Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը թող պատմություն կարդա, իմանա՝ ինքը ծնունդով որտեղից է, նոր հետո հողերի օկուպացիայից խոսի»

Հունվար 26,2015 14:00

Ազատամարտիկները՝ շփման գծում լարվածության,
լիմոնադով Նոր տարին դիմավորելու եւ իրար ծեծելու մասին

Այս օրերին հայ-ադրբեջանական սահմանային գոտում իրավիճակը լարված է, պարբերաբար խախտվում է զինադադարի ռեժիմը: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռեւս այս տարվա սկզբում հայտարարություն էր տարածել, թե լրջորեն պատրաստվում են «օկուպացված հողերի վերադարձին»:

Այս առնչությամբ «Առավոտի» հետ զրույցում ազատամարտիկ, «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության» նախագահ Յուրա Միքայելյանն այսպես արձագանքեց այդ հայտարարությանը. «Օկուպանտներն իրենք են: Իրենք թող մի հատ պատմություն սովորեն: Իլհամ Ալիեւը մի հատ թող պատմություն կարդա, իմանա՝ ինքը ծնունդով որտեղի՞ց է, նոր հետո այդ հողերի մասին ու օկուպացիայից խոսա: Իրենք են օկուպանտները, մինչեւ Կիրովաբադ, մինչեւ Կասպից ծովը հայկական հող է: Բա ինչի՞ են ասել՝ Ծովից ծով Հայաստան: Իրենք թող մի հատ այդ պատմությունն իմանան, իրենց դրել են էշի տեղ, թե հայերն այս են անում: Դրա համար մեր ազգը պիտի միասնական լինի, մեր հզորությունը մեր միասնության մեջ է: Այսօր մեր հույսն ազգովի պիտի դնենք մենակ մեր վրա: Իսրայելը ոնց է, մի պուճուր պետություն է, տեսեք՝ ոնց է անում: Իրեն հարգում, սիրում են, մենք էլ պիտի այդպես լինենք: Մենք միասնական ու զարգացած ազգ ենք, դրա համար մեզ անընդհատ ուզում են քայքայել, դրսից փողեր են տալիս, ասում են՝ դու գնա կուսակցություն բացի, դու աղանդավորական ես, եկեղեցին քանդի, ու մեր ազգը մասնատում են: Մենք ստեղծող ազգ ենք, մեր մշակույթը թողել ենք, Եվրոպայի մշակույթն ենք նայում: Թող եվրոպացիք մի հատ Կոմիտաս նվագեն, իմանան՝ ինչ է մշակույթը: Այն ժամանակ հայերը որ ունեին գիր ու գրականություն, թատրոն, հլը Էյնշտեյնը ծառերի վրա էր ման գալիս»:

Վերջերս ազատամարտիկներ Ռազմիկ Պետրոսյանի, Մանվել Եղիազարյանի, Սուրեն Սարգսյանի միջադեպերից հետո գեներալ Սեյրան Սարոյանը ԱԺ-ում վստահեցրեց, որ ազատամարտիկների մոտ ընդունված է՝ խմում են ու իրար ծեծում: Մենք հարցրինք՝ իսկապե՞ս դա ձեզ համար նորմալ է, խմում եւ իրար ծեծո՞ւմ եք, թե՞ չէ: Յուրա Միքայելյանը եւ միության փոխնախագահ, ազատամարտիկ Արագած Մկրտչյանը միաբերան ասացին, որ գեներալ Սարոյանը ճիշտ է. «Մենք մեր ընկերների հետ դեկտեմբերի 31-ին Նոր տարին տոնել ենք լիմոնադով, որովհետեւ զենքով հերթապահություն ենք արել դիրքերում: Լիմոնադ ենք խմել, շամպայն էլ չենք խմել: Ինչի՞ համար՝ հենց դրա համար, որ այս սպոռները, վեճ ու դավիները չլինեն: Ճիշտ է գեներալ Սեյրանը: Սաղ կանտուզիա տարած տղերք են, երկու բաժակ խմում են, սկսում են պատերազմից խոսալ, մեկն ասում է՝ ես էսինչ թեժ կետում էի, մյուսն ասում է՝ այնտեղ չես եղել, ու վեճը պատրաստ է»:

Արագած Մկրտչյանը չի ընդունում այն ազատամարտիկներին, որոնք սոցիալական խնդիրների պատճառով իշխանությունների դեմ են դուրս եկել. «Այն ազատամարտիկները, որոնք իշխանափոխություն են ուզում անել, դրանք ազատամարտիկներ չեն: Ես իշխանափոխությանը միշտ դեմ եմ եղել: Գիտեք, մի պառավ թույնում է թագավորին, գալիս է տղեն, հարկերն ավելացնում է, ծեծուջարդ, խաբարը հասնում է թագավորին: Ասում են՝ սաղ դեմ են քեզ, այս պառավը մոմ է վառում քո համար: Թագավորը պառավին հարցնում է՝ ինչի՞ ես մոմ վառում, հարկերը բարձրացրել եմ, ծեծուջարդ: Պառավն ասում է՝ քո հորը ես եմ թույնել, որ գար լավը, էն էլ դու եկար: Թագավորին պիտի սիրել, որ ինքը հույս ունենա ժողովրդի վրա: Իշխանափոխությունս ո՞րն է»:

Հ. ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
24.01.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. david says:

    Ես անգրագետ եմ ահագին լուսավորվեցի է, հայեր:Էյնշտեյնի նման ծառի վրա եմ ու ձեր հանճարը չեմ ընկալում:Չեմ էլ հասկանում, թե բացի Կոմիտասից, շարականներից այլ բան արժե լսել, թե…Հա էն հորը թույնելու մասին էլ լավ ես ասում և հայերը պիտի մոմ վառեն սերժի համար, որ հերթն նրա չծնված տղուն չհասնի:Հանճարեղ եք է, նոր հասկացա:Վառեք մոմերը:Գոչեք`Կեցցե թագավորը և առաջ…Սիրեք թագավորին, հաղթահարեք 99% ատելության պատնեշը և մատաղվեք հանուն ձեր թագավորի:Չէ, որ նվիրյալ եք, ծառից կախված Էյնշտեյն չեք, քանի ծառից կախված չեք սուրբ նահատակներ դարձեք հանուն սերժի:Մոմ վառեք:

  2. Արթուր Ղազարեան says:

    Ո՞րն է աւելի նուասացուցիչ

    Ա. 2000 տարի առաջ թատրոն ունենալ ու այժմ չունենալ

    թէ՞

    Բ. 2000 տարի առաջ թատրոն չունենալ, բայց այժմ ամենալաւ թատրոնն ունենալ:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031