Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞ւմ է ձեռնտու լարվածությունը սահմաններում

Հունվար 26,2015 13:07

Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղաադրբեջանական սահմաններում վերջին սրացումներն, ըստ Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի, երկու կարեւորագույն, հիմնական գործոններ ի հայտ բերեցին: Նախ`լարվածության աշխարհագրությունն է ընդգրկուն դարձել, ապա`այս սրացումների համատեքստում Հայաստանը պակաս ապահով է, քան անցյալ տարի էր:

«ԵՏՄ-ում Հայաստանն ավելի պակաս ապահով է անվտանգության տեսանկյունից, քան նախկինում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած «Գնահատելով տարեսկզբի քաղաքական իրադարձությունների զարգացումը և լարվածությունը հայ-ադրբեջանական սահմանին» թեմայով քննարկման ժամանակ ասաց պրն Կիրակոսյանը:

Բանախոսը համոզված է`սահմանային վերջին սրացումները ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ը թույլ է եւ անկարող է անվտանգություն ապահովել: «Ցավոք, հիմա լարվածությունն այնքան է աճել, որ ցուցանիշ է դարձել մարդկային կյանքի զոհը»,- ասաց նա`հավելելով, որ այնուհանդերձ «պաշտոնական պատերազմի» ռիսկը դեռ ցածր է մնացել, բայց կա ռիսկ «պատահական պատերազմի», որը թյուր հաշվարկի արդյունք կարող է լինել:

Ռիչարդ Կիրակոսյանի հետ համաձայնեց քննարկմանը մասնակցող ադրբեջանցի լրագրող, քաղաքագետ Շահին Ռզաեւը: Նրա գնահատմամբ, ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելուց ոչ թե ՀՀ-ՌԴ հարաբերություններն են փոխվել, այլ ՌԴ-Ադրբեջան: Դրանով է նա բացատրում Կրեմլի ոչ համարժեք արձագանքը որոշ իրադարձություններին: Մասնավորաբար, նա հիշեցրեց հայկական ուղղաթիռի կործանումից հետո Կրեմլի արձագանքը:

Ինչ վերաբերում է սահմանային լարվածությանը եւ զոհերին, ադրբեջանցի լրագրողը նկատեց. «Ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում համարում են, որ պատերազմն ավարտված չէ, ուստի սահմանային սրացումներին ու զոհերին վերաբերվում են հավուր պատշաճի»:

Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանի գնահատմամբ՝ սահմանային լարվածության նախաձեռնությունը Ադրբեջանինն է: Շահին Ռզաեւը համաձայն չէ, քանի որ, իր գնահատմամբ, Հայաստանում էլ տնտեսական վիճակը լավ չէ, ուստի Հայաստանի իշխանությունները ևս հետաքրքրված են հանրության ուշադրությունը ներքին խնդիրներից շեղելու հարցում:

«Ադրբեջանի քաղաքական քայլերը պարզ են`աշխարհի ուշադրությունը սեւեռել ղարաբաղյան հակամարտության վրա, բայց Ադրբեջանում, նաեւ հասարակությունը, պետք է իմանա դրա գինը`առավել մեծանում է փոխադարձ անվստահությունը: Այն մարդիկ, ովքեր կողմ են խնդրի բանակցային լուծմանն, այսօր լռում են: Այն, որ նախագահները հանդիպում են դեռ չի նշանակում, որ բանակցություններ կան»,- կարծում է Ստեփան Գրիգորյանը`հավելելով. «ՌԴ-ն հիմա ամեն կերպ փորձում է Ադրբեջանին ներգրավել ԵՏՄ-ում: Այդտեղից էլ գալիս է Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը, դա ցույց տվեց նաեւ Գյումրիի դեպքը: Երբ Ադրբեջանը սխալվի ու անդամակցի ԵՏՄ-ին, նույն արհամարհական վերաբերմունքին կարժանանա ՌԴ-ի կողմից»:

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանն էլ սահմանային լարվածության հարցին անդրադարձավ հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի տեսանկյունից`Ադրբեջանն օգնում է իր մեծ եղբորը: Ուստի, նրա գնահատմամբ, այս լարվածությունն էլ սպասելի էր, կանխատեսելի էր: Բացի այդ, նավթի գներն անկում են ապրում եւ Ադրբեջանը կորցնում է իր հմայքը Եվրոպայի համար, ուստի, փորձում է մնալ «ջրի երեսին»:

Հակադարձելով Շահին Ռզաեւի այն դիտարկմանն էլ, որ Ադրբեջանում հասկանում են, թե պատերազմն ավարտված չէ, ԱԺ պատգամավորը նկատեց. «Հայաստանն էլ պետք է փոխի իր քաղաքականությունը`եթե պատերազմն ավարտված չէ, մենք էլ պետք է պատրաստ լինենք ամեն տեսակի սադրանքների: Վստահ եմ, մեր ռազմական փորձագետներն ամեն ինչ հաշվարկել էին եւ պատրաստ են»: Նա համաձայն է`այսօր ապացուցվում է այն կարծիքը, որ ԵՏՄ անդամակցությամբ Հայաստանի համար անվտանգության հարց չի լուծվում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031