Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. Անձնական կյանքի ստանդարտներ չկան

Հունվար 26,2015 15:00

Եվ հենց դա է կյանքը դարձնում հետաքրքիր

Գյումրիում տեղի ունեցած ողբերգության օրերին Ֆեյսբուքում կարդում էի «դատապարտող», «բարոյական հավատաքննություն» հիշեցնող գրառումներ՝ ինչո՞ւ եք ժպտում, ինչո՞ւ եք նկարվում, ինչո՞ւ եք սրճարաններ գնում եւ այլն: Դա, ինձ թվում է, սխալ մոտեցում է: Ամեն մեկը վիշտն ի՛ր ձեւով է տանում: Ճիշտ այդպես՝ ամեն մեկն ի՛ր ձեւով է շփվում հարազատների հետ, ի՛ր ձեւով է անցկացնում իր ազատ ժամանակը, սիրում է ի՛ր նախընտրած երաժշտությունը, նայում է ի՛ր հավանած ֆիլմերը: Ոչ մեկս չի կարող ստանձնել դատավորի դեր եւ ասել՝ սա ճիշտ է, իսկ սա՝ սխալ:

Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը (ի դեպ, ոչ միայն տարիքով կանայք եւ ոչ միայն խոհանոցում) օրվա մեծ մասն անցկացնում է ուրիշի կյանքը քննարկելով:

Եվրոպայում մարդիկ ավելի զուսպ են: Մանավանդ՝ հյուսիսում: Ֆինլանդիայում, օրինակ, մարդիկ կարող են հավաքվել մի սեղանի շուրջ եւ լռել, այնտեղ ընդունված չէ «կիսվել դարդերով»: Սրճարաններում կարելի է հանդիպել մարդկանց, որոնք նստած են տարբեր սեղանների շուրջ եւ լռում են: Եվ քանի որ այնտեղ, ինչպես եւ ամբողջ Եվրոպայում, ընդունված է հարգել մասնավոր կյանքի իրավունքը, ոչ ոք չի փորձում մոտենալ եւ զրույց սկսել: Տառապանքը ֆինները նույնպես լուռ են տանում. այդ արիությունը օգնել էր նրանց արժանապատվորեն տանել ռուսական տիրապետությունը, բազմաթիվ արյունալի պատերազմները, ինչպես նաեւ անբարենպաստ եղանակային պայմանները: Բերտոլդ Բրեխտը հեգնանքով գրում էր ֆինների մասին, որ նրանք երկաթուղային կայարանում «լռում էին երկու լեզուներով»: Նկատի ունի՝ ֆիններեն եւ շվեդերեն:

Նշեմ, որ որոշ ժամանակ լռելը, լռության ուխտը ոչ միայն արեւմտյան, այլեւ արեւելյան համակարգերում համարվում է հոգեկան եւ նույնիսկ ֆիզիկական թերապիայի միջոց: Օրինակ՝ այուրվեդան՝ հնդկական ավանդական բժշկությունը, խորհուրդ է տալիս որոշ ժամանակով լռության ուխտ տալ՝ էներգիա հավաքելու համար: Քրիստոնեության մեջ նույնպես գոյություն ունի լռության ուխտի գաղափարը թե՛ ուղիղ իմաստով՝ աստվածային էության վրա կենտրոնանալու նպատակով, թե՛ փոխաբերական՝ խուսափել որոշակի թեմաներից: Ահա այդպիսի թեմաներ պետք է լինեն մարդու անձնական կյանքը, ընտանեկան հարաբերությունները, նվիրական զգացմունքները, եթե տվյալ անձնավորությունն ինքը նախաձեռնություն չի դրսեւորում նման թեմաներով խոսելու:
Բայց եթե եվրոպացիները մեկը մյուսի անձնական կյանքի մեջ քթները չեն խոթում, դա չի նշանակում, որ նրանք իրար նկատմամբ բարյացակամ չեն: Հակառակը՝ չափազանց բարյացակամ են, բայց միայն այն ժամանակ, երբ դիմացինը ցանկություն է հայտնում, որ դուք նրան ձեռք մեկնեք: Դա արվում է լուրջ, համակարգված՝ անձնական եւ հասարակական մակարդակով: Դպրոցը, համայնքը, եկեղեցին, տարբեր հ/կ-ները այնպես են կազմակերպում այդ օգնությունը, որ դրա «շահառուները» ոչ մեկին պարտական չեն մնում եւ ստիպված չեն «մեծ բարեգործներին» հրապարակավ շնորհակալություն հայտնել:
Անձնական, ընտանեկան խնդիրները քննարկվում են ոչ թե հարեւանների եւ բարեկամների միջեւ «չաչանակությամբ», այլ հոգեբանների հետ: Այդպիսով սահմանափակվում է այն անձերի քանակը, որոնց հասու է մարդկանց անձնական կյանքը, մյուս կողմից՝ դրա կարիքն ունեցողները շփվում են մասնագիտական հմտություններ ունեցող մարդկանց հետ:
Բամբասելով, քննարկելով, դատապարտելով՝ մենք կամա թե ակամա ցանկանում ենք մարդկանց վզին փաթաթել կյանքի մասին մեր պատկերացումները, մեր ստանդարտները: Իսկ դա, ի վերջո, աղքատացնում է իրականությունը: Եթե բոլոր մարդիկ իրար նման լինեին, ապա հնարավոր կլիներ մեկին փոխարինել մյուսով: Իսկ անհատականությունը, ինչպես հայտնի է, անփոխարինելի է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (7)

