Հունվարի 25-ից Jean-Paul Existential սրճարանում բացվել է գյումրեցի նկարիչ Կարեն Բարսեղյանի ինքնատիպ ցուցահանդեսը՝ դրանք ջինսերի վրա արված նկարներ են:
«Նարեկ Բախտամյանն առաջարկեց այս հարկի ներքո անել ցուցահանդեսը, ես համաձայնեցի: Մենք պայմանավորվել էինք ուրիշ գործեր ներկայացնել, բայց Գյումրիի դեպքերի հետ կապված՝ որոշեցի, ընդհանուր առմամբ, Գյումրին ներկայացնել՝ ջինսի վրա»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց նկարիչը, որը վերջին տարիներին կտավի ու թղթի փոխարեն իբրեւ նյութ ջինսն է նախընտրում:
Դրա համար նա իր բացատրությունն ունի. «Ինչո՞ւ եմ ջինսերի վրա նկարում, որպես նյութ ջինսն ինձ համար ի՞նչ է…Ջինսը մի հագուստ է, որը բոլորն են հագնում, եւ աշխատանքային է, եւ հյուրընկալության հագուստ, ջինսի մեջ չկա էլիտարություն, բոլորի համար է: Որպես Գյումրիում ծնված ու այնտեղ ապրող գյումրեցի, անընդհատ փորձել եմ բնանկարներ կամ մի փոքր դետալ Գյումրիից ներկայացնել, բայց այս փոքր ցուցահանդեսում ամբողջությամբ Գյումրին է: Մի գործ կա՝ ներկայացված է ոստիկանության պատնեշը: Ինձ համար կարեւոր էր դա պատկերելը: Իմիջիայլոց, ամբողջը 2015 թ. աշխատանքներ են:
Կարդացեք նաև
Կարեն Բարսեղյանն իր ջինսային աշխատանքներով արտերկրում էլ է հանդես եկել, ասում է՝ դրանք ուրիշ բնույթի էին՝ ուղղակի ջինսային «փազլներ»:
Մեր զրուցակիցը չի սիրում ամպագոռգոռ բառեր ասել, թե Գյումրին բեղուն է նկարիչներով եւ այլն, կատակում է. «Ես չեմ կարող ասել՝ դա ինչից է, երեւի ցրտից է, չէ՞ որ Հայաստանում նույն հողն է, ուղղակի Գյումրիում երեւի զբաղվածությունից է, կամ մարդկանց մտածողությունից»:
Հավելենք, որ բացառիկ ցուցահանդեսը կայացավ Jean-Paul Existential սրճարանի հիմնադիրներ Նարեկ Բախտամյանի եւ Արամ Հարությունյանի նախաձեռնությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