեր կան: Ոչ ՌԴ-ն, ոչ Արեւմուտքը պաշպանության կարիք չունեն, եւ շատ վատ է նայվում, երբ ՀՀ քաղաքացին այդ պաշտպանի դերն է ստանձնում»:

Հրանուշ Խառատյանի խոսքերով՝ մեր իրավապահների կողմից ավելի շատ ՌԴ օրենսդրության հղումներ են արվում, քան մեր. «Զարմանալի է, ինչու մեր իրավապահներն այնպիսի կեցվածք ընդունեցին, կարծես հանրային բողոքը ինչ-որ մի տեղ ինչ-որ մեկին ճնշում էր: Կարծես հանրային բողոքից պաշտպանում էին ինչ-որ մեկին: Որոշ պատգամավորներ հայտարարում էին, թե մի քաղաքականացրեք, հանցագործը ազգություն չունի եւ այլն: Սրա քաղաքականացումը ո՞րն է: Լավրովն ասաց, թե մեր վատը ուզողներ էլ կան, կան մարդիկ, որոնք ուզում են մեր մեջ սեպ խրեն, դրանք հակառուսական են: Ամեն ինչ արվեց, որ հանրությանը վերագրվի քաղաքականացման վարքագիծ: Արդյունքում այնքան ասեցին, որ Մինվոդիում եղավ հենց հայի ու ռուսի՝ ազգային հողի վրա դեպք: Հանցագործը ազգություն ունի»:

Ըստ տիկին Խառատյանի, ժամը 5-ից մինչեւ 12-ը ենթադրվում էր, որ ռուսական ռազմաբազան փնտրում էր իր զինվորին, բայց որտե՞ղ էր փնտրում, ունի՞ իրավունք ինքնուրույն փնտրտուք իրականացնի, երբ հայկական կողմը մինչ այդ չի տեղեկացվել: «Տղամարդու խոսքերով» ամրագրված այս իրավական խնդիրները, հարցերը պատասխան չունեն: Հանրությունը կարո՞ղ է ասել, որ ինքը տեղյակ լինելու իրավունք ունի, թե՞ հետո պիտի ասեն, որ պետական գաղտնիք է ու լղոզված բաներ ասեն:

Արտակ Դավթյանն ասաց, որ ԱԺ-ի միջոցով էլ պետք է հանրությունն իրազեկված լինի. «Նրանց պահանջներն արդարացի են»:

Արտակ Դավթյանը նաեւ նշեց, որ ՌԴ պատգամավորները, երբ այցելել էին Գյումրի, նշել են, որ չէին կարող չգալ. «Նրանց խոսքի մեջ երեւում էր, որ իրավիճակի համարժեք ընկալումը կա: Ես ուղեկցում էի իրենց, շատ ժամանակ եմ ունեցել զրուցելու, ինչպես մենք ենք մտածում, այդպես էլ մտածում էին իմ ռուս գործընկերները»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031