Պատասխանել

  1. Արթուր Ղազարեան says:

    Դիպուկ եւ ճիշտ նկարագրութիւն: Կարծէք ամբողջ կեանքը Եւրոպայում էք ապրել:

    Առաջին անգամ Եւրոպա էի գնացել (Շվեյցարիա): Մի օր, ուշ գիշերով հեծանիւիս շղթան կտրուեց: Ձեռքերս մազութի մէջ կորած, իբր սարքում եմ: Տասնեակ մարդիկ կողքովս անցնում էին ու ոչ մի ծպտուն, օգնութեան ոչ մի առաջարկ:

    Յաջորդ օրը «կիսանեղացած» հարցնում եմ գործընկերներիս՝ ինչո՞ւ էլի էդպէս:

    Բնական է,-պատասխանում են,- եթէ չես դիմում, իրենք մտածում են, որ դրա կարիքը չկայ 🙂

  2. Arshak says:

    էս ի՞նչ հեքիաթներ եք պատմում ենթադրյալ “եվրոպայի” մասին:
    իսկ միգուցէ ֆինները իրենց ատելի ռուսական տիրապետությունը տանում էին ալկաշությա՞մբ, ու մինչև հիմա Լենինգրադ են ժամանում նոստալգիկ տառապանքի դոզայի համար:
    դուք կյանքում ապրել եք՞ եվրոպական որևիցէ երկրում որպես այդ երկրի քաղաքացի: խոսքս տուրիստի կարգավիճակի մասին չէ:
    իհարկե ոչ: ու լավ կլինի, այդպիսի ընդհանրացումներ չանեք- կապված հայկական ու ինչ որ հեքիաթային -եդեական- Ոսկե քաղաքի մասին, որը դուք սովորություն ունեք անվանել Եվրոպա:
    Դուք թյուրիմացության մեջ եք գցում այն մարդուն, ով որ Հայաստանից դուրս չի ապրել:

  3. Arshak says:

    նչ վերաբերվում է հոգեբաններին դիմելուց: էլի ինչու՞ եք թյուրիմացության մեջ գցում մարդկանց:
    Հունաստանում մարդիկ լույսի փող չունեն որ մուծեն, բայց իրանց անձնական հարցերը հոգեբանների հետ են լուծում՞: նունը Իսպանիա, Պորտուգալիա, Իտալիա, Իռլանդիա…
    ինչ որ ծուռ հայլիների թագավորություն եք կառուցում ձեր թերթի էջերում

    • Գալուստ Ենոքյան says:

      Այ Արշակ, էդ ուղիղ հայելիները Մոսկվայից էս բերել տվել… մի քառասուն տարի առաջ Ամերիկայից մի բարեկամ հյուր էր եկել, մորեղբայրս ուրախ պատմում էր որ կնոջ հետ Մոսկվա էին գնացել ու Բուլղարական «մեբել» էին առել… էս հյուրը զարմացած հարցնում էր, էդքան հեռու ինչու էիք գնացել… միմա դու էլ ոնց որ շատ հեռու էս գնացել հայելիների համար…

  4. Seyran says:

    Պ.Աբրահամյան,միագամայն ճիշտ եք:Իմաստուտյունը ասւմ է,,ուրախությունդ բոլորի հետ կիսիր,վիշտդ ուրիշների վզին մի փաթաթիր,,:

  5. Ջիվան Նադարյան says:

    Շատ հետաքրքիր և ուսուցողական հոդված է, որը կարծում եմ հայերիս պետք է լուրջ մտածելու տեղիք տա:

  6. Գոռ Լևոնյան says:

    Ճիշտ ա Ջիվան
    դու որոշի թե որը պետք մտածելու տեղեիք տա-
    եթե իմաստն էլ հասկացելու որեմն զարմանալու ա որ համել խոր հուրդ ես տալի ու հորդորում-ով ինչ անի

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031